Ինչպես փնթի խոսում է, այնպես փնթի էլ «կառավարում» է երկիրը
Որքան էլ անհավատալի է, «առանձին վերցրած մեկ դեպքում» Փաշինյանն անսացել է բանականության ձայնին և ճիշտ որոշում է կայացրել` իր առողջապահության «մահարարին» հանձնարարել է երկարացնել Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը։
Բայց «տարակուսած է»` ախր ինչպե՞ս կարող էր «որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի»։
Առողջապահության «մահարարի» որոշումից` գործից հանել աշխատանքային կոլեկտիվի գնահատմամբ իր ոլորտում «թռիչքային աճ գրանցած» տնօրենին, չի՛ տարակուսել։
Յուր երկրորդ կեսի «ձիով քայլից»` ոչ այն է` այդ որոշումը չչեղարկելու դեպքում աշխատանքից ազատվելու դիմում գրած բժիշկների, ոչ այն է հենց Փաշինյանի «ինադու» կենտրոնի ֆինասավորումն իր մասով դադարեցնելու`«Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները վայր դնելու որոշումից «տարակուսած» չէ. հիվանդ երեխաներին հիմնադրամի կողմից ցուցաբերվող դրամական օժանդակությունից կտրելը երևի խնդիր չի համարում։
Իսկ ահա բժիշկների «քայլից» քիչ է ասել` «տարակուսած» է. ցնցված է մինչև հոգու խորքը։ Ասում է. «Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք»։
«Տեղը չի բերում»` ի՛նքը ինչպես է խոսում, ի՜նչ փնթի, գողական բառապաշար է օգտագործում ընդդիմախոսներին քլնգելու համար, ի՜նչ զզվանքով և արհամարհանքով է արտահայտվում իրեն դեռևս հավատացող, բայց աղքատությունը գլուխներից այդպես էլ չհանած պողոսների մասին, շարժուձևի և միմիկայի ի՜նչ արտառոց դրսևորումներ է թույլ տալիս իրեն, երբ հունից դուրս է գալիս և ազատություն տալիս «հորմոններին»։
Թե չէ կհասկանար, որ «մտածելու շա՜տ լուրջ բան ունենք»-ն այն խո՛սքը չէ. ուշքի գալու և իրեն «հեռու մի տեղ» ուղարկելու «շա՜տ և շատ լուրջ» խնդիր ունենք, որովհետև ինչպես փնթի և անմակարդակ խոսում է, այնպես փնթի և անմակարդակ էլ «կառավարում» է երկիրը...
Ինչպես փնթի խոսում է, այնպես փնթի էլ «կառավարում» է երկիրը