Մեկնաբանություն

22.09.2020 14:59


Արայիկ Հարությունյանը ստախո՞ս է, միամի՞տ, քծնո՞ղ, թե՞ բոլորը միասին

Արայիկ Հարությունյանը ստախո՞ս է, միամի՞տ, քծնո՞ղ, թե՞ բոլորը միասին

Նիկոլ Փաշինյանին անհարմարության աստիճանի քծնող Արայիկ Հարությունյանն Արցախում նախագահ է աշխատում։ Ավելի ճիշտ՝ նախագահի պաշտոնում է հայտնվել ճիշտ պահին ճամբարափոխ լինելու և այլ հատկանիշների շնորհիվ։

Հարությունյանը շատ ճկուն գործիչ է։ Երիտասարդ տարիքում նա ճկվել է գործարարներ Գուրգեն Արսենյանի ու Բարսեղ Բեգլարյանի առաջ։ Վերջինիս միջոցով հասել է Արցախի վարչապետի պաշտոնին՝ դրանից հետո գերճկվելով Սերժ Սարգսյանի առաջ ու մտնելով Բակո Սահակյանի համապատասխան վայրը։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ չի ճկվել, բայց ոչ թե չուզենալու, այլ չկարողանալու պատճառով․ քաշը չէր հերիքում։

Հիմա Արայիկ Հարությունյանն այնքան է ճկվել Նիկոլ Փաշինյանի առաջ, որ արդեն կոտրվել է։ Կոտրվածության արդյունքում Հարությունյանը ստիպված է կա՛մ ստել, կա՛մ անգրագիտության գոհարներ հրամցնել, կա՛մ պարզապես բացահայտել սեփական միամտությունը։

Ո՞վ է Արայիկ Հարությունյանը

Հարությունյանը միշտ համաձայն է Փաշինյանի հետ։

ՀՀ վարչապետն ասում է, որ պաշտոնական Երևանը Ղարաբաղի հարցով չի կարող բանակցել Ադրբեջանի հետ, քանզի չունի նման մանդատ, չի ներկայացնում ղարաբաղցիներին և, հետևաբար, բանակցային սեղանի շուրջ պետք է նստի պաշտոնական Ստեփանակերտը։ Փաշինյանն, ըստ այդմ, աշխարհին փորձում է համոզել, որ Արցախը Հայաստան չէ, և վե՛րջ։ Այսինքն՝ Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից ու բանակցությունները գցում ղարաբաղցիների գրպանը։ Հարությունյանը համաձայն է այս գծի հետ։

Պոպուլիստական և այլ նկատառումներից ելնելով Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ Արցախը Հայաստան է, և՛ վերջ։ Հարությունյանը նրա այս գծին էլ է համաձայն։

Հարությունյանը համաձայն է նաև Փաշինյանի այն տեսակետի հետ, ըստ որի՝ Ղարաբաղի խնդրի լուծումը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին։

Ինչպես հասկանում եք, Փաշինյանի բոլոր իրարամերժ տեսակետների հետ Հարությունյանի տեսակետը նույնական է, ինչը հուշում է այն մասին, որ Հարությունյանը պարզապես աթոռի խնդիր է լուծում, այլ ոչ թե տեսակետ հայտնում։ Իսկ երբ տեսակետ է հայտնում, ապա ստիպված է լինում ցույց տալ իր անգրագիտությունը, իսկ երբեմն նաև՝ ստախոսությունը։

Ստախոսությունը վերաբերում է Հայաստանի ու Արցախի իշխանությունների հարաբերություններին։ Հարությունյանը հայտարարում է, որ ինքն ինքնուրույն է և ազատորեն է հարաբերվում Երևանի հետ և երբեք Արցախի նախագահն այսքան ինքնուրույն չի եղել Երևանից, քան հիմա։ Սակայն իրականությունն այն է, որ այսպիսի անդեմ և ճկվածությունից կոտրված ղեկավար Արցախը 1991–ից այս կողմ չի ունեցել։

Այնպես չէ, որ Արցախի նախորդ ղեկավարները Երևանի հետ «դու»–ով են խոսել, բայց Ստեփանակերտը միշտ ունեցել է իր տեսակետը հատկապես պատերազմի տարիներին ու դրանից հետո։ Ի վերջո չմոռանանք, որ և՛ Քելբաջարի հանձնման պահանջի հարցում, և՛ բանակցային գործընթացի փուլային լուծման առաջարկի ժամանակ Ստեփանակերտը դեմ գնաց Լևոն Տեր–Պետրոսյանի առաջարկին, ու տեղի ունեցավ 1998–ի իշխանափոխությունը։

Արցախի ներկա նախագահը չի հասկանում, որ երբ հայտարարում է, թե Երևանի ու Ստեփանակերտի տեսակետները հակամարտության կարգավորման հարցում նույնական են, պարզապես ծիծաղ է առաջացնում և ցույց տալիս մարտավարական անգրագիտությունը։

Նախ պաշտոնական Երևանն այժմ չունի հստակ տեսակետ Արցախի հարցում և ուրեմն անհասկանալի է, թե ինչի հետ է նույնական Հարությունյանի տեսակետը։

Բացի այդ՝ բանակցային նրբություններն այնպիսին են, որ Ստեփանակերտը պետք է միշտ ավելի կոշտ և անզիջում դիրքորոշում ունենա, քան Երևանը։ Եթե հայտարարում ես, որ նույնական ես Երևանի հետ, ապա զրոյացնում ես մանյովրի հնարավորությունները։

Վտանգավոր է Արցախի նախագահի պաշտոնում կենցաղային մտածողությամբ ու գավառական քծնանքով աչքի ընկնող մարդ ունենալը։ Հարությունյանը հայտարարում է, թե բա երազում եմ, թե երբ եմ լինելու Փաշինյանի ենթական։ Ուզում է ասել, որ երազում է մեր զույգ պետությունների միավորման մասին։ Այն, որ բոլորիս մտքերում ու հոգիներում Հայաստանն ու Արցախը մեկ մարմին են, դա աներկբա է, բայց կան քաղաքականություն, բանակցային գործընթաց և միջազգային խաղի կանոններ։ Եթե սրանք հաշվի չես առնում, ապա կենցաղային մտածելակերպդ ու գավառական քծնանքդ կարող են վնասել և՛ Հայաստանին, և՛ Արցախին։

Մի խոսքով, Հարությունյանը ճիշտ կանի քաղաքական ու բանակցային թեմաներից չխոսի, այլ զբաղվի իր բիզնեսով-բանով, մինչև Երևանում քաղաքական իրավիճակ փոխվի ու իրեն իր իսկական տեղը ցույց տան։

Պետրոս Ալեքսանյան

ՀԳ Արայիկ Հարությունյանին ինչ-որ մեկն Անգլիայի վարչապետ Չերչիլի խոսքերն է սովորեցրել, բայց չի սովորեցրել, թե երբ և որտեղ այդ խոսքերն օգտագործել։ Նրան չեն հուշել, որ խելոք մարդկանց մտքերը կրկնելով՝ խելոք չես դառնում, իսկ երբեմն դառնում ես զավեշտալի։

Հարությունյանն անդրադառնում է Մադրիդյան սկզբունքներին ու հայտարարում, թե բա Չերչիլն ասել էր, որ նա, ով խաղաղություն է աղերսում խայտառակության գնով, ապա ստանում է և՛ պատերազմ, և՛ խայտառակություն։

Չերչիլը ճիշտ է ասել, բայց դա Փաշինյան–Հարությունյան զույգի գործունեությանն է վերաբերում։ Փաշինյանն ու նրա կինն են երկու տարի խաղաղության աղավնի խաղում։ Նրանք են հայտարարում, որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի, որ Մեհրիբանը կարող է գալ ու Ստեփանակերտում մուղամ լսել, որ փամփուշտները պետք է ձուլել ու զարդեր սարքել, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի նաև Ադրբեջանին (և դա այն դեպքում, երբ Ադրբեջանում Երևանն են պահանջում), որ ․․․

Փաշինյանի ու նրան կցված Հարությունյանի՝ Անգլիայի տխրահռչակ վարչապետ Չեմբեռլենի վարած քաղաքականությունը հիշեցնող քայլերն են պատճառը, որ այսօր մենք ստացել ենք խայտառակություն ու միևնույն ժամանակ չենք կարողացել նվազեցնել պատերազմի հավանականությունը՝ հընթացս բանակցությունները տապալողի իմիջ ձեռք բերելով։

Փաշինյանի արտաքին քաղաքականության արդյունքում մենք հակամարտող կողմ ենք դարձել ոչ միայն Ադրբեջանի, այլ առաջին հերթին Թուրքիայի հետ։ Պաշտոնական Անկարան արդեն օպերատիվ արձագանքում է հայ–ադրբեջանական բախումներին ու ակտիվորեն մտել է խաղի մեջ՝ օգտվելով պաշտոնական Մոսկվայի ու Երևանի, մեղմ ասած, սառը հարաբերություններից։ Հարաբերություններ, որոնք փչացնելու ուղղությամբ Փաշինյանն ու իր սորոսական շրջապատը հսկայական քայլեր են ձեռնարկել։ Արայիկ Հարությունյանն էլ իր գործողություններով աջակցել է այդ քայլերին։

Այնպես որ ում՝ ում, բայց Ա․ Հարությունյանը Չերչիլին չպետք է հրապարակավ մեջբերի։ Ինքն ավելի լավ է ուսումնասիրի Չեմբեռլենի կենսագրությունը և հետևություններ անի, որպեսզի ստիպված չլինի դրա փոխարեն ուսումնասիրել հեղափոխական Կերենսկու հետ տեղի ունեցածը։

Այս խորագրի վերջին նյութերը