Մեկնաբանություն

24.09.2020 09:00


Աջակցել են Նիկոլին, բայց «նոր Հայաստանից» ուզում են հեռանալ Ռուսաստան

Աջակցել են Նիկոլին, բայց «նոր Հայաստանից» ուզում են հեռանալ Ռուսաստան

Հետևում էի արդեն երկար ժամանակ Ռուսաստան մեկնել ցանկացող ու, ըստ էության, այդ հնարավորությունն ստանալու պահանջով Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության մատույցներից չհեռացող հայրենակիցների բողոքի ցույցին: Արդեն հացադուլ անելու փուլին են հասել: Անասելի տխրեցնող վիճակ է իր բովանդակությամբ:

Խնդրեմ, կարող եք «Երևան թուդեյ»-ի մեր գործընկերների հրապարակած այս չմիջնորդավորված տեսանյութով համոզվել:

Ե՛վ դառը իրականություն կա այստեղ, և՛ վանող կեղծություն, և՛ վախ, և՛ մարդկայնորեն միանգամայն ընկալելի ցավ ու անհանգստություն:

Դառը իրականությունն այն սոցիալական վիճակն ու այն իրադրությունն են, որոնց մեջ հայտնվել են հարյուրավոր մարդիկ. իրենք՝ այստեղ, երեխաներն ու ամուսինները՝ Ռուսաստանում կամ հակառակը, բայց թե՛ այստեղ, թե՛ այնտեղ՝ խնայողությունները սպառած ու ֆինանսանյութական նեղության մեջ հայտնված վիճակում: Դառը իրականությունն այն է, որ մարդիկ ցանկանում են մեկնել Հայաստանից, ու նրանց չի տրվում «ազատ տեղաշարժի» այդ հիմնարար իրավունքը իրացնելու հնարավորություն: Համավարակ է, սահմանները փակ են, չվերթներ չկան:

Ի դեպ, կորոնավարակի հետ կապված, հայտարարվեց, որ Ռուսաստանը բազմաթիվ երկրների հետ վերականգնում է կանոնավոր ավիաչվերթները: Բայց «բազմաթիվ»-ի մեջ Հայաստանը չկա: Դե, դա էլ երևի նրանից է, որ Հայաստանի «թավշյա» կառավարությունը, իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի կամ ինչպես տեսանյութում արտահայտվող բողոքավոր մարդիկ էին հատուկ ընդգծում՝ վարչապետի գլխավորությամբ չափազանց «արդյունավետ» պայքար են մղել կորոնավարակի դեմ: Այնքան «արդյունավետ», որ ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Եվրոպայում չեն շտապում Հայաստանի հետ կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնելու հարցում:

Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը՝ ցուցարարների «սրտի վարչապետն» ասում է, թե երկրներ կան, որ հատուկ կեղծում են իրենց կորոնավարակային ցուցանիշները: Համենայն դեպս, «թողեք, թողեք, թողեք՝ մենք գնանք» պահանջող բողոքավոր-ցուցարարների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն էլի այդ կեղծարարության մասին է խոսել, ու բավականին տպավորիչ, քանի որ նրա հետ հանդիպած բողոքավորները մի երկու անգամ դա հատուկ շեշտեցին:

Կեղծության մասին: Հայաստանից հացադուլ անելով Ռուսաստան մեկնել պահանջող մեր հայրենակիցները, ի դեպ, ոչ միայն նրանք, պետք է ընդգծել, հենց հայտնվում են տեսախցիկների ու խոսափողների առաջ, շուտասելուկի նման, որպես կանոն, հավաստիացնում են, որ աջակցել ու շարունակում են աջակցել Նիկոլ Փաշինյանին, որ «փողոցներ են փակել», որ «հեղափոխություն են արել»...

Առհասարակ, Ռուսաստանում ապաստանած, տեղավորված, հաստատված շատ հայրենակիցներ կան, որ հենց խոսք է բացվում (սոցցանցերում լինի, թե Հայաստանը չլքած ծանոթ-բարեկամների հետ զրույցներում) մի այլ կարգի, ինչպես ասվում է՝ «կրծքով պաշտպանում են» Նիկոլ Փաշինյանին, «ուշագնած են լինում» նրա համար:

Ի՞նչ կարելի է ասել այս առնչությամբ: Բոլոր նրանց, ովքեր ուշագնաց են լինում իրենց «դուխով» «փրկչի» համար, պետք է հարկադրաբար վերադարձնել Հայաստան: Արդար չի, էլի, մարդիկ աջակցում են Փաշինյանին, բայց ուզում են շարունակել «հեռվից սիրել»: Պետք է շտկել այդ անարդարությունը և նրանց բոլորին անխտիր վերադարձնել «նոր Հայաստան»: Երկրորդը, մարդիկ, ովքեր արդեն այստեղ խոստովանում են, որ աջակցել են ու աջակցում են Փաշինյանին, որ «փողոց են փակել», «կաթսա զարկել», մի խոսքով՝ «հեղափոխություն արել», ահա այդ հարգելի ու սիրելի հայրենակիցներին պետք է օրենքով ու կտրականապես արգելել, որ Հայաստանից մեկնեն այլ վայր՝ ապրելու և աշխատելու նպատակով: Թե չէ ի՞նչ է ստացվում. իրենք «հեղափոխություն են արել» ու չեն ուզո՞ւմ իրենց արածի պտուղները վայելել: Ո՞ւմ են թողնում, «հեղափոխություն չանողների՞ն», հակահեղափոխականների՞ն:

Գուցե ասվածն անմարդկային է հնչում, բայց ամեն դեպքում՝ այդպես ավելի արդար կլիներ, քան այն, որ «Նիկոլին աջակցողներն» ուզում են հեռանալ «նոր Հայաստանից»:

Ավելին, երբ ցուցարարները (ոչ միայն կոնկրետ այս դեպքում) խոսքը սկսում են Նիկոլ Փաշինյանին աջակցելուց, շարունակում «պարոն վարչապետը, պարոն վարչապետը...» ասելով, կեղծությունը աչքի է զարնում: Այն իմաստով, որ հասկանում ես, այդ մարդիկ վախեցած են (պարտադիր չէ, որ անհատապես որևէ մեկը նրանց վախեցրած լինի), համենայն դեպս զգուշանում են, խորամանկության են դիմում, և այդպես են ասում՝ ապահովագրվելով փաշինյանական ոստիկանության վայրագություններն իրենց մաշկի վրա զգալու կասկածելի «հաճույքից»: Ասել կուզի՝ «մենք լավ ցուցարարներ ենք, մենք «սվոյ» ցուցարարներ ենք, մենք հակահեղափոխական ու «սև» ցուցարարներ չենք... լավ, էլի, մեզ ասֆալտի չփռեք, էլի... տեսեք, դաժը դիմակ ենք դրել...»:

Ամեն դեպքում՝ տխուր է, անասելի տխո՛ւր:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը