Մեկնաբանություն

19.09.2020 10:00


Սխալը՝ որպես... ճիշտ ռազմավարություն ու գաղափարախոսություն կամ Փաշինյանը ճիշտ է անում, որ սխալ է անում

Սխալը՝ որպես... ճիշտ ռազմավարություն ու գաղափարախոսություն կամ  Փաշինյանը ճիշտ է անում, որ սխալ է անում

Ճիշտն ու սխալը ջոկելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի գրառման երկարաշունչ ծավալն ու փանջունիական բովանդակությունը կեսից արդեն հուշում էին, որ դա մի ինչ-որ ելույթի ավտոռեֆերատ է (ծաղկաքաղ, էլի): Հետգրությունից պարզվեց, որ տպավորությունը ճիշտ էր: Չնայած, սատանան ու մեկ էլ, հա, Նիկոլ Փաշինյանը գիտեն, թե էս աշխարհքում, էս երկնքի տակ, որին լեզուդ չի պտտվում՝ երկնագույն ասել, ի՛նչն է ճիշտ ու ինչը՝ սխալ:

Պարզվում է, այդ գրառումից էլ շատ ավելի երկարաշունչ, այն էլ՝ իր էքսցենտրիկ ձայնային ելևէջներով, Փաշինյանը ելույթ է ունեցել իր կուսակցության՝ «Քաղպայմանագրի»՝ նախօրեին ընդլայնված հանդիպման կամ հին եզրաբանությամբ ասած՝ պլենումի ժամանակ: «Քաղպայմանագրայինները», թերևս, ավելի աննախանձելի վիճակում են հայտնվել, քան Աբիսողոմ աղան՝ Պոետի բոցաշունչ ելույթի ժամանակ: Դե, Աբիսողոմ աղան կարող էր և ընդհատել ելույթ ունեցողին, իսկ ՔՊ-ականները ճար չունեն՝ պիտի մինչև վերջ լսեն՝ չասած այն մասի, որ Փաշինյանին ընդհատելը հակահեղափոխական դիվերսիա կհռչակվեր՝ ընդհատողի համար «ասֆալտափռումային», «պատածափամածիկային» հետևանքներով: Թեպետ, այն աստղաբաշխական պարգևավճարներով, որ ոչ մի բան չանելու դիմաց ստանում են պետպաշտոններ զբաղեցնող փաշինյանականները, նրանք ոչ թե շաբաթը մեկ, այլ օրը մի երեք անգամ նման աննման ելույթներ լսելու են արժանի, եթե ոչ՝ ավելին:

Գանք բուն հարցին, այն է, թե ի՛նչ էր ուզում ասել Նիկոլ Փաշինյանը՝ ճիշտուսխալի մասին իր տակուգլուխ դատողություններով, որ կներեք, հատկապես շարադրանքի վերջին մասում ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ պսևդոփիլիսոփայական ճամարտակություն, «փիսիփոլայություն», պարզ ասած՝ բարբաջանք, լավագույն դեպքում՝ «կալամբուր» (բառաշփոթ):

Նիկոլ Փաշինյանի հիմնական շեշտը այն է, որ մինչ մյուս ընդդիմադիրները, տարիներ շարունակ «ճիշտ քայլերով» անհաջողության են մատնվել, իրեն հաջողվել է սխալ քայլերով հասնել հաջողության, այն է՝ իշխանափոխության ու անձնապես այդքան բաղձալի իշխանության, որը թույլ է տալիս իրեն վարչահրամայապետություն անել:

Ավելի կարճ ասած՝ Փաշինյանի մեսսիջն առ իր քննադատներն ու արդեն որպես իշխանության ղեկավարի սխալները մատնացույց անողների, հետևյալն է. քանի որ ինքը (Փաշինյանը) «սխալներ անելով» կարողացել է հասնել իշխանափոխության, ինքը դրանով դարձել է անսխալական, այդ առումով «սրբադասվել» է, ու հիմա ինչ սխալ էլ անի... ճիշտ է անում: Իր գեղջկամեկերեսային խոսվածքով ասած՝ «լավ է անում, չուզողի աչքն էլ հանում է»:

Ի դեպ, նման մի գերհանրահայտ ազգային հեքիաթ կա, որի հերոսը, մեծ հաշվով՝ հակահերոս է, որը նույնպես ամեն ինչ սխալ էր անում, բայց հասավ իշխանության ու ամեն ինչի: Ասե՞մ, որ խոսքը «Քաջ Նազարի» մասին է, այն որ «անհաղթ հերոս քաջ Նազար, որ մին զարկեր, ջարդեր հազար»: Հետո էլ ասում են, թե հեքիաթները չեն իրականանում: Փաշինյանը դրա վառ, ես կասեի՝ անզուգական ապացույցն է:

Ինչ վերաբերում է բուն «դատողություններին, ապա՝ հիացեք, խնդրեմ. «ՔՊ-ն պետք է շարունակի «հետևողական սխալների այն ճանապարհը», որ սկսել է 2014 թվականին և նույնիսկ դրանից առաջ: Որովհետև դա է Հայաստանը առաջ տանելու ճանապարհը,-հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, քիչ անց հավելում,-Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետևից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ»:

Ինչ ասել այս «գաղափարաբանության» վերաբերյալ:

Ոչ ոք, իհարկե, սխալներից ապահովագրված չէ: Յուրաքանչյուրն էլ կարող է սխալվել: Սակայն այստեղ կան նրբություններ:

Երբ դու, օրինակ, ընդդիմադիր կազմակերպություն ես, ընդդիմադիր կուսակցության ղեկավար, անկախ այն բանից՝ հաճախո՞րդ ես, «պրոյե՞կտ» ես, թե՞ իսկապես քեզուգլուխ, որքան ուզում ես՝ կարող ես սխալվել: Կարող ես անգամ անընդհատ սխալվել, անվերջ սխալվել: Դրանց, այսինքն՝ քո անընդհատ սխալվելուց այդ դեպքում տուժում ես դու, քո գլխավորած կազմակերպությունը, քո քաղաքական շահը, քո խնդիրները:

Բայց երբ «բախտի բերմամբ, թե պատահմամբ», երբ գլխավորապես նախկին իշխանության թողտվության պայմաններում դու «հաջողակ տոմսակ» ես քաշում և դառնում ես իշխանություն, վարչապետ, այն էլ սուպեր-վարչապետական լիազորություններով, ապա այլևս տեղ չունես սխալվելու:

Այնպես որ, Նիկոլ, կներեք, պահենք պետականության հանդեպ ինքնահարգանքը և ասենք՝ պարոն վարչապե՛տ, եթե ձեր գլխավորությամբ ձեր կուսկազմակերպությունը շարունակի վճռականորեն սխալվել, դա ոչ թե «Հայաստանը առաջ տանելու ճանապարհ»-ն է, այլ Հայաստանը վարի տալու երաշխավորված տարբերակ:

Քիչ չէ, որ չկա այս չափազանց պարզ հանգամանքը գիտակցելու նշույլ անգամ, Նիկոլ Փաշինյանը դեռ մի բան էլ իր թիմակիցներին «սխալվելու» լրացուցիչ «դուխ» է տալիս:

ՔՊ-ն՝ որպես ընդդիմություն, կարող էր անվերջ սխալվել, ու դրանից մնացած բոլորին առանձնապես ոչինչ չէր պատահի: Բայց ՔՊ-ն՝ որպես իշխանություն, բավական է մի երկու անգամ սխալվի, այն էլ՝ կոպտորեն սխալվի, և ամբողջ պետությունը, հասարակությունը կկանգնեն ու կանգնում են լրջագույն մարտահրավերների, փորձություններ հաղթահարելու անհրաժեշտության առաջ:

Կորոնավիրուսի վարակի հետ կապված խայտառակ վիճակը՝ հապացույց:

Տնտեսական ու սոցիալական ջղակծկումները՝ հապացույց: Պետական պարտքի ավելացումը՝ հապացույց: Երկրի ներհասարակական ծծմբաթթվային մթնոլորտը՝ հապացույց: Ու դեռ Արցախի հիմնախնդրի մասին էլ լռում ենք:

Շարունակեք սխալվել, ավելի վստահ սխալվեք ու ավելի անհեթեթ բաներ ասեք, չէ՞ որ քաղծաղրածուներիդ բազմաթիվ «դմփ-դմփ-հու» անողներ կան: Երկրի հե՛րն էլ...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը