Մեկնաբանություն

22.09.2020 16:50


Ամուլսար–2050․ Նիկոլի թվերը

Ամուլսար–2050․ Նիկոլի թվերը

Երբ մարդը կոնկրետ բանով չի կարողանում զբաղվել, միկրոֆոնը վերցնում է ու դուրս գալիս բեմի վրա։

Երբ մարդը միկրո է իր էությամբ ու կոմպլեքսավորված դրանից, պատահաբար մեծ դիրքի հասնելուց հետո փորձում է մեգածրագրերից խոսել, որպեսզի հաղթահարի սեփական հոգեբանական տվայտանքները։

Երբ մարդը ստախոս է ու զգում է, որ իր մանր ստերն այլևս չեն անցնում, հրամցնում է մեգաստեր, քանզի գիտի, որ ինչքան մեծ լինի սուտն այնքան շատ մարդ դրան կհավատա։ Արդյունքում՝ ծնվում է «Հայաստան–2050» ծրագիրը, որտեղ բաժակաճառերի պակաս չկա, սակայն կա կենացային թիրախներին հասնելու քայլերի բացակայություն։

Երբ մարդը արագաչափերի բլեֆով եկել է իշխանության, դրանից հետո ոչ թե վերացրել է արագաչափերը (ինչպես որ խոստացել էր), այլ ավելացրել դրանք, մնում է 2050–ին սպասվող ոսկե անձրևի խոստում տալը։

Ծիծաղելին այն է, որ 30 տարվա ռազմավարությունից խոսում է մեկը, ով, օրինակ, երկու տարվա մեջ չի կարողացել կոնկրետ որոշումներ կայացնել կամ էլ կայացրած որոշումներին տեր կանգնել։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Ամուլսարի ոսկու հանքի պատմությանը։

Հանքը երկու տարի է օկուպացված է անհայտ անձանց կողմից։ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել բացել ճանապարհները, բայց նրան օկուպանտները «պասլատ» են արել։ Նիկոլը դրանցից վախեցել է և օդում կախված թողել հարցը։ Մինչդեռ ամեն ինչ շատ պարզ է՝ եթե հանքը վնաս է Սևանին ու Ջերմուկին, ապա չպետք է շահագործվի, իսկ եթե վնաս չէ, ապա պետք է շահագործվի ու Հայաստանն իմիջային խայտառակությունից մի կերպ դուրս գա։

Նիկոլը ոչ այս կողմ է կանգնում, ոչ այն։ Հանքի շահագործման ոդիսականին լուծում տալու համար նա 400 հազար դոլարի չափով մսխեց հարկատուներիս փողերը և պարզեց, որ հանքը ջրերին վնաս չէ, բայց դրանից հետո էլ որոշում չկայացրեց։ Ավելի ճիշտ՝ կայացրեց, բայց «թսիկություն» արեց ու ռիսկ չարեց հանքի ճանապարհը բացել։ Ու մինչև հիմա չի կարողանում այս մարդը որոշել, թե ինչպես վարվել հանքի հետ, բայց ռազմավարություն է ներկայացնում, որտեղ նշված է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է լինի, բայց պետք է լինի բարձր տեխնոլոգիական մակարդակի։

Զավեշտն այն է, որ Հայաստանի բոլոր հանքերը, որոնք հին տեխնոլոգիաներով են շահագործվում, խնդիր չունեն։ Փոխարենը խնդիր ունի «Լիդիանը», որը նույնիսկ «բնապահպանիստ» աշխատողների կարծիքով է ամենաարդիական տեխնոլոգիաներով Հայաստանում առաջինն ու միակը, բայց արի ու տես, որ չի շահագործվում։ «Լիդիանն» առաջինն ու միակ էր նաև միջազգային բորսայում ցուցակված լինելու հարցում, բայց դա էլ ոչնչացվեց հեղափոխական տեխնոլոգիաներով։

Քանի՞ կոպեկ արժեն այդ դեպքում Նիկոլի թվերը, որոնցով նա կերակրում է իրեն հավատացողներին, թե բա 25 օլիմպիական ոսկե մեդալ ենք բերելու։ 2050–ին։ Գըմփ–գըմփ–հո՛ւ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը