Մեկնաբանություն

23.09.2020 08:55


Որդեգրվել է «Ադրբեջանի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» սկզբունքը

Որդեգրվել է «Ադրբեջանի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» սկզբունքը

Եվ այսպես, ադրբեջանցիները փութաջանորեն պատրաստվում են ռազմական նոր արկածախնդրության և դրան ընդառաջ` տոտալ քարոզչական, ապատեղեկատվական արշավ են սկսել Հայաստանի և Արցախի դեմ։

Ամենօրյա ռեժիմով, քափ-քրտինք մտած, սուտ լուրեր են տարածում «Թովուզի շրջանում» իբր հայերի արձակած գնդակներից զոհված զինծառայողների, Արցախում «քուրդ զինյալների» դեսանտ իջեցնելու մասին, հայկական կողմին մեղադրում են սահմանային սրացումներ սադրելու, «բանակցությունները փչացնելու» մեջ` առաջին դեմքի մակարդակով շահարկելով ավելի քան մեկ տարի առաջ Ստեփանակերտում Փաշինյանի արած «դուխով» հայտարարությունը` «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», և Աննա Հակոբյանի` ավտոմատն ուսին Արցախի լեռներում «ֆռֆռալու» փաստը։

Այդ ամենը հաշված րոպեներ անց հայտնվում է թուրքական մամուլում և արժանանում «կոշտ հակազդեցության»`Հայաստանի «ռազմատենչությունը» դատապարտող պաշտոնական հայտարարությունների, փոքր եղբոր հետ համերաշխության «ցույցերի», «խելքը գլուխը հավաքելու», «կրակի հետ խաղալը դադարեցնելու» կոչերի տեսքով։

Դե, իսկ Հայաստանի անկախության օրն Ալիևը նշանավորեց` ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված «բարձր մակարդակի առցանց նիստում» հղում անելով «աշխարհազոր» ստեղծելու ՊՆ նախաձեռնությանը և ներկայացնելով դա որպես Ադրբեջանի դեմ «նոր ագրեսիայի» նախապատրաստություն։ Որ ոչ մեկին քիչ չթվա, «անտիուտոպիական» այդ թեզը փորձեց ամրապնդել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին վերագրված «թևավոր» արտահայտությամբ`«Նոր պատերազմ նոր տարածքների համար», և հայկական կողմին ամբաստանեց ահաբեկչություններ իրագործելու նպատակով Ադրբեջան դիվերսիոն խումբ ուղարկելու մեջ։

Ավելացնենք Ալիևի մեղադրանքներն` ուղղված Փաշինյանին, «սենսացիոն» բացահայտումները, թե Նիկոլն իրեն բա՛ն է խոստացել` խնդրել է չկրակել, ժամանակ տալ` ընդդիմախոսների հախից գալու և բարենպաստ դաշտ ստեղծելու Ադրբեջանի համար ընդունելի «կարգավորումն» առաջ տանելու համար, ու չի արել` խախտել է պայմանավորվածությունը, տապալել բանակցային գործընթացը, և պատկերը կամբողջանա։

Իսկ ի՞նչ է ասել` ինչպե՞ս է հակադարձել Փաշինյանը «կառուցողական գործընկերոջ» մեղադրանքներին։ Ոչի՛նչ, բացի նրանից, որ նույն ՄԱԿ-ի «առցանց ամբիոնից» հերթական ոչինչ չասող անատամ հայտարարությունն է արել ինքնորոշման իրավունքի ոչ թե ճանաչման, այլ` ընդամենը «չմերժելու» կարևորության մասին։ Թե բա` «Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների: Դա խորապես կհակասեր Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար արժեքներին և միջազգային աշխարհակարգի պատմական էվոլյուցիային»։

Եվ «սովորույթի ուժով» խաղաղություն է մուրացել ոչ այն է` ՄԱԿ-ից, ոչ այն է` մեզ օկուպանտի պիտակ կպցրած, «հարաճուն ագրեսիվության», ընդհուպ` իր դեմ ռազմական նոր էսկալացիա սկսելու նկրտումների մեջ մեղադրող հակառակորդից. «ՄԱԿ-ի համակարգի համար մեկ այլ հիմնարար արժեք է միջազգային հարաբերություններում սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելումը, որը գլոբալ խաղաղության և անվտանգության պահպանման հենասյունն է և կայուն զարգացման գլխավոր նախապայմանը», «Այսօր, ինչպես և 75 տարի առաջ, ՄԱԿ-ի հիմնական խնդիրն է ապահովել խաղաղություն և խթանել համերաշխությունն ու համագործակցությունը հանուն կայուն զարգացման նպատակների», ու էլի նման բաներ:

Ադրբեջանի բացահայտ սադրիչ քաղաքականության` հուլիսյան արկածախնդրության, Մեծամորի ատոմակայանը պայթեցնելու, Երևանը և հայկական «գերության» մեջ գտնվող ադրբեջանական մյուս «պապենական հողերը» վերադարձնելու սպառնալիքների, մանկապարտեզային տարիքից երեխաներին հայերի նկատմամբ ոչնչացնող ատելություն և արյունարբու տրամադրություններ սերմանելու մասին` ոչ մի խոսք։ Վախեցել է անգամ Ադրբեջանի անունը տալ։

Սա՛ է «դուխով» արտաքին քաղաքականությունը, որ «զրոյից ստեղծելով»`բերել, երկիրը հասցրել է աղետալի մի հանգրվանի, երբ Թուրքիան իրեն արդեն «հակամարտության կողմ» է հռչակում և ուղիղ տեքստով ասում` Ղարաբաղի խնդիրը մե՛ր խնդիրն է. Ադրբեջանն ինչ էլ անի, սարի պես մեջքին կանգնած ենք, պատրաստ` հոշոտելու «ընդհանուր թշնամուն»։

Սրա՛ն է հասել`մերժելով «օտարի կոշիկները լիզելու ռազմավարությունը» և ամեն ինչ «իր կետից» սկսելով` փչացնելով հարաբերությունները բոլորի հետ, վանելով ռազմավարական դաշնակից Ռուսաստանին ու մնալով մենակ, ինչպես Տեր-Պետրոսյանը` ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովից առաջ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը