Կարծիք

22.09.2020 13:40


Իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները

Իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները
Տոնն անցավ, և օրեցօր ահագնացող խնդիրները շարունակում են թակել մեր պետության ներքին ու արտաքին դռները։
1. Պատերազմի վտանգը դամոկլյան սրի պես կախվել է երկրի վրա,
2. Տնտեսությունը հաստատուն քայլերով անկում է ապրում,
3. Համավարակը շարունակում է կյանքեր խլել,
4. Արտաքին պարտքը վերջին մեկուկես տարում զգալիորեն աճել է,
5. Արտագաղթը՝ միտինգներով «դռներն է կոտրում» որպեսզի դուրս գա երկրից,
6. Զզվանք առաջացնող ատելության քարոզը, իշխանության էժանագին պոպուլիզմն ու ցածրորակ «քաղաքական» խոսքն ամեն օր դուրս է հորդում մամուլի էջերից,
7. Պետության սոցիալական բեռն ու մարդկանց հուսահատության ալիքներն ավելի ցայտուն են դառնում,
8. Արտաքին քաղաքականությունը վերածվում է գործընկերների՝ « նախ գնացեք կողմներոշվեք ովքե՞ր եք դուք, հետո կգաք կտեսնենք» խայտառակ մոտեցմանը,
9. Արցախյան բանակցային գործընթացը վերծվել է վտանգավոր խառնաշփոթի ու փակուղու եզրին է,
10. Դիլետանտները հայտնվել են քաղաքական օլիմպում ու բացարձակապես չեն գիտակցում պատասխանատվության իրենց աստիճանը,
11. Պետության եկամուտները դժվար են հավաքվում, բյուջետային հաստատված շատ ծրագրեր մնում են չկատարված և այլն։
Այս խնդիրներով հանդերձ, մեր դիլետանտակերտ իշխանությունները որոշել են 2050թ. ուրվագծել։ Ի՞նչ է սա, եթե ոչ ավանտյուրա։ Փաստացի՝ 2,5 տարի է նրանք խոսում են անցյալից, որպեսզի մեղադրեն նախորդ իշխանության ներկայացուցիչներին ու «շոուի աղմուկով ծածկեն» իրենց դատարկամիտ անկարողությունը։ Իսկ հիմա որոշել են խոսել շատ հեռու, երևակայական 2050թ-ից, որպեսզի անխելք մարդկանց հույսով անեն ու խուսափեն այսօրվա ծանր պատասխանատվությունից։
Պատմության մեջ, տարբեր պատճառներով շատ կատավարություններ ու ղեկավարներ են մեղադրվել, բայց ո՛չ խաբեության համար։ Նիկոլ Փաշինյանի կաստան երևի միակն է լինելու, որ պախարկվելու է հանրային խաբեության, պետական ռեսուրսների ու քաղաքական ժամանակի անարդյունավետ վատնման համար։
Նախորդ տասնամյակում աշխարհն ավելի կայուն ու կանխատեսելի էր, սակայն այսօրվա աշխարհն այնքան փոփոխական է ու լատենտ, որ անգամ խոշոր միջազգային կառույցներն են դժվարանում երկարաժամկետ ծրագրեր կազմել։ Իսկ մեր «խելոքները» իրենց թույլ են տվել 30 տարվա մարգարեություն անել։ Իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա ու վաղվա խնդիրները, Ջիվանին կասեր «խելքի՛ աշեցեք»։
Բացի այդ, ասենք թե գրել են, ու որպես ցանկություններ՝ վատ ցանկություններ չեն գրել։ Ի վերջո բոլորս էլ ունենք երազանքներ։ Բայց քաղաքականությունը իրականություն է ու հնարավորի արվեստ։ Իսկ ովքե՞ր են այն մասնագետները, որոնք կազմել են այդ «ռազմավարական երազները» և պատրա՞ստ են արդյոք նրանք հրապարակային հիմնավորել իրենց սահմանած ցուցանիշներն ու նպատակները։
Կամ եթե հենց այնպես, ըստ ճաշակի գրելով է, ապա ինչո՞ւ օրինակ չեն գրել, որ 2048թ. Հայաստանը պաշտոնապես պետք է դառնա ատոմային երկիր և այլն։
Պարոնա՜յք լրջացեք, և զբաղվեք ձեր կարճաժամկետ խնդիրներով, որովհետև Հայաստանի ապագայի հետ դուք կապ չե՛ք ունենալու, ու Աստված մի արասցե, որ ձեր նման կառավարություն էլի լինի։
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը