Կարծիք

18.09.2020 13:37


Ո՞ր փաստերն են ներառվել և որո՞նք մոռացվել մարտի 1-ի գործում

Ո՞ր փաստերն են ներառվել և որո՞նք մոռացվել մարտի 1-ի գործում

Մարտի 1-ի գործով դատավարության ընթացքում չափազանց հետաքրքիր հայատարարություն արեց գեներալ գնդապետ, մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ Նա նշեց, որ 2008 թ. մարտի 1-ի նախօրեին ԱԱԾ-ն տեղեկություններ ուներ ռազմական օբյեկտների վրա հարձակումների նախապատրաստման մասին։ Նա նաև նշեց, որ «ԱԱԾ տեղեկություններով՝ փաստեր են գրանցվել, երբ զինվորականները, այդ թվում՝ բարձրաստիճան, քայլում են զինված խմբերով։ Նրանց թվում եղել են նաև զորամասերի հրամանատարներ։ Ամեն օր տեղեկություններ էինք ստանում զենք ձեռք բերելու համար զորամասերի և ռազմական օբյեկտների վրա հարձակումների նախապատրաստման մասին»։ Սրանք ուշագրավ հայտարարություններ են և հատուկ ուշադրության առարկա պետք է դառնան։ Մինչդեռ մարտի 1-ի անջատված մասով գործի 79-ը հատորներում այս տեղեկատվությունը բացակայում է։

Ինչո՞ւ գործում չկան կարևոր տեղեկություններ

Սահմանադրական կարգի տապալման բարդ գործի քննությունն, ըստ էության, տևել է ընդամենը երկու ու կես ամիս։ Սա առանցքային պահ է, որը մատնում է քաղաքական պատվերի և նախօրոք հաստատված սցենարի առկայությունը։ 2018 թվականի հուլիսի 3-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ: Իսկ արդեն օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Մարտի 1-ի գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է։

Տասը տարի ձգվող քրեական գործի քննությունը, որտեղ կային բազմաթիվ անպատասխան հարցեր, երկու և կես ամսվա ընթացքում ամփոփվեց սահմանադրական կարգի տապալման թերի, բազմաթիվ բացերով գործի մեջ։ Այս գործում չկան մարտի 1-ի գործի առանցքը կազմող զոհերի մեղավորների բացահայտման, երկրապահների մոտ տեղի ունեցող խմորումների, զինված հեղաշրջման հնարավորության, պաշտպանության փոխնախարարների գործողությունների և բազամաթիվ այլ առանցքային հարցերի պատասխաններ։ Օգոստոսի 17-ից հետո քննությունն, իհարկե, շարունակվում էր, բայց որքան էլ զավեշտալի հնչի՝ ոչ մարտի 1-ի մասին։ Գործի 79 հատորների զգալի մասը, ըստ էության մարտի 1-ի հետ որևէ կապ, առնչություն չունի։ Դրանք վերաբերում են տնտեսական խախտումներին, պսևդոկաշառքին, բայց ոչ մարտի 1-ին։ Բայց հանրությանը համառորեն ներկայացվում էր, թե քննվում է մարտի 1-ի գործը։

Մարտի 1-ին վերաբերող բազմաթիվ խնդիրներ ներառված չեն սահմանադրական կարգի տապալման գործում։ Մարտի 1-ի ողբերգությունը սահմանափակվել է մեկ քրեական գործի շրջանակներում, ինչի հետևանքով մենք բաց ենք թողնում ավելի լուրջ խնդիրներ։ Սեյրան Օհանյանի հայտարարությանը համահունչ բացահայտումներ ժամանակին տեղ են գտել ամերիկյան դիվանագիտական գրագրության մեջ, բայց դրանք զարմանալիորեն չկան քրեական գործի առանձնացված մասում։

Իսկ թե ինչ փաստեր կան մնացյալ 500 հատորում, դժվար է ասել, քանի որ պաշտպանական կողմին գործի այդ նյութերը չեն տրամադրվում։ Միգուցե այնտեղ կան հետաքրքիր փաստեր և ցուցմունքներ, որոնք ամեն կերպ փորձում են չհրապարակայնացնել, չհանրայնացնել։

Որպես բազմաթիվ խնդիրների բացահայտման աղբյուր կարելի է մատնանշել Վիկիլքսյան գաղտնազերծող հրապարակումները, որոնք ամիսներ առաջ ներկայացվեցին «Իմ Ձայնը» նախագծի շրջանակներում։ Որպես երրորդ կողմ, որպես երրորդ հայացք, ներկայացվեցին մարտի 1-ը ծնող ավելի խորքային պատճառներ, որոնք, վստահաբար, այս քրեական գործի 79 հատորների շրջանակներից դուրս են։

12 տարվա վաղեմության Վիկիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերը կարևոր բացահայտումներ են անում 2008թ. նախագահական ընտրությունների, դրան նախորդող և հաջորդող իրադարձությունների վերաբերյալ։ Այս իրադարձությունները եղել են ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում և ամերիկացի դիվանագետների գրագրությունը ներկայացնում է մարտի 1-ի գործով ՀՔԾ վարկածից էականորեն տարբերվող իրականություն։ Այն վարկածից, որի հիման վրա կառուցվում է սահմանադրական կարգի տապալման ողջ սցենարը։

1.2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի մասին 2018թ. հուլիսի 3-ի հաղորդագրության մեջ ՀՔԾ-ն որպես հաստատված փաստ ներկայացնում է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք, ըստ հասարակության լայն շերտերի, խախտել են այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված` ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից։

Ընտրախախտումներ, իհարկե, եղել են։ Օբեկտիվորեն շատ դժվար է իմանալ այդ խախտումների ծավալը, որովհետև դրանց բացահայտման ուղղությամբ որևէ քայլ չի արվել, այլ մնացել է հիպոթետիկ հայտարարություների մակարդակի։ Բայց դա պետության առաջին տարիներից մեկնարկած, 25 տարվա ընթացքում ընտրական համակարգերի հանդեպ տոտալ անվստահության և հարյուր հազարավոր քաղաքացիներով ընտրակեղծարարությանը տարիներ շարունակ մասնակցելու միջոցով ձևավորված ընտրական մեխանիզմի խնդիրն էր։ Այս ամենի բացահայտման և կարգավորման ուղղությամբ վերջին երկու տարվա ընթացքում որևէ քայլ չի արվել։ Չի հասկացվում, թե ինչու։

Չեմ կարող զուգահեռներ չանցկացնել նաև Բելոռուսական զարգացումների հետ։ Արևմուտքը չընդունեց Բելոռուսի ընտրության արդյունքները։ Մինչդեռ Հայաստանի 2008թ. ընտրությունները նույն այդ պետությունների կողմից, դիտորդական առաքելությունների կողմից որակվել էին որպես «հիմնականում միջազգային ստանդարտներին համապատասխան»։

Վիկիլիքյան հրապարակումները բացահայտում են նախընտրական փուլի սոցհարցումները։ Ամերիկյան դիվանագետները վստահ էին սոցհարցումների տվյալների վրա։ Այդ նույն հրապարակումների համաձայն, սոցհարցումների արդյունքները իրականություն դարձան ընտրությունների ժամանակ, ինչն անակնկալ չէր ամերիկյան դիվանագիտական շրջանակների համար։ Իսկ ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությունը ընտրությունները որակել էր որպես «հիմնականում միջազգային ստանդարտներին համապատասխան»։

/https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN150_a.html/

27.11.2007թ. «ԼՏՊ-ի սցենարը. երկար հարված, որը, միևնույն է, հարված է» վերտառությամբ նամակում Փեննինգթոնը ներկայացնում է Լ. Տեր-Պետրոսյանի հնարավորությունները սպասվող ընտրություններում։ Ըստ նրա՝ Տեր-Պետրոսյանը հաղթելու շատ քիչ շանսեր ունի, լինի դա ընտրությունների, թե փողոցային ցույցերի միջոցով։

/https://wikileaks.org/plusd/cables/07YEREVAN1383_a.html/

19.02.2008թ. նամակում Փեննինգթոնը փորձում է կանխատեսել ընտրություններում հաղթելու՝ Ս. Սարգսյանի շանսերը։ Որպես վերջինիս առավելություններից մեկը՝ նա նշում է, որ հիմնական մրցակից Լ. Տեր- Պետրոսյանն ասոցացվում է մութ ու ցուրտ տարիների հետ, մինչդեռ վերջին 10 տարիների ընթացքում՝ նախագահ Քոչարյանի օրոք, ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը զգալիորեն բարելավվել է։

/https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN144_a.html/

27.02.2008թ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և դեսպանատան մեկ այլ աշխատակից փետրվարի 26-ին հանդիպում են Ս. Սարգսյանի գլխավոր օգնականի և խորհրդականի հետ, որի ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք հավատում են, որ Ս. Սարգսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուս թեկնածուները, և պատրաստ են աշխատել նախագահի հետ մի շարք ուղղություններով, երբ ճգնաժամը կհանգուցալուծվի։ Նրանք նաև կարծիք են հայտնել, որ թեև ՍՍ-ը, հնարավոր է, հաղթել է փետրվարի ընտրություններում, սակայն դրանից հետո պարտվում է մարտը հասարակական կարծիքի համար։

/https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN163_a.html/

2. Ամերիկյան դիվանագետների գրագրությունը փաստում է, որ ընդդիմության երկարաժամկետ պլանը եղել է ցույցերը, հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից և լցնել փողոցները։ Տարօրինակ է, որ այդ հրապարակումներում նշված փաստերը չեն ստուգվել, չեն մեկնաբանվել ՀՔԾ կողմից, քանի որ այն կարող էր էական նշանակություն ունենալ արարքի և գործով անցնող մեղադրյալների գործողություններին ճիշտ գնահատականներ տալու համար։

13.02.2008թ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը նամակում նշում է, որ թե՛ Լ. Տեր-Պետրոսյանը, թե՛ Ս. Սարգսյանը պատրաստ են մինչև վերջ գնալ այս ընտրությունների դրական արդյունքների համար։ Ոչ ոք պատրաստ չի ընդունել պարտությունը քվեարկության արդյունքում՝ անկախ նրանից, այն կլինի արդար, թե ոչ, երկու կողմերն էլ պատրաստվում են հետընտրական պայքարին։

Փեննինգթոնը նշում է, որ Լ. Տեր-Պետրոսյանի պլանը հենց ցույցերն են։ Տեր-Պետրոսյանը պատրաստվում է ընտրություններից հետո լցնել փողոցները և հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։ Ըստ Փեննինգթոնի՝ Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները հույս ունեն հավաքել ցուցարարների կրիտիկական մասսա և վարդերի կամ նարնջագույն հեղափոխությունների նման ապստամբություն բարձրացնել։ Նա նաև նշում է, որ իշխանությունները նույնպես վճռական են տրամադրված և չեն պատրաստվում հանձնել իշխանությունը։ Փեննինգթոնը նշում է, որ Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջանակներից տեղեկություն են ստացել, որ Ս. Սարգսյանի հաղթանակի պարագայում հենց ընտրությունների օրվա գիշերը ցույցեր կկազմակերպվեն։ Փեննինգթոնը նաև անհավանական է համարում, որ ընտրությունների միջոցով Լ. Տեր-Պետրոսյանը կամ այլ թեկնածու այնքան ձայն կհավաքեն, որ հաղթեն, քանի որ ընտրողների կողմից թեկնածուներից ոչ ոք չունի միանշանակ բարձր աջակցություն։

/https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN117_a.html/

3. Վիկիլիքսյան հրապարակումները փաստում էին, որ դեսպանատունն ուներ տվյալներ, որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում էին պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն։ Ընդ որում, քաղաքական գործընթացներին Մանվել Գրիգորյանի ներքաշման վերաբերյալ ինֆորմացիայի աղբյուրը ԱՄՆ դեսպանատան համար ոչ միայն իշխանությունն է եղել, այլև ընդդիմության ներկայացուցիչները։ Հասկանալի է, որ այս հանգամանքը քաղաքական և իրավական զարգացումները բոլորովին այլ հունով էին տանելու։ Այս հանգամանքների բացահայտումը կքանդեր սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։ Հավանաբար նաև այդ պատճառով է, որ այս հարցերին քրեական գործով անդրադարձ չի կատարվել։


13.02.2008թ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը նամակում նշում է, որ անորոշ տեղեկություն ունեն, ըստ որի ԵԿՄ-ն աջակցելու է Տեր-Պետրոսյանին ընտրությունների ժամանակ և ընտրությունների օրը ու դրան հաջորդող ժամանակաշրջանում դառնալու է նրա հիմնական ուժը։ Նա նշում է, որ դեսպանատան աշխատակիցներից մեկը Լ. Տեր-Պետրոսյանի մտերիմներից մեկի հետ զրույցի ժամանակ իմացել է, որ Մանվել Գրիգորյանն աջակցում է Տեր-Պետրոսյանին և ՊՆ անձնակազմին հայտնել է, որ ԵԿՄ անդամները Հայաստանով մեկ հետևելու են քվեարկության գործընթացին։ ԱՄՆ ներկայացուցիչը հիշեցնում է, որ 1999թ-ին ԵԿՄ-ն արդեն իսկ մեկ անգամ սպառնացել է Քոչարյանի իշխանությանը։ Վերջում ավելացնում է, որ փետրվարի 14-ին դեսպանությունը պատրաստվում է արտակարգ գործողությունների կոմիտեի հանդիպում կազմակերպել՝ քննարկելու համար իրադարձությունների զարգացման սցենարները և գնահատելու դեսպանատան կամ պետքարտուղարության գործողությունները։

/https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN117_a.html/

28.02.2008թ Փեննինգթոնը ներկայացնում է փետրվարի 28-ին նախագահ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման մանրամասները։ Հանդիպման ժամանակ Քոչարյանը ամերիկյան կողմին ի թիվս այլ հարցերի տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գործընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը։ Քոչարյանը նշել է, որ ԵԿՄ-ն արդեն գիտի, որ եթե փորձի ռազմական աջակցություն ցուցաբերել Տեր-Պետրոսյանին, նրանց պետությունը ողջ ուժով կդիմակայի։ Նա նշում է նաև, որ նախորդ օրը Միքայել Մինասյանը նույնպես խոսել էր փետրվարի 22-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ԵԿՄ-ի միջոցով հեղաշրջում կազմակերպելու փորձի մասին։ Լևոն Զուրաբյանն էլ փետրվարի 22-ին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ զրույցի ժամանակ ասել էր, որ Մոսկվայից վերադառնալուց Քոչարյանը կոշտ զրույց է ունեցել ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի հետ, որից հետո վերջինս կարծես վախեցած է, ինքնամեկուսացվել է և անհասանելի է դարձել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի համար։

Անդրադառնալով որոշ ձերբակալությունների՝ Փեննինգթոնը նշում է, որ Քոչարյանը նշել է, որ իրենց նպատակն է՝ ցույցերի ժամանակ բացառել զենքի առկայությունը։
Քոչարյանը նշել է, որ եթե ուզենա ազատել հրապարակը, դա կանի 40 րոպեում, բայց դա կվնասի ցուցարարներին, ինչը ինքը չի ցանկանում։

/https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN168_a.html/

4. Ի վերջո Վիկիլիքսյան հրապարակումները բացահայտում են, որ նախքան անկառավարելի բախումները և ողբեգական զարգացումները կար բացառիկ հնարավորություն՝ խուսափել դրանից, երբ շատ օպերատիվ են գործել ամերիկյան կողմը, ընդդիմության առանձին ներկայացուցիչներ, իսկ Ռոբերտ Քոչարյանը դրսևորել է վճռականություն՝ ամեն կերպ խուսափել բախումներից, գտնել իրավիճակի հանդարտ լուծումներ։ Քոչարյանն, ըստ էության, համաձայնել է ամերիկյան միջնորդությամբ ընդդիմության բոլոր պայմաններին, միայն թե հնարավոր լինի խաղաղ հանգուցալուծման։ Եվ այս բացառիկ հնարավորությունը բաց է թողնվել։

01.03.2008թ. ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱԽ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված զեկույցում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը ներկայացնում է մարտի մեկին Ազատության հրապարակում ցուցարարներին ոստիկանության կողմից ցրելուց հետո տեղի ունեցած իրադարձությունները։ Նա նշում է, որ կեսօրին Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների մոտ հավաքվել է մոտ 3500 քաղաքացի, որոնք կարճ ժամանակում վերածվել են բարկացած զանգվածի, քարեր և շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոբուսները վերածել բարիկադների։ 18:00-ի դրությամբ արդեն հավաքվել է 20-30000 ցուցարար, որոնք շարունակում են բարիկադներ կառուցել։ Ժամը 17-ի կողմերը ևս մեկ խումբ՝ զինված ինքնաշեն ձողերով, շղթաներով, իմպրովիզացված զենքերով, գրավել է Հաղթանակի կամուրջը՝ նորից որպես բարիկադներ օգտագործելով ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։ Այդ մեքենաների բակերի մեջ գազով ներծծված կտորներ են դրել, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ այրել մեքենաները։

Ժամը 17։00-ին Զուրաբյանը զանգահարել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին, խնդրել, որ ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն ուղարկի ՀՀ կառավարությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է գալ հանրահավաքի վայր և վերահսկել ամբոխին, եթե իշխանությունները նրան թույլ տան դուրս գալ տնից և անհապաղ թույլտվություն տան 10 օր օրինական ցույցեր կազմակերպել։ ԱՄՆ ներկայացուցիչն այս մասին տեղեկացրել է Վիգեն Սարգսյանին, որը պատասխանել է, որ Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չէ և ազատ է տնից դուրս գալ՝ երբ ցանկանա։ Կես ժամ անց Սարգսյանը հետ է զանգել, ու հայտնել, որ Քոչարյանը պատրաստ է կազմակերպել Տեր-Պետրոսյանի տեղափոխությունը, եթե նա պատրաստ է ցրել ցուցարարներին կամ տեղափոխել նրանց Դինամո մարզադաշտ։

Քոչարյանը նաև երաշխավորել է թույլ տալ անցկացնել ցանկացած այլ հանրահավաք Դինամո մարզադաշտի տարածքում։ Պատասխանն ուղարկվել է Լևոն Զուրաբյանին, սակայն շուտով նա տեղեկացրել է, որ Տեր-Պետրոսյանն ուղիղ կապ է հաստատել նախագահականի հետ և փորձում է Մատենադարանի մոտ 15 օր ցույցեր կազմակերպելու երաշխավորություն ստանալ։

/https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN179_a.html/

Սրանք Մարտի 1-ի գործով պատասխան ակնկալող բազմաթիվ հարցերից մի քանիսն են, որոնք հերքում են սահմանադրական կարգի տապալման վարկածը, որոնց վերաբերյալ մասամբ տեղեկատվություն ենք ստանում Վիկիլիքսի հրապարակումներից, սակայն որոնց անպատասխան մնալու դեպքում Հայաստանի հասարակությունը այդպես էլ չի ունենա պատկերացում դեպքերի իրական զարգացման և պատասխանատուների և պատասխանատվության չափաբաժինների մասին։

Այս ամենը, ինչպես նաև գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի պնդումները 79-ը հատորներում չեն արտացոլվում։ Եվ եթե մենք ուզում ենք բացահայտել մարտի 1-ի ողբերգության խորքային խնդիրները, ապա մարտի 1-ի գործի 500 հատորը, որ համառորեն չի տրամադրվում պաշտպանական կողմին, համադրելով վիկիլիքսյան հրապարակումների հետ, կարող է լրիվ փոխել գործի ընթացքը, նոր բացահայտումներ անել։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս խորագրի վերջին նյութերը