Կարծիք

25.09.2020 17:56


Տնտեսական անկումը շարունակվում է, իսկ իշխանությունը թիրախավորել է 2050 թվականը

Տնտեսական անկումը շարունակվում է, իսկ իշխանությունը թիրախավորել է 2050 թվականը

Օրվա իշխանությունը 2050 թվականի համար «ամենայն լրջությամբ» խոստացել է՝ միջին աշխատավարձի 7-ապատկում, 2,5 միլիոն մարդ լինելու է զբաղված, ՀՆԱ-ի 20-ապատկում, այսինքն՝ ՀՆԱ-ի տարեկան միջինը 10 տոկոսին մոտ աճի ապահովման խոստում:

Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն.

2018թ. ՀՆԱ-ի աճը կազմել է 5,2 տոկոս, 2019թ.՝ 7,6 տոկոս: 2020թ. հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6,4 տոկոսով՝ 0,7 տոկոսային կետով ավել, քան հունվար-հուլիսին:

Նման տեմպերի պարագայում 2020թ. կունենանք տնտեսական ակտիվության ցուցանիշի 10 տոկոսին մոտ անկում, որը գրեթե կչեզոքացնի 2018-2019թթ. այս ցուցանիշի հավաքական աճը:

Սպառման ծավալների կրճատման տեմպը շարունակում է աճել: 2020թ. հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրի շրջանառությունը կրճատվել է 11,5 տոկոսով, աճը 0,5 տոկոսային կետ: Այս նույն ցուցանիշը հունվար-հուլիսին կազմել է 11 տոկոս: Իսկ ծառայությունների ծավալը կրճատվել է 10,8 տոկոսով, աճը հունվար-հուլիսի նկատմամբ 1,5 տոկոսային կետ:

Ի դեպ, պաշտոնական վիճակագրությամբ պարզվում է նաև, որ 2020թ. հունվար-օգոստոսին առևտրի և ծառայությունների ոլորտներում ինտենսիվ աճել են աշխատողների թվաքանակն ու միջին ամսական աշխատավարձը՝ չնայած շրջանառության ծավալների էական կրճատումներին:

Օրերս էլ հայտարարվեց, որ ՀԴՄ շրջանառությունը կրճատվել է ընդամենը 2,5 տոկոսով:

Պարզ է՝ վիճակագրական այս ակնհայտ հակասությունը թվանկարչության հետևանք է:

Նախորդ տարվա համեմատ 2020թ. հունվար-օգոստոսի արդյունաբերական արտադրանքի ծավալի աճի ցուցանիշը կրճատվել է 0,4 տոկոսային կետով՝ ի համեմատ հունվար-հուլիսին գրանցված միևնույն ցուցանիշի: Ընդ որում, այս ոլորտում որոշակի աճը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության ծավալների և տնտեսության կառուցվածքում դրա տեսակարար կշռի առաջանցիկ աճով:

Դրականն էլ այն է, որ ճանապարհաշինության ծավալների կտրուկ աճի արդյունքում 2020թ. օգոստոսին՝ նախորդ ամսվա համեմատ շուրջ 30 տոկոսով ավելացել է շինարարության ծավալը: Կրճատման տեմպերի որոշակի նվազում է արձանագրվել արտաքին առևտրաշրջանառության ծավալներում:

Տնտեսական անկման այս ցուցանիշների ֆոնին հատկանշական է նաև, որ 2020թ. հունվար-օգոստոսին 7 տոկոսով աճել է պետական հատվածի միջին վարձատրությունը՝ նաև բարձրաստիճանների խնդրահարույց պարգևատրումների հաշվին: Ընդ որում, պետական հատվածում միջին աշխատավարձը կրկնակի անգամ ավելի արագ է աճել, քան մասնավոր հատվածում՝ ի հակառակ օրվա իշխանությունների տված խոստումների:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Այս խորագրի վերջին նյութերը