Մեկնաբանություն

18.09.2020 00:37


Երբ անցնում է «փիառվելու» պահը, Փաշինյանին էլ ոչինչ չի հետաքրքրում, ուստի՝ ի՜նչ գործարան, ի՜նչ բացում

Երբ անցնում է «փիառվելու» պահը, Փաշինյանին էլ ոչինչ չի հետաքրքրում, ուստի՝ ի՜նչ գործարան, ի՜նչ բացում

Զորակոչելով նյարդերիս ամբողջ պաշարն ու ամրությունը՝ դիտեցի ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանը: Հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի պատասխանները:

Ինչն էր հետաքրքիր: Գրեթե յուրաքանչյուր հարց տվող պատգամավոր, եթե Փաշինյանի «Իմ քայլից» չէր, ստիպված էր լինում մի հատ էլ բացատրել, թե ինքն ի՛նչ էր հարցնում, հարցն ինչի մասին էր: Դա պատահական չէր: Նիկոլ Փաշինյանը, զանազան «կռուտիտներով» (կներեք, իր բառապաշարից օգտվելու համար) «թռնում» էր հարցերից: Ենթադրենք, կոնկրետ այդ պահին, կոնկրետ ԱԺ դահլիճում այդ գործելաոճը ինչ-որ արդյունք տալիս էր: Բայց առհասարակ, շատ վատ տպավորություն է թողնում, քանի որ, նախ՝ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձին ստիպված են լինում հիշեցնել, որ հարցը այլ բանի մասին էր կամ շեշտը այլ էր, քան այն, ինչը որպես պատասխան արտաբերում էր Փաշինյանը: Երկրորդ՝ «թռնողական»-«կռուտիտային» գործելակերպը հուշում է, որ կառավարությունն ինքը կանգնած է լուրջ խնդիրների առաջ, ի լրումն, երկիրն ու հասարակությանն էլ է ոչ պակաս խնդիրների առաջ կանգնեցրել:

Հարցնում են, օրինակ, մի նորակառույց բազմահարկի շինարարության մասին՝ շեշտելով, որ դրա հետևանքով շրջակա հին առանձնատները խարխլվում են: Փաշինյանը արձագանքում է, ու՝ բա ասում եք, թե՝ շինարարության ոլորտում անկում ունենք: Ու, մեծ գյուտ արածի տարբերակով շարունակում է, թե՝ շինարարության ոլորտում ուզում եք ցուցանիշներն աճեն, բարձրահարկի շինարարությունից դժգոհում եք...

Մինչդեռ, հարցը խարխլված մերձակա տների ու այդ տների բնակիչների մասին էր: Իսկ բնակիչներն էլ, ինչպես ասաց հարցը հնչեցնող պատգամավորը, բակերում ասում-խոսում են, որ նորակառույցի շինարարությունը պրո-իշխանական մեծահարուստ Սուքիասյանների հետ կապ ունի, դրա պատճառով իրենց խնդրին ուշադրություն չեն դարձնում...

Թե ինչը կամ ով ինչի հետ կապ ունի, դա այլ հարց է ու դեռ մի կողմ: Մանավանդ, որ ասվեց՝ «բակային խոսակցություններ» են: Բայց եթե այսօրինակ խոսակցություն Ազգային ժողովի դահլիճում մի 4 տարի առաջ լիներ, ապա Նիկոլ Փաշինյանը խայթվածի պես վեր կթռչեր, խոսափողով ու առանց խոսափողի «կնախշեր» իշխանություններին, մանրամասն, լացացնելու աստիճան կնկարագրեր խարխլված տների բնակիչների տառապանքները, կառուցվող բարձրահարկի տերերին ու բնակիչներին էլ այնպիսի բնորոշումներ կտար, որ որևէ մեկը այդ շենքում տուն գնելուց առաջ մի քիչ ավելի երկար կմտածեր: Բայց դա «հին» Նիկոլ Փաշինյանը: «Նոր» Նիկոլ Փաշինյանը նման դրսևորումների հավես, ժամանակ ու անհրաժեշտություն չունի: Նա իր ուզածին հասել է, և հիմա «կայֆավատ» է լինում՝ մի օր ձի է քշում, մի օր խոսափող, անկապ պատասխաններ է տալիս:

Հարցնում են, ասում են՝ գործարանները, որոնց բացումներին եղել եք, հիմա կա՛մ չեն աշխատում, կա՛մ խնդիրներ ունեն:

Ի՞նչ ասի, որ լավ լինի: Իսկ ասում է, թե այդ առաջ էր, որ եթե բացմանը գնում էին, ապա 5 կամ ավելի տոկոս այդ գործարանում փայ ունեին, իսկ հիմա, որ ինքը գնում է, ուզում է ասել, որ տնտեսական գործունեության համար հավասար հնարավորություններ են ապահովում:

Բայց մի րոպե: Ստոպ: Նախ, այդ ո՞ւմ «փայ ունենալն» եք ապացուցել, ինչպես ասվում է՝ դատարանով-բանով: Երկրորդ, իսկ ո՞վ ասաց, որ նախկինները, եթե գնում էին մի որևէ ձեռնարկության բացման, դա չէին անում նույն այդ՝ տնտեսական գործունեության հավասար հնարավորությունները, ավելին՝ կոնկրետ ներդրումներ խրախուսելու, տնտեսական աշխուժության նկատառումներով, իրենց վարած տնտեսական քաղաքականության ինչ-որ արդյունք ցույց ցույց տալու, ընդգծելու համար:

Լավ, ենթադրենք, Նիկոլ Փաշինյանը ոչ մի տեղ ոչ մի փայ չունի, ինչպես հավաստիացնում է: Ու իր ազգական-բարեկամ-քայլակիցներն էլ չունեն: Անփայ են: Մաս-մաքուր:

Է, հետո՞: Եթե գործարանը բացվել է, բայց որոշ ժամանակ անց չի աշխատում, ի՞նչ կարևոր է, թե ով ինչ փայ ունի կամ չունի այդ ձեռնարկությունում: Հատկապես, անաշխատանք մնացած աշխատողի տեսանկյունից դա կարևո՞ր է: Ձեռնարկության չգործելու հետևանքով բյուջեի չստացած հարկային եկամուտների տեսանկյունից «փայատիրությունը» կարևո՞ր է:

Ամենից զի՛լը, եթե չասվի՝ գլուխգործոցը այն էր, որ Փաշինյանը սկսեց ձևացնել, թե չի հիշում, որ Վանաձորում նման միջոցառման է մասնակցել, ինչ-որ ձեռնարկություն է բացել: Հասկանալի է, որ շատ արագ, տարբեր լրատվամիջոցներ հանրությանը ակնառու ցույց տվեցին, որ ոչ միայն Փաշինյանը, այլև Ավինյանը ու բազմաթիվ այլ «քայլական» իշխանավորներ մասնակցել են այդ ձեռնարկության բացմանը: Տեսանյութերը թարմացրեցին:

Թեպետ, գիտե՞ք, հնարավոր է, որ Փաշինյանը ոչ էլ ձևացնում էր, թե՝ չի հիշում: Հնարավոր է նա իսկապես էլ չէր հիշում: Այն տեսանկյունից, որ գնաց, օրինակ, Վանաձոր կամ ասենք՝ Սյունիք, կամ որևէ այլ վայր, ինչ-որ ուտեստներ համտեսեց, ինչ-որ ձեռնարկություններ բացեց կամ այցելեց, այդ ամենի ֆոնին կամ այդ ամենով «փիառվեց» ու... վերջ: «Փիառվելու» պահը անցա՞վ, դրանից հետո Փաշինյանին այլևս հետաքրքիր չէ, թե ինչ կլինի: Գուցե հենց դրա համար էլ չէր հիշում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը