Մեկնաբանություն

25.09.2020 00:25


Կորոնավիրո՞ւսն էլ է «արձակուրդից» վերադարձել, թե՞ դեմը հանրահավաք կա, անհրաժեշտ է, որ «թվերն աճեն»

Կորոնավիրո՞ւսն էլ է «արձակուրդից» վերադարձել, թե՞ դեմը հանրահավաք կա, անհրաժեշտ է, որ «թվերն աճեն»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արձակուրդն ավարտվել է: Համենայն դեպս, կառավարության՝ սեպտեմբերի 24-ի նիստին նա ոչ միայն մասնակցում էր, այլև որոշակի տվյալներ հաղորդեց կորոնավիրուսի վարակի հետ կապված, ինչից հասկանալի դարձավ, որ կարծես էլի վարակվածների թվի աճ է արձանագրվում:

Ասենք, Նիկոլ Փաշինյանն էլ դրանից սկսեց կառավարության նիստը, նկատելով՝ կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրացում ունենք:

Իսկ ի՞նչ է փոխվել այս ընթացքում, բացի արտակարգ դրության ռեժիմի ձևական վերացումից և այն նույն տիպի կարանտինային ռեժիմով փոխարինելուց: Հիմնական նկատելի նորությունն այն է, որ սեպտեմբերի 14-15-ից դպրոցներում և բուհերում վերսկսվել են դասերը, ավելի ճիշտ՝ մեկնարկել է ուսումնական տարին:

Արսեն Թորոսյանը նշում է, թե իրենք վարակի թվային աճը դեռ չեն պայմանավորում դպրոցների բացվելով, բայց եթե առաջիկա շաբաթվա ընթացքում կտրուկ աճ լինի, կապելու են դպրոցների հետ: Սրա հետ մեկտեղ, նշվում է նաև բնակչության «շարժողունակության ավելացումը»:

Դե, գործող իշխանությունը կորոնավիրուսի վարակի հետ կապված արդեն որքան հնարավոր է, «համարձակ սխալներ» թույլ է տվել, ինչի հետևանքը այդ վարակի առումով երկրում ստեղծված կացությունն է: Բայց դա դեռ մի կողմ:

Ինչ վերաբերում է վերջին օրերին դիտարկվող աճին, ապա ճշմարտություն կարող է լինել այն հարցում, որ խնդիրը դպրոցների, բուհերի բացվելու հետ է կապված: Հնարավոր է:

Բայց մյուս կողմից, չկա ոչ մի կոնկրետ փաստարկում, որ նոր վարակվածները կապ ունեն դպրոցների կամ բուհերի հետ, այսինքն՝ դպրոցների աշխատակիցներ են, ուսուցիչներ, դասախոսներ, ուսանողներ, աշակերտներ կամ տեխանձնակազմի ներկայացուցիչներ:

Մյուս կողմից, դպրոցների բացվելու հետ կապված նման մտահոգություններ հնչում էին: Բայց արդյոք դպրոցների, բուհերի բացվելը ու դրանով պայմանավորված՝ մարդկանց շարժի ավելացու՞մն է պատճառը:

Ամենից առաջ, կարծում ենք, պետք է ուշադրություն դարձնել հասարակական տրանսպորտի վիճակին: Արդեն շատերն են ահազանգում, որ միկրոավտոբուսները քչացել են, որ դրա հետևանքով մարդիկ վերստին հայտնվում են «առաջացեք-խտացեք» տարբերակով լցոնված փոխադրամիջոցներում: Իսկ դա պարարտ հող է ցանկացած վարակի համար, այդ թվում՝ կորոնավիրուսի:

Այդ ամենից բացի, որքան էլ որ որևէ իշխանություն դրա մասին չերազեր, մարդիկ դեռևս բիոռոբոտներ չեն: Շարունակական «կարանտինը», դրա մոնոտոն «դիմակա» քարոզը և այլ «կորոնավիրուսային» ուղեկցող դրսևորումները, առանց չափազանցման, հոգնեցրել ու ձանձրացրել են շատերին:

Պետք է թերևս հաշվի առնել մեկ այլ հանգամանք ևս: Երբ տարբեր ղեկավարներ, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարում են, թե պետք է շարունակենք ապրել կորոնավիրուսի պայմաններում կամ «կորոնավիրուսի հետ», դա ինչ-որ տեղ թուլացնում է մարդկանց մի մասի զգոնությունը: Բայց միայն հայտարարելը չէ: Այդ վարակի առկայությունն աստիճանաբար ընկալվում է սովորական, առօրեական մի բան՝ դրանից բխող սովորականության հետևանքներով:

Բայց այս՝ կորոնավիրուսի վարակի դեպքերի աճի մասին կառավարության ներկայացուցիչների հայտարարությունները, չի բացառվում, որ այնքան էլ կապ չունեն կոնկրետ վարակի հետ: Մանավանդ, հաշվի առնելով, թե ինչ կարգի անձանց և պետության ղեկի մոտ հայտնված գործիչների մասին է խոսքը, չի կարելի բացառել, որ «վարակի աճի» մասին խոսակցություններն ընդամենը նպատակ ունեն թույլ չտալ ընդդիմության հոկտեմբերի 8-ի հանրահավաքը: Այ, եթե հանրահավաքը չեղարկվի, մեկ էլ հանկարծ ինչ-որ հրաշքով, համարյա այնպես, ինչպես մեկ շաբաթում վարակից բուժվեց Նիկոլ Փաշինյանը, կպարզվի, որ վարակը կրկին սկսել է նահանջել:

Փաշինյանի իշխանությունը որքան որ ապաշնորհ դրսևորվեց կորոնավարակի տարածման դեմ պայքարում, կրկնակի այդքան «շուստրիություններ» է արել՝ վարակային իրավիճակն իր նեղ-քաղաքական շահերին ծառայեցնելու համար:

Այնպես որ, նման իշխանությունից ինչ ասես՝ սպասելի է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը