Կորոնավիրուսի վարակակիրների թվի այնպիսի աճ չկա, ինչը կարող է լոքդաունի պատճառ դառնալ, միևնույն ժամանակ, կորոնավիրուսի երկրորդ ալիքն անխուսափելի է
Վերջին օրերին ներկայացված կորոնավիրուսի նոր վարակակիրների թվերից ստեղծվում է տպավորություն, որ գրանցվում է վարակակիրների թվի աճ, սակայն երբ համեմատում ենք վերջին 6 ամիսների տվյալներն, ապա տեսնում ենք, որ վարակակիրների թվի այնպիսի աճ չի դիտվում, ինչը կարող է նորից լոքդաունի անցնելու պատճառ դառնալ։
Այսպես՝ ապրիլ ամսին ունեցել ենք 1577 վարակակիր, ինչը կազմում է ընդհանուր թեստավորվածների մոտավոր 14,4 տոկոսը։
Մայիսին՝ 7232 վարակակիր՝ թեստավորվածների մոտ 22,8 տոկոսը։
Հունիսին՝ 16 139 վարակակիր՝ թեստավորվածների մոտ 37,3 տոկոսը։
Հուլիսին՝ 12 776 վարակակիր՝ թեստավորվածների մոտ 38,6 տոկոսը։
Օգոստոսին՝ 5037 վարակակիր՝ թեստավորվածների մոտ 20,3 տոկոսը։
Սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ 3999 վարակակիր՝ թեստավորվածների մոտ 7 տոկոսը։
Փաստացի, կառավարության անգործության հետևանքով լայն թափով տարածված կորոնավիրուսն այս պահին, կարելի է ասել, գրանցում է որոշակի բնական նվազում (եղանակային պայմաններ, իմունիտետի ձևավորում և այլն), ինչը կրելու է ժամանակավոր բնույթ, եթե կառավարությունը շարունակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարն օգտագործել քաղաքական նպատակներով։
Այսօր մենք կունենայինք կորոնավիրուսի դեպքերի էական նվազում, եթե ապրիլից-օգոստոս ամիսներին տարվեին հստակ աշխատանքներ կորոնավիրոսով հիվանդներին արագ հայտնաբերելու, թեստավորելու և մեկուսացնելու ուղղությամբ, ինչը չի արվել՝ չնայած այն փաստին, որ ընդունվեցին բոլոր անհրաժեշտ օրենսդրական կարգավորումները և ստեղծվեցին գործիքներն։ Այն ամիսներին, երբ անհրաժեշտ էր շուտ հայտնաբերել վարակակիրներին, արվել են էականորեն քիչ թվով թեստավորումներ՝ համեմատության համար՝ սեպտեմբերին արվել է 57128 թեստավորում, իսկ ապրիլին՝ 10909, մայիսին՝ 31684, հունիսին՝ 43218, հուլիսին՝ 33027, օգոստոսին՝ 24733։
Վերլուծելով կորոնավիրուսի դեմ կառավարության ոչ արդյունավետ պայքարը, կարելի է եզրահանգել՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքն անխուսափելի է, եթե իշխանությունը շարունակի ապաշնորհ գործողությունները և հստակ կանխարգելիչ միջոցների փոխարեն շոուների կազմակերպմամբ զբաղվի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի անվան ներքո լուծելով բացառապես սեփական քաղաքական նպատակների իրագործման հարցը։
Կորոնավիրուսի վարակակիրների թվի այնպիսի աճ չկա, ինչը կարող է լոքդաունի պատճառ դառնալ, միևնույն ժամանակ, կորոնավիրուսի երկրորդ ալիքն անխուսափելի է