Մեկնաբանություն

21.09.2020 12:35


Վայ, Պողոս Ամուլսարիկյանը քո «կլասիկ-ռազմավարական» ցավը տանի, Փաշինյա՜ն

Վայ, Պողոս Ամուլսարիկյանը քո «կլասիկ-ռազմավարական» ցավը տանի, Փաշինյա՜ն

Առավոտ կանուխ Նիկոլ Փաշինյանն Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ-գրառում է արել: Նման ուղերձների համար սովորական մաղթանքներից ու շնորհավորանքից բացի, «հետևողական սխալներով» Հայաստանի ղեկավար, իսկ վերջերս նաև՝ ուզուրպատոր դարձած Նիկոլ Փաշինյանը նաև թեթևակի նախազդ է արել:

«Այսօր կհրապարակեմ Հայաստանի՝ մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը, որը ոչ թե կարծրացած մի փաստաթուղթ է, այլ 2050 թվականի Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումները, նպատակները, այդ նպատակներին հասնելու ուղիները քննարկելու, ճշգրտելու, իրագործման վերաբերյալ որոշումներ կայացնելու և իրագործման ընթացքը վերահսկելու մեխանիզմ»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:

Դե՝ կհրապարակի, մենք էլ, մյուս հայրենակիցներն էլ կլսենք, կկարդանք, կծանոթանանք, թե այդ ի՜նչ, երբեմնի «կախարդական փայտիկով» ձևակերպված ռազմավարական ծրագիր է: Կարճ ասած, կլինի՝ կտեսնենք:

Բայց առանց այդ էլ, կարելի է գրեթե չկասկածել, որ «Հայաստան-Նյու Վասյուկի-2050... ըստ Նիկոլի» այդ «ռազմավարությունն» ընդամենը պոպուլիստաֆանտաստիկ կենացների մի նոր ժողովածու է լինելու: Հիշո՞ւմ եք, նման մի բան արդեն եղել է, կարծեմ մոտ մեկ տարի առաջ, Արցախում Փաշինյանի ունեցած ելույթի տեսքով: Այն, որ Հայաստանը ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն պիտի լիներ մինչև 2050-ը, Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի պիտի հասներ (թեպետ՝ 30 տարվա մեջ բնակչության հազիվ կրկնապատկվելը դժվար թե մեծ ձեռքբերում համարվի) և այլն, և այլն:

Ի դեպ, բնակչության պահով, ինչպես այս վերջերս հասկանալի դարձավ, Փաշինյանի նշանակած «սփյուռքապետի» հայտարարություններից, հույսը ոչ այնքան հայերի վրա է, որքան... դրսից օտարազգիների «ներմուծման»: Ինչևէ:

Կհրապարակի, կտեսնենք, թե «Հայաստան-Նյու Վասյուկի 2050... ըստ Նիկոլի» նոր մշակումը որքանո՞վ է մոտ կամ հեռու նույնի «Արցախյան տարբերակից»:

Ա՛յլ բան է ուշադրություն գրավում:

Նիկոլ Փաշինյանը խոսում է ռազմավարությունից, ռազմավարական ծրագրից, այն էլ՝ 30, 40, անգամ՝ 80 տարվա «կտրվածքով», այսինքն՝ ոչ միայն մինչև 2050, այլև մինչև 2100 թվականը: Համեստություն է անում: Ասել՝ ասելն է. միանգամից 3000 թվական խփեր, թող գնար, էլի...

Առհասարակ օբյեկտիվ ռեալության պայմաններում հարցերը լուծելու փոխարեն դրանք ավելի խճողող, նոր խնդիրներ ու գլխացավանքներ հարուցող, ամպադղորդ խոստումներ տվող գործիչները խուսափում են իրականությունից ու փորձում են փրկվել ապագայի, իսկ անպատասխանատու-պոպուլիստ տեսակի գործիչները՝ հեռավոր ու շատ-շա՜տ հեռավոր ապագայի մեջ:

Այդպես շատ հարմար է, հատկապես, եթե ունես որոշակի բիոզանգված, որի ականջներից ոչ միայն լապշա, այլև արիշտա, սպագետտի, դիմակ, տուգանք ու, ընդհանրապես, ինչ ասես՝ կարող ես կախել, նաև «քայլափոխական օրերի» սելֆիի ձողիկը: Դեռ լավ է, որ երկիրը միայն «պողոսներով» չէ բնակեցված...

Իսկ հարմար է այդ «խոստումնալից» գործելակերպը նրանով, որ նախ, շատերը, ինչպես ասվեց, չնայած «յեքյա մարդիկ» են, բայց սիրով հեքիաթների են հավատում, երկրորդ՝ 20-30 տարի հետո ով ինչ պիտի հիշի, որ ստուգի կամ չստուգի կամ պատասխան պահանջի, թե այսինչ բանն ինչու չարվեց կամ սխալ արվեց: Չնայած, «սխալը» ո՞րն է, եթե Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ամբողջ «ռազմավարությունը» հանգում է հետևողականորեն սխալներ անելու վճռականության:

Ամենից հետաքրքիր պահն այն է, որ ռազմավարությունից ու նման բաներից խոսում է Նիկոլ Փաշինյանը: Մի, այսպես ասենք՝ գործիչ, ով վարչապետ դառնալով, շարունակում է մնալ դեղնած օրաթերթի խմբագրի կաղապար-շինելի մեջ: Մարդը, որ մեկ օրից ավելի երկար ժամանակով բան չի պլանավորում, ով պահի տակ կարող է կտրուկ որոշում փոխել, ընդհանրապես չեղարկել որևէ որոշում, եթե տեսնի, որ դա հակառակ աղմուկ է հարուցել..., մի խոսքով, ահա այդ մարդը ռազմավարություն է մշակել ու հրապարակելու՝ 5 էլ չէ, այլ... 30 տարվա հաշվարկով:

Սա ավելի թունդ է, քան Լենինի խոստացած կոմունիզմը կամ իր հաջորդների հռչակած «զարգացած սոցիալիզմը»: Այդ ամենի ասացվածքային տարբերակն էլ կա, իհարկե, որ հնչում է այսպես. «Էշ, մի՛ սատկի, գարուն կգա, յոնջա կուտես...»:

Նիկոլ Փաշինյանը ռազմավարություն է մշակել: Երեսուն-ութսուն տարվա համար: Սա օրվա երևի ամենից կարճ անեկդոտն է, որը այնքան էլ խնդալու չէ, անկեղծ ասած: Կարելի է ավելի կարճ վերաձևակերպել անեկդոտը՝ Նիկոլ Փաշինյան ու ռազմավարություն, ռազմավարություն ու Փաշինյան Նիկոլ...

Նիկոլ Փաշինյանը, որ մի օր ասում է՝ «կորոնավիրուսն ում շունն ա», բայց հենց մոտիկ մի տեղ փռշտում են, պայմանական ասած, անմիջապես վազում է թեստ հանձնելու: Նիկոլ Փաշինյանը, որ 20 օր շարունակ չէր կողմնորոշվում՝ «այո»-ի հանրաքվե անի՞, թե՞ «կորոնավիրուսի հիմքով» համակենտրոնացման ճամբար խաղա, խոսում է ռազմավարությունից:

Նիկոլ Փաշինյանը, որ երկու տարի է, ինչ չի կողմնորոշվում, չի կարողանում կոնկրետ ու հասկանալի որոշում կայացնել. շահագործվի՞ Ամուլսարի հանքը, թե՞ ոչ, խոսում է 25-30, 50 տարվա հեռանկարներից ու այդ «կաթնակիսելային» հեռանկարների ռազմավարություն հրապարակելով է «սպառնում»:

Նիկոլ Փաշինյանը...
Մի օր մի հիվանդանոցի տնօրենի «գործից ազատում» են, ու հենց տեսնում է, որ աղմուկ է բարձրանում, անմիջապես ասում է՝ «չէ, չէ, երկարաձգեք պայմանագիրը»:

Նիկոլ Փաշինյանը, որ արագ-արագ մոռանում է (թեկուզ ձևացնի, որ մոռանում է), թե ինչ է ասել մի կես տարի առաջ կամ որտեղ է եղել, կամ ինչ ձեռնարկության բացմանն է ներկա գտնվել մեկ տարի առաջ, խոսում է 30 տարվա համար ռազմավարություն մշակելուց:

Լավ, օրը տոնական է, ուստի լավատեսական եզրափակենք՝ Պողոս Դիմակի Ամուլսարիկյանը քո «կլասիկ-ռազմավարական» ցավը տանի, Փաշինյան...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը