Մեկնաբանություն

23.09.2020 23:25


Մտավորականի հարմարվողակա՛նն է լավ

Մտավորականի հարմարվողակա՛նն է լավ

Հայոց աշխարհում «բնակվում է» մտավորականների մի քանի տեսակ, որոնք իրարից տարբերվում են գործող իշխանությունների նկատմամբ լոյալության աստիճանով։

Կան մտավորականներ, որոնք միշտ ընդդիմադիր են եղել` քննադատել են բոլոր իշխանություններին, և դա նորմալ է. մտավորականը նրա համար էլ հենց մտավորական է, որ լավին լավ ասի, վատին` վատ, իր հեղինակավոր կարծիքը ներկայացնելով, օգնի ժողովրդին` տարբերելու թացը չորից, բացասականը մերժելու և խրախուսելու դրականը` այն, ինչը բխում է պետության, ժողովրդի շահերից և համահունչ է մեր ազգային, մշակութային, քաղաքակրթական արժեհամակարգին։

Կան մտավորականներ, որոնք խխունջի պես փակվում են իրենց պատյանում և անտարբեր դիտորդի պես հետևում իրադարձությունների զարգացմանը, կարծես դա իրենց չի վերաբերվում։

Եվ կան մտավորականներ, որոնք միշտ գործող վարչախմբի կողքին են. «ով էշ` ես փալան» սկզբունքով սազը ձեռքին` դիֆերամբներ են ձոնում օրվա իշխանություններին, անգամ եթե դրա կարիքը չի զգացվում։ Եվ այնքան սահուն են փոխում իրենց «գովաբանության առարկային», որ ուղղակի ապշում ես։

Այդ տեսակի ամենավառ «առանձնյակներից» մեկը սիրված երգերի հեղինակ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն է։

Պարոն Ամիրխանյանը «լավագույններից» մեկն է քամելեոնի պես «միջավայրին» հարմարվելու իր կարողությամբ։ Դրա համար էլ միշտ «ձիու վրա» է եղել` խորհրդային տարիներից սկսած, վերջացրած մեր «թավշյա, բարի» ժամանակներով. պարգևներ և պատվավոր կոչումներ է ստացել, նախորդ «քըխ» իշխանությունների օրոք, որոնց հետ հիանալի հարաբերությունների մեջ էր, ամբողջ 12 տարի` 1991-2013թթ. ղեկավարել է կոմպոզիտորների միությունը, եղել է ԱԺ պատգամավոր։

2018-ի «թավշյայից» առաջ հոգով-սրտով կողմ էր Սերժ Սարգսյանի վարչապետ առաջադրվելու որոշմանը։ Նախագահի «փոխարինիչ» Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո, մասնավորապես, պատասխանելով լրագրողների հարցերին, ամբողջությամբ արդարացված է համարել այդ որոշումը և, իր տեսակին հավատարիմ, հաճոյախոսել երրորդ նախագահին, թե բա` «Սերժ Սարգսյանի վերջին քայլը հանճարեղ քայլ է։ Էն, որ եվրոպական էկոնոմիկ սիստեմի մեջ պայմանագիր կարողացավ ստորագրել, ինչպես հաջողվեց Ռուսաստանի պրեզիդենտին համոզել, որ իր քայլը անհրաժեշտ քայլ է ոչ միայն Հայաստանի, ոչ միայն Եվրոպայի համար, այլև Ռուսաստանի համար։ Դա և շատ, շատ ուրիշ բաներ, եթե փնտրենք, կգտնենք»։

Անդրադառնալով մեր կյանքում «դեռևս» գոյություն ունեցող խնդիրներին, շեղել էր «հարվածի ուղղությունը»` ասելով. «Մեր կյանքի տեսակն այնպիսին է, այն արդյունքը, ինչի մեջ մենք պտտված ենք, մեծ զուգահեռի մեջ է աշխարհի և առհասարակ բոլոր երկրների հետ։ Էդ նույն արտագաղթի պրոցեսը, ես ոչ թե արդարացնում եմ, այլ ուզած որևէ երկրի մեջ այնպիսի չափերի է հասնում... ես դա չեմ մեղադրում կամ չեմ արդարացնում, այլ այնպիսի վիճակ է մեր կյանքը... ապրող մարդ է, ինչպես ուզած որևէ մարդու միշտ կարելի է և՛ գովաբանել, և՛ կարելի է փնովել։ Եթե ուզես լավ բանը տեսնել, լեցուն լավ բան կա, որը անձնապես ինձ օգնում է լավատես լինել, գրել երաժշտություն։ Եթե ուզում ես վատը տեսնես, միշտ վատը կա։ Ես ինձ սովորեցրել եմ իմ կյանքի մեջ չփորձել տեսնել վատ բաները։ Եվ էն ժամանակ իմ կյանքը կլինի լուսավոր»։

Այդպես ավելի հեշտ է և հարմար։ Ինչո՞ւ վատամարդ լինել, տեսնել վատը, խոսել այդ մասին, եթե կարելի է աչք փակել դրա վրա, հանգիստ նստել տեղը և ապրել` շառից-փորձանքից հեռու։

Հիմա՛ էլ նույն հարմարվողական գծի մեջ է` վատը չի նկատում, կյանքին նայում է վարդագույն ակնոցով, որևէ խնդիր չունի իր նախընտրած թեկնածուին աղմուկով «մերժած», գահընկեց արած ու վարչապետի պաշտոնն իրենով արած Փաշինյանի հետ։ Արտառոց ոչինչ չի տեսնում, որ «այսօրվա իշխանությունը» պառակտում է հասարակությունը, սև-սպիտակի բաժանում։ Ասում է` ի՞նչ է եղել, որ. «Նույն բանը տեղի է ունենում Միացյալ Նահանգներում, յուրաքանչյուր երկրի մեջ, որտեղ ինչ-որ զգացումներ բավարարված չեն, բոլոր տեղերում դա նորմալ է։ Այսօրվա իշխանությունը մեր ժողովրդին առաջարկել է ազնվաբարո կյանք, ապրել պարկեշտ, նվիրումով, ապրել ազնվորեն, եւ այդ մոդելի մեջ ինչ կա խոցելի, ես չգիտեմ»։

Իսկ այն, որ խնդիրներն, ինչպես կային, այնպես էլ մնում են, եթե չասենք` ավելի են խորացել, բոլորովին պատճառ չէ` իշխանությանը վատաբանելու համար. «Իհարկե, պրոբլեմներ միշտ էլ լինում են, ամեն տեղ պրոբլեմներ կան, բայց այսօր մեր խնդիրը ոչ թե այդ պրոբլեմների համար մեկին քարկոծելն է, այլ հավաքվել, միասնական դառնալ, որպեսզի կարողանանք մենք այդ պրոբլեմները միասնաբար լուծել։ Իսկ օգտվել առիթից, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ թերություններ կան, եւ դա դարձնել մատի փաթաթան ու դրանով փորձել քաղաքական որոշակի շահարկումներ անել, ես չեմ կարծում, որ շատ ճշգրիտ քայլ է ապրելու համար... Ես չեմ ընդունում այդ նեգատիվը, որպես այսօրվա հրատապ խնդիր։ Այո, մենք ունենք լիքը պրոբլեմներ, իսկ ո՞վ չունի այդ պրոբլեմները»։

Մի խոսքով, հանգի՛ստ վեր ընկեք տեղներդ, ավել-պակաս մի խոսեք ալամ աշխարհի հայոց վարչապետի մասին. «Վարչապետը պիտի շարունակի իր գործունեությունն այնպես, ինչպես ինքն անում է, մինչեւ որ մարդիկ իրենք հասկանան, որ իրենք ավելորդ են այս պահին՝ այն բարձրագոչ թերությունների գնահատականով, որը ոչ մի նշանակություն չի ունենում այսօր»։

Ինքը այդպե՛ս էլ անում է` օրվա վարչա(հրամայա)պետի արատավոր դրսևորումները չի տեսնում, եթե տեսնում է` չի բարձրաձայնում։ Ինչո՞ւ իզուր վատամարդ դառնա, եթե իր, ինչպես և մյուսների ասածը, «ոչ մի նշանակություն չունի» նրա համար. ով ինչ ասի` վարչապետն ի՛ր էշն է քշում։

Բոլորովին չի նեղվում վարչապետի տեղ-տեղ գողական փողոցային բառապաշարից, չի լսում վարչապետի գռեհկաբանություններն ընդդիմախոսների (ինչո՞ւ միայն ընդդիմախոսների`նաև իրեն ընտրած, իրեն սիրող, իրենով հպարտացող անգրագետ Պողոսների հասցեին), «ազնվաբարո» դիտարկումները աղքատությունը գլխից հանելու, ոչխար պահելու, մոշ հավաքելուց առաջ լեզուներ սովորելու` առնվազն ռուսերենի և անգլերենի ուժեղացված դասընթացներ անցնելու մասին։ Եթե լսում է` չլսելու է տալիս։ Մեղմ ասած` անհավասարակշիռ պահվածքը, պետության ղեկավարին անհարիր շարժուձևն ընդհանրապես աչքին չի գալիս։

Արտաքին քաղաքականության բացթողումների մեջ, որոնց պատճառով հայտնվել ենք պատերազմի շեմին, դարձել ծաղրի առարկա, իզգոյ երկիր, որի առաջ փակ են բոլոր դռները, օդային և ցամաքային ճանապարհները, չի խորանում. ասում է`ես հո «անալիտիկ» չեմ, որ մտածեմ նման խրթին «մատերիաների» մասին։

Տեսա՛կն է այդպիսին...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը