Մեկնաբանություն

23.09.2020 18:09


Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստվում է նոր արկածախնդրության, իսկ Հայաստանում...

Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստվում է նոր արկածախնդրության, իսկ Հայաստանում...

Նույնիսկ ոչ փորձագետին ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը՝ «կիրթ ու կառուցողական» Իլհամ Ալիևի գլխավորույթամբ ու, նկատենք՝ Թուրքիայի և Էրդողանի ցուցադրական ակտիվ «դամքաշությամբ», պատրաստվում է նոր արկածախնդրության: Պարզ ասած՝ պատերազմի կամ լայնածավալ մարտական գործողությունների հրահրման՝ «շփման գոտու» առանձին վերցրած որևէ ընդգրկուն տեղամասում:

Պետք չէ տարածաշրջանում ու անմիջականորեն մեր սահմանների մոտ իրադարձությունների ընթացքին և զորաշարժերին սիստեմավորված հետևող մասնագետ լինել դա նկատելու համար: Այնքան ակնհայտ են Ադրբեջանի ու նաև Թուրքիայի իշխանությունների «շարժումները», որ չնկատել դրանք ուղղակի անհնար է:

Պատերազմական ակտիվ նախապատրաստության մասին են հուշում ինչպես Ադրբեջանի իշխանության ղեկավարի՝ արտաքին-քաղաքական հարթակներում ունեցած ելույթների հռետորաբանությունը, այնպես էլ՝ կոնկրետ գործողությունները, լինեն դրանք պահեստազորի հավաք, երկրում եղած ամենագնաց և պիկապ թափքով մեքենաների գույքագրում-վերահաշվառում, թե նմանօրինակ այլ բան: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վերջին շրջանի ակտիվությունից թերևս արժե նշել ադրբեջանական զինուժի հերթական կորստի վերաբերյալ արձագանքը: Հարցն այն է, որ նախկինում, անգամ նկատելի սահմանային միջադեպերի ժամանակ, Թուրքիան այդ կարգի ցուցադրաբար չի արձագանքել: Իսկ երբ թշնամիների վարքը սկսում է շեղվել կամ տարբերվել նախկինում դրսևորածից, ըստ որում՝ շեղվում է դեպի ագրեսիվացում, ապա թերևս պարզ է, թե դա ինչ է հուշում:

Բայց դա հարցի մի կողմն է: Մյուս կողմն էլ այն է, որ Ալիևը (վերստին նշենք՝ թուրքական «դամքաշության» պայմաններում) ջանում է հնարավոր հետագա սրացումների մեղքը «գլխանց» բարդել Հայաստանի, առհասարակ, հայկական կողմի վրա: Ընդհանուր առմամբ հասկանալի է, որ Ալիևի ագրեսիվ հռետորաբանության նպատակը իր հնարավոր ելուզակության համար արտաքին-քաղաքական ֆոնային պլացդարմ ապահովելն է, ինչպես նաև՝ Հայաստանի «գրպանը պատերազմի պատասխանատվություն գցելը», եթե կարելի է այդպես ասել:

Հետաքրքիր է, թե գոնե երևացող հատվածում ինչով է զբաղված մեր երկրի քաղաքական իշխանությունն զբաղեցնող «կամանդը», մինչ Ադրբեջանը ցուցադրաբար պատրաստվում է պատերազմական գործողությունների կամ («լավագույն դեպքում») սպառնում է պատերազմով՝ ոչ պատերազմական զարգացումներում նպաստավոր դիրք ստանալու համար:

Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ձգտում է քարոզչական ու քաղաքական առավելագույն դիվիդենտները քաղել, այս դեպքում ճիշտ կլինի ասել՝ քամել սահմանագոտի-առաջնագծի Տավուշի հատվածում երկու ամիս առաջ ծավալված մարտական գործողություններից: Եթե չափի զգացման վերջին միլիմետրերն էլ կորցնեին, իշխանական քարոզիչները Փաշինյանին գեներալիսիմուս էլ կհռչակեին: Դե, եթե Աստծո և Քրիստոսի հետ համեմատում են, գեներալիսիմուսն ի՞նչ է, որ «դուխով» կեպիի վրա չսոսնձեն: Կամ միգուցե դա թողել են ապագայի, ասենք՝ 2028-33 թվականների համար: Իսկ Փաշինյանի տիկինն էլ՝ Աննա Հակոբյանը, որ ոչ այնքան վաղուց Մեհրիբան Ալիևային «թեյ խմելու» էր հրավիրում և «խաղաղություն քարոզում», զբաղված է «կանանց գումարտակ» ձևավորելով: Դա միգուցե լավ է նայվում գլամուրային ամսագրերի շապիկների նկարների վրա, բայց գործնականում, քարոզչականից բացի, այլ իմաստ չունի: Ոչ թե այն պատճառով որ կանանց մասին է խոսքը, ամենևի՛ն: Հայոց բանակում նոր չէ, որ կան կին-զինծառայողներ, այդ թվում ամենամարտական խնդիրներ կատարող ստորաբաժանումներում էլ: Տվյալ դեպքում հարցն այն է, որ նման ձեռնարկումները հազիվ թե կարող են կարճ ժամանակահատվածում ռեալ արդյունք ապահովել:

Հա, ու աշխարհազոր ձևավորելու նախաձեռնությունն է, որի գաղափարաքաղաքական ու գործնական բովանդակությունը հակադարձ համեմատական է «աշխարհազոր» բառի հնչեղ արտասանությանը:

Վստահ ենք, որ մեր Զինված ուժերը, ամեն պարագայում, լիովին տիրապետում են իրավիճակին ու զբաղված են շատ ավելի կոնկրետ ու արդյունավետ գործերով, քան պետության կառավարման ղեկի մոտ հայտնված պատահական անձինք:

Ցանկացած դեպքում, ընդհանուր իրավիճակը ոչ թե պարզապես մտահոգիչ է, այլ սահուն հակվում է դեպի վտանգավոր բնորոշումը:

Ցավալի է, բայց նման տարբերակով դեպքերի զարգացմանը, հակառակորդների նպատակային քայլերից զատ, նպաստել է և վերջին երկու-երկուսուկես տարվա ընթացքում Հայաստանի իշխանության, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի վարած, եթե կարելի է ասել՝ արտաքին քաղաքականությունը (դեռ ներքինը չհաշված): Դա և՛ Արցախի հիմնախնդրին վերաբերող հակասական հայտարարություններն են, և՛ թշնամու հանդեպ անհարկի ու չարդարացված, այսպես ասենք՝ «հարգալից-գովասանքային» դրսևորումները, և՛ խաղաղասիրական քարոզները, և՛ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների նկատելի խարխլումը, և՛ կոնկրետ բովանդակություն առաջարկելու փոխարեն «գունավոր հեղափոխության» բրենդի վրա Արևմուտքի ու ԱՄՆ-ի տարածաշրջանային «աչքի լույս»-«պուպուշիկ» ընկալվելու ցնորքը:

Ի լրումն, իրականացվել է այնպիսի քաղաքականություն, որը հակառակորդին թույլ է տվել մտածել, թե եկել է հարմար պահ Հայաստանի վրա գրոհելու համար:

Մենք, իհարկե, այլ հնար չունենք, քան դիմակայելն ու հաղթելը, քանզի հակառակը նշանակում է վերացում ու բնաջնջում: Բայց մենք նաև արկածախնդրական շեղումների մեջ ընկնելու տեղ էլ պիտի որ չունենայինք:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը