Կարծիք

19.09.2020 12:58


Վասն 65 000 դրամ «կեղտոտ» հոնորարի. Ա․ Մովսիսյանի արձագանքը «Դետեկտորի» հրապարակմանը

Վասն 65 000 դրամ «կեղտոտ» հոնորարի. Ա․ Մովսիսյանի արձագանքը «Դետեկտորի» հրապարակմանը
«Շատ բառերի մեջ շատ ունայնություն կա, և բառերը շատացնողն ունայնությունն է շատացնում»…
Աստվածաշնչի Ժողովողի գրքից հազարամյակների քննություն անցած այս ճշմարտությունը մտաբերեցի, երբ պատահաբար ՖԲ-ում աչքովս ընկավ ինձ վերաբերող մի շատ երկարաշունչ նյութ՝ «Մանիպուլիացիա վասն հայրենասիրության» վերնագրով (https://www.detector.am/posts/patriotism)… «Դետեկտոր» անունը կրող օգտատերը Բուն TV-ի մասն է կազմում և ֆինանսավորվում «Բաց հասարակության հիմադրամներ-Հայաստան» (ժողովրդի մեջ առավել հայտնի «Սորոսի հիմնադրամ» անվամբ) և «Black Sea Trust» ծրագրի կողմից: Ահա այս «Դետեկտորը» հրապարակել էր Նիկոլ Մարգարյանի (չգիտեմ՝ դա իրական անուն է, թե կեղծ) նյութը, որը վերաբերում է ս.թ. հուլիսի 24-ին պատմության առարկայական չափորոշիչների հետ կապված ասուլիսում իմ հնչեցրած մտքերին: Նախ զարմանալի էր ամսաթիվը. հուլիսի 24-ի ասուլիսին անդրադարձ էր կատարվում 53 օր անց՝ սեպտեմբերի 15-ին: Երկրորդ՝ զարմանալի է հրապարակման հիմնական ասելիքը, այն է՝ ասուլիսի ընթացքում ես մեղադրել եմ նոր չափորոշիչների նախագծերը կազմողներին՝ դրանցում «հայրենասիրություն» տերմինի բացակայության համար, սակայն, իբրև թե հին չափորոշիչներում, որով գրվել են այսօր գործող դասագրքերը (և որոնց համահեղինակ եմ ես), նույնպես այն բացակայում է: Դա հիմնավորելու համար հրապարակման հեղինակը մի շատ երկար և իրեն ձեռնտու մեջբերում է անում, որով փորձում է ընթերցողի մոտ տպավորություն ստեղծել իր ասածի ճշմարտացիության վերաբերյալ…
Ցույց տալու համար հեղինակի միտումնավորությունն ու կեղծիքը՝ երկու մեջբերում կատարեմ այսօր գործող չափորոշիչներից՝ տալով կայքի հղումը (https://lib.armedu.am/resource/104): 1. «Հայեցակարգ» բաժնում՝ «Հայոց պատմությունը բովանդակում է նաև դաստիարակչական վիթխարի ներուժ` աճող սերնդի համար հանդիսանալով հայրենասիրության, անձնուրաց պայքարի և ազգային արժանապատվության ապացույցների անսպառ աղբյուր:» (էջ 3): 2. «Արժեքային համակարգ» բաժնում՝ «Հիմնական դպրոցն ավարտողը պետք է` լինի հայրենասեր և պատրաստ ծառայելու հայրենիքի պաշտպանության գործին» (էջ 39)…
Այս հրապարակման հեղինակը գոնե կարող էր թերթած լինել նույն («Սորոսի») հիմնադրամի պատվերով Լուսինե Խառատյանի և Վահրամ Թոքմաջյանի կատարված և 2018 թ. հրապարակած ուսումնասիրությունը (հղումը՝ https://bit.ly/2RDdrag։), որում հեղինակները ներկայումս գործող «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասագրքերի հեղինակներին մեղադրում են հենց հայրենասիրության մեջ. ««Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները դասավանդվում են առարկայական չափորոշիչների, ուսումնական պլանի և դասագրքերի հիման վրա: Ըստ այդմ, առարկաները գլխավորապես միտված են ազգային և հայրենասիրական նպատակների իրագործմանը: Այս առարկաների շրջանակում գրեթե անդրադարձ չի կատարվում այնպիսի խնդիրների, ինչպիսիք են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, խաղաղությունը, հանդուրժողականությունը, տղամարդու և կնոջ իրավահավասարությունը և այլն» (էջ) 45-46…
Բայց շատ ավելի ցավալի մի փաստ նկատեցի, որն էլ ինձ դրդեց կատարել այս գրառումը: Արդեն ասացի, որ նյութը չափազանց երկարաշունչ էր. միթե՞ ամբողջ աշխարհում քաղտեխնոլոգիաներով «գունավոր հեղափոխություններ» իրականացրած «Սորոսի հիմնադրամում» չեն հասկանում, որ երկար նյութերը չեն կարդում: Ի վերջո, նման գայթակղիչ վերնագրով նյութը տեղադրվելուց 10-20 րոպե անց պետք է ունենար հարյուրավոր, եթե ոչ հազարավոր «լայքեր», բայց անցել է 5 օր, և ընդամենը 127 տարատեսակ արձագանք և 8 մեկնաբանություն, ընդ որում, դա այն դեպքում, որ նյութը պտտվում է ՖԲ-ում իբրև «գովազդային»… Հետաքրքիր էր տեսնել, թե ովքեր կան «Դետեկտորում» և ինչ են ուզում: Անուններ չկային, նշվում էին միայն հիմնադրամի և հեռուստատեսության անվանումները…
Եվ, ահա, ամենաուշագրավը. հրավեր՝ իրենց կայքում հոդված հրապարակելու (դնում եմ նաև սքրինշոթը, ընդգծումներն իրենցն են). «Հոդվածը պետք է գրված լինի 700-1000 բառի սահմաններում: Սահմանված է 65.000 դրամ (հարկերը ներառյալ) հոնորար»… Այսինքն՝ գործում է ապրանքի հստակ գին և պարտադիր ծավալ՝ 700-1000 բառ: Եվ պարզ դարձավ, թե հրապարակումն ինչու է այդքան երկարաշունչ ստացվել…
Փաստորեն, այս հրապարակումն արժեցել է, հարկերը ներառյալ, կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «կեղտոտ» 65 000 դրամ…
Հասկացա ու անկեղծ ցավ ապրեցի…
Բոլոր ժամանակներում էլ օտարերկրյա տարբեր ծառայությունները հաջողություն են ունենում որևէ երկրում, երբ նրա ժողովուրդն ապրում է սոցիալական վատ վիճակում… 17-19-րդ դարերում եվրոպական միսիոներները գալիս էին անկախ պետություն չունեցող Հայաստան և, նյութական միջոցների ներդրմամբ, զբաղվում հոգեորսությամբ… Երբ նրանք հեռանում էին ինչ-ինչ պատճառներով, մարդիկ հաճախ հրաժարվում էին նոր ընդունած դավանանքից: Ժողովրդական խոսք ստեղծվեց՝ «Ալյուրը վերջացավ, հավատը՝ հետը»…
Սրանց ալյուրն էլ է մի օր վերջանալու. մտածեք՝ թե ինչպես եք վաղը մարդկանց աչքերի մեջ նայելու…
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ․գ․դ․, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից
На изображении может находиться: текст

Այս խորագրի վերջին նյութերը