Մեկնաբանություն

19.09.2020 00:33


Փաշինյանի «տրյուկները»՝ իր չսիրած «հին» Հայաստանից կամ «Արսեն, սիրուն չի՜...»

Փաշինյանի «տրյուկները»՝ իր չսիրած «հին» Հայաստանից կամ «Արսեն, սիրուն չի՜...»

Հետաքրքիր է, այնուամենայնիվ, հետևել փաշինյանական իշխանության զանազան վայրիվերումներին: Առանձնահատուկ հետաքրքրական են, իհարկե, իշխանակառավարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը:

Այ, վերցնենք թեկուզ պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին առողջապահության նախարարի կողմից «գործից ազատելու» հետ կապված աղմկահարույց պատմությունը, որ տակավին ծավալվում է, բայց կարծես առժամանակ հանգուցալուծվեց:

Թվարկենք հայտնի փաստերը.

ա) առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել՝ հոկտեմբերի 1-ից դադարեցնել պայմանագիրը նշված կենտրոնի տնօրեն, հայտնի ու հարգված մասնագետ Սամվել Դանիելյանի հետ, բ) այդ որոշմանն արձագանքելով և ի նշան բողոքի՝ մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը հայտարարել էր թե՛ այդ պաշտոնը թողնելու, թե՛ առհասարակ կենտրոնից հեռանալու մասին, գ) կենտրոնի, կարելի է ասել՝ ամբողջ անձնակազմը, մեկ մարդու պես կանգնել էր Սամվել Դանիելյանի կողքին՝ հայտարարելով, որ իրենք էլ ազատման դիմում կգրեն (կամ գրել են), և վերջապես՝ կետ «Դ». Նիկոլ Փաշինյանը «ֆեյսբուքում» պաշտոնական գրառում արեց, թե առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել պայմանագիրը Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ:

Թվում է, թե իշխանությունն իր հետքայլն արեց, խնդիրը հանգուցալուծվեց, բայց հարցեր, դիտարկումներ ու էական նրբերանգներ կան:

Նախ, «ժողովրդական բանահյուսությունը» և մի շարք կայքեր շտապեցին այս հետքայլի հետ կապել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հայտարարությունը՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին:

Թե ինչը այս դեպքում ինչի հետ կապ ունի, գոնե մենք կշրջանցենք` այլոց «հացին վայիս» չլինելով: Կենտրոնանաք սակայն, մեր կարծիքով շատ ավելի կարևոր ու հատկանշական հանգամանքների վրա:

Ի՞նչ է ստացվում, սիրելի ընթերցող: Իսկ ստացվում է այն, որ իշխանությունը, կոնկրետ՝ Փաշինյանի գլխավորած կառավարության առողջապահության նախարարն իր ղեկավարած ոլորտի հաստատություններից մեկի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը որոշում է չերկարաձգել կամ դադարեցնել: Այդ հաստատության ամբողջ անձնակազմը բողոքում է, վարչապետին է դիմում, հայտարարություններ են անում մարդիկ, հարցազրույցներ են տալիս: Աղմուկ է բարձրանում: Մե՛ծ աղմուկ:

Հենց այս «աղմուկն» է բուն հարցը:

Տեսնելով, որ լուրջ միավորներ են կորցնում, Նիկոլ Փաշինյանը շտապում է հայտնվել «վերին ատյանի» տարբերակով, թե՝ «Արսեն, սիրուն չի...», ու Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ պայմանագիրը երկարացնելու հանձնարարական է տալիս: Ի դեպ, առիթից օգտվելով, իր բնավորությանն ու հոգեվիճակին համապատասխան, Նիկոլ Փաշինյանը «վրա է տալիս» իրենց տնօրենին աջակցած բժիշկների վրա՝ մեղադրելով նրանց, թե սպառնացել են, որ երեխաներին առանց բուժշկական խնամքի կթողնեն...

Սա պատահական չէ: Ինքը՝ Փաշինյանը, Արսեն Թորոսյանին «հետքայլի» հանձնարարական տալով, հանրությանը հրեշտակային կերպարանքով է ձգտում ներկայանալ, ու, ինքնաբերաբար, իրենց բողոքի ձայնը բարձրացրած բժիշկներին նա պետք է ներկայացնի որպես հրեշներ, մարդկային նկարագրից ու մասնագիտական բարեխղճությունից զուրկ էակներ, առնվազն, պիտի վիրավորական կամ մի թույնումաղձոտ բան ասի: Նա չի կարող առանց դրա, հասկանո՞ւմ եք:

Չգիտեմ, բժիշկները այնքան արիություն կունենա՞ն, որ հակադարձեն Նիկոլ Փաշինյանին, կարձագանքե՞ն իրենց ուղղված հրեշավոր մեղադրանքին, թե՞ ոչ: Դա զուտ նրանց մարդկային ու մասնագիտական արժանապատվության հարցն է:

Բայց նման վարչապետ ունենալը արդեն հիվանդ ու վատառողջ երկիր ունենալու ստույգ ախտանշան ու երաշխիք է:

Վերադառնանք «աղմուկին»: Առաջին անգամը չէ, իհարկե, որ փաշինյանական իշխանությունը, կոնկրետ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, անում է մի քայլ կամ որևէ բան է հայտարարում, ու երբ դա մեծ աղմուկ է հարուցում՝ ընդգծված բացասական նստվածքով, հրդեհ մարելու շտապող հրշեջ մեքենայից էլ մեծ արագությամբ շտապում է «սվաղել» այդ աղմուկը, դրա շարժառիթը:

Դա նրա աշխատաոճն է: Նախընտրած «տրյուկը», որը, նկատենք, «հին» Հայաստանից է վերցրել:

Օրինակները քիչ չեն: Հիշեք թեկուզ մաքսատան դրոշի ու դրա համար պատասխանատու մաքսավորին «տուտ ժը» ազատվելու դիմում պարտադրելը: Հիշեք «առողջ տղամարդուն» նախատելու պատմությունը...

Ահա այս՝ «Արսեն, սիրուն չի...» հանձնարարականն էլ եկավ լրացնելու օրինակների այդ շարքը:

Այս և նմանօրինակ պատմությունների դեպքում խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից ձգտում է «բարի ցարի» միավորներ կամ դիվիդենտներ կորզել իր կամ իր գլխավորած իշխանության իսկ կատարած վիճելի ու աղմկահարույց քայլերից՝ չեղարկելով դրանք: Մյուս կողմից, տեսնելով, որ այս կամ այն քայլը մեծ աղմուկ է հարուցում, Նիկոլ Փաշինյանը, լինելով «գաղափարական պոպուլիստ», իսկապես էլ հրշեջի նմանությամբ, ափալ-թափալ հետքայլ է անում՝ միայն թե այդ օրը (սա էլ է կարևոր) այդ աղմուկը մարի:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը