Կարծիք

17.09.2020 21:03


Դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու համար տուգանքն ու մարդուն ազատությունից զրկելը ստանում են պատժիչ բնույթ

Դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու համար տուգանքն ու մարդուն ազատությունից զրկելը ստանում են պատժիչ բնույթ
Ոստիկանության գործողությունները դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար մարդկանց տուգանելու և Ոստիկանության բաժին բերման ենթարկելու հետ կապված դառնում են մտահոգիչ ու համակարգային առումով ստանում ոչ ճիշտ զարգացումներ:
1. Ակնհայտ է, որ առհասարակ,
որպես անհատական պաշտպանության միջոց, դիմակ կրելու պահանջի նպատակը նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելումը կամ այդ վարակի տարածման դեմ պայքարն է: Հենց այդ հիմնարար նպատակին էլ պետք ուղղված լինի պետության ցանկացած այն մարմնի կամ պաշտոնատար անձի գործունեությունը, որն այս հարցերում ունի օրենքով սահմանված գործառույթներ:
2. Դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար մարդուն բերման ենթարկելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու, նրան վարչական
տուգանքի ենթարկելու կապակցությամբ Ոստիկանության գործող պրակտիկան անթույլատրելի դրսևորումներ է ստանում:
3. Բերման ենթարկված կամ ազատությունից զրկված մարդու նվազագույն իրավունքները չեն ապահովվում, խախտվում է ազատությունից զրկելու պատճառները մարդուն պատշաճ ներկայացնելու պարտադիր պահանջը, խնդիրներ են արձանագրվում բերման ենթարկելու առնչությամբ կազմվող փաստաթղթերում և այլն:
4. Արձանագրվում են քաղաքացուն մոտեցած ոստիկանի օրենքից չբխող պահվածքի, քաղաքացու հետ շփման հարցում անորոշության և նրան անընդունելի ձևով բերման ենթարկելու, այդ ընթացքում անհամաչափ ուժ գործադրելու դեպքեր:
Անընդունելի են բոլոր այն դեպքերը, երբ քաղաքացին ունի դիմակ, սակայն ոստիկանի իրավական ներգործությանն
է արժանանում անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար ու, առհասարակ, ինքնին անձը հաստատող փաստաթուղթ չունենալը պատասխանատվության ենթարկելու կամ քաղաքացու նկատմամբ իրավական ներգործության ինքնավար հիմք լինել չի կարող և վերջ:
5. Առանց այն էլ բերման ենթարկելու համակարգում առկա համակարգային խնդիրների պայմաններում արտակարգ դրությունից սկսած ձևավորված այս
նոր պրակտիկան ավելի Է խորացնում առկա խնդիրները:
Այս ամենն իր հերթին երկրում առաջացնում է լրացուցիչ լարվածություն առանց այն էլ նոր կորոնավիրուսային վարակի առաջացրած դժվարությունների պայմաններում:
6. Ակնհայտ է, որ դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար վարչական տուգանքն ու մարդուն ազատությունից զրկելը ստանում
են պատժիչ բնույթ: Սա անընդունելի ու մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից վտանգավոր մոտեցում է:
Իրականում, այդ գործողությունների նպատակը պետք է լինի նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն աջակցելը, երկրում
համերաշխության մթնոլորտ ապահովելուն նպաստելը. սա է այն ղեկավար սկզբունքը, որով պետք է ղեկավարվել:
7. Մյուս կողմից, ակնհայտ է, որ ոստիկաններն իրենք են դարձել գոյություն ունեցող անորոշ կարգավորումների «իրավական զոհը»: Այս ոլորտի օրենսդրությունն այդպես էլ չունեցավ կոնկրետության անհրաժեշտ աստիճան, չստացավ բավարար կանխատեսելիություն թե՛ քաղաքացու, թե՛ Ոստիկանության ծառայողի համար:
Ոստիկանության ծառայողների համար պետք է առկա լինեն մանրամասն կանոններ կամ ուղեցույցեր, որոնք
նախատեսված կլինեն հենց նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում նրանց աշխատանքի
համար:
8. Բերման ենթարկելն իրականում պետք է լինի վերջին միջոց և գործադրվի միայն այն բացառիկ դեպքերում, երբ քաղաքացուն մոտեցած ոստիկանը
սպառել է իրեն օրենքով հասանելի բոլոր մյուս միջոցները և դա պահանջված է կոնկրետ իրավիճակի պայմաններով: Ոստիկանը պետք է ցուցաբերի նաև անհատական մոտեցում իր
գործողություններն իրականացնելիս՝ յուրաքանչյուր դեպքի առանձնահատկությունները
հաշվի առնելով:
9. Յուրաքանչյուր ոստիկան պետք է հստակ գիտակցի, որ բերման ենթարկելն ազատությունից զրկել է և հենց ինքն է պետության այն ներկայացուցիչը, որ պարտավոր է երաշխավորել այն մարդու իրավունքները, ում ինքը մոտեցել է կամ ում նկատմամբ պատրաստվում է ներգործուության միջոց կիրառել (բերման
կամ տուգանքի ենթարկել և այլն):
Անհրաժեշտության դեպքում ոստիկանը պետք է քաղաքացուն տրամադրի դիմակ, այլ ոչ թե Ոստիկանության բաժին հարկադրաբար տանելը դիտարկի՝ որպես հիմնական ու այն էլ առաջնային այլընտրանք:
10. Ոստիկանը յուրաքանչյուր պահանջվող դեպքում քաղաքացուն պետք է պարզաբանի դիմակ կրելու
պահանջի էությունը, դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու հետևանքները: Ոստիկանը պետք է նաև պատշաճ տիրապետի այն իրավախախտման հատկանիշներին, որի համար անձի նկատմամբ կիրառում է ներգործության միջոց:
Ոստիկանները պետք է անցնեն նվազագույն պահանջները բավարարող դասընթացներ, որպեսզի կարողանան քաղաքացուն բացատրել դիմակ
չկրելու թե՛ իրավական, թե՛ առողջապահական հետևանքները, իսկ անահրժեշտության դեպքում ցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն:
11. Վերջապես, յուրաքանչյուր անգամ ոստիկանների գործողությունների
առնչությամբ նշանակվող ծառայողական քննություններն առանց նկարագրված համակարգային խնդիրները լուծելու իրական արդյունք տալ չեն կարող:
Նման պայմաններում այդ ծառայողական քննությունները պարզապես ձեռք են բերում դրվագային ու այն էլ ոչ արդյունավետ նշանակություն կոնկրետ միջադեպերով արձանագրվող
խնդիրները լուծելու տեսանկյունից և պատրանքային են դառնում տարիներով կուտակված համակարգային խնդիրները լուծելու տեսանկյունից:
12. Այս բոլոր դիտարկումներս
հիմնված են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, Ոստիկանության բաժիններ մեր այցերի, ինչպես նաև դիտարկումների արդյունքների վրա: Յուրաքանչյուր
կոնկրետ դեպքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված վարույթներով իրականացվում են կոնկրետ գործողություններ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
13. Հատուկ արձանագրում եմ, որ այս գրառումը չի առնչվում այն հարցին, թե դիմակն ինչ կանխարգելիչ նշանակություն ունի: Այս գրառումը նպատակ չունի նաև գնահատելու դիմակ կրելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ փակ կամ բաց տարածքներում:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների
պաշտպան

Այս խորագրի վերջին նյութերը