Մեկնաբանություն

18.09.2020 11:00


Անլրջությամբ «փայլատակածը» լրջությունից է խոսում, խելքի աշեցեք

Անլրջությամբ «փայլատակածը» լրջությունից է խոսում, խելքի աշեցեք

ԱԺ-կառավարության հարցուպատասխանի օրն էր, ասել կուզի՝ Նիկոլ Փաշինյանի հերթական «բենեֆիսը»: Է՛լ Բելառուսին տարավ ու անդամակցեց Եվրոպայի խորհրդին, է՛լ ՍԴ ճգնաժամի վերջանալու մասին ազդարարեց, է՛լ գլուխ գովեց, թե կորոնավիրուսի վարակի դեմ պայքարում՝ իր անզուգական գլխավորությամբ, կառավարությունը 100 տոկոսով ամեն ինչ ճիշտ է արել...

Դե, Բելառուսը դեռ մի կողմ: Թող Լուկաշենկոն ու Ստրասբուրգը կամ Բրյուսելը պարզեն իրենց հարաբերությունները: Սահմանադրական դատարանի ճգնաժամ, որպես այդպիսին, նախ՝ չի եղել, երկրորդ՝ ճգնաժամ կամ խնդիրներ հարուցել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ի վերջո՝ դիմել է ուզուրպացիայի՝ ոտնակոխ անելով օրենք, Սահմանադրություն ու կարգ, կարելի է ասել՝ զոռբայաբար «գրավել» է Սահմանադրական դատարանը: Հիմա երեք անձի ՍԴ դատավոր են կարգել, դա համարում է կամ անվանում է «ճգնաժամի հանգուցալուծում» կամ ավարտ: Ճգնաժամը փնտրեք ձեր գլուխներում, եթե սաստիկ քամին չխանգարի դա անել:

Կորոնավիրուսի հարցը: Սա նույնպես հետաքրքիր է: Շատ ավելի հետաքրքիր, քան Բելառուսն ու նույնիսկ Արայիկ Հարությունյանի հարցը:

Ի՞նչ ասաց Նիկոլ Փաշինյանը հարցուպատասխանի ժամանակ: Սկզբունքորեն ոչ մի նոր կամ «թարմ» բան: Ողջունեց կորոնավիրուսի վարակի դեմ պայքարի հարցում կառավարության գործունեության հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողովի ձևավորումն ու կեսբերան «բարի երթ» մաղթեց:

Կրկնեց «դիմակատուգանքային» ռազմավարության արդարացված լինելու մասին իր թեզը, ավելին՝ հայտարարեց թե՝ կառավարությունն ինչ արել է, ամեն ինչ ճիշտ է արել (վարակի դեմ պայքարի առումով): Ամենակարևոր պահերից մեկը Նիկոլ Փաշինյանի թերևս այն հայտարարությունն էր, թե վարակի դեմ պայքարի առումով կառավարության (այսինքն՝ իր) ամենից մեծ սխալը այն է եղել, որ ի սկզբանե ամենակոշտ վարչական և ուժային մեթոդներ չեն կիրառվել:

Հասկանալի է, թե ում դեմ պիտի կիրառվեին այդ շատ խիստ վարչական կամ ուժային մեթոդները: Խաղաղ բնակչության դեմ, որը նաև ընտրող է, այդ թվում՝ Փաշինյանին ընտրող, այսինքն՝ արդեն ընտրած ու ընտրության «պտուղները» վայելող:

Լավ, եկեք, ուրեմն մի քիչ էլ «հետ գնանք»: Այն պահը, երբ ակնհայտ էր արդեն, որ Հայաստանը նոր կորոնավիրուսի վարակի ներթափանցումից չի խուսափելու, երբ պարզ դարձավ, որ չի խուսափել:

Ողորմած պարո՜ն, նկատի ունեմ՝ Նիկոլ Փաշինյան, և իրեն շողոքորթափառաբանողներ, պե՛տք չէ և պետք չէր ուժային խիստ մեթոդներով հարձակվել քաղաքացիների վրա: Ձեր «քայլաթիմը» չէ, ի վերջո: Պետք էր հստակ, գիտակցված ու ընդգրկուն կարանտինային քայլեր ձեռնարկել հե՛նց սկզբնական շրջանում, այսինքն՝ փետրվարին, մարտին: Պետք էր հսկողության տակ վերցնել սահմաններն ու, մասնավորապես, դրսից Հայաստան եկողների շարժը: Սա՛ է հարցը:

Իսկ ի՞նչ արեց Փաշինյանի կառավարությունը. գործնականում վարակը «հրավիրեց» Հայաստան, թողեց, որ այն տարածվի՝ իր ժամանակավրեպ և «բանը բանից անցնելուց» հետո ձեռնարկած կիսատ-պռատ քայլերով, իսկ հիմա մեղադրում է ում ասես, ներառյալ՝ ժողովրդին:

Ինչպե՞ս իրեն դրսևորեց Նիկոլ Փաշինյանը՝ իր հավաքած «թիմի» ներկայացուցիչներով հանդերձ, վարակի դեմ պայքարի ամենի՛ց կարևոր, նախնական փուլում: Սարսափելի վատ և ահավոր անլուրջ դրսևորեցին իրենց պարոնյաք «թավշապետերը»: Դո՞ւք չէիք ասում, թե՝ «կորոնավիրուսն ում շունն ա», դո՞ւք չէիք տնական արաղով, պինցետով-բանով վարակի դեմ պայքարելու մասին խոսում:

Սա էլ հո Վանաձորում գործարան բացել-չբացելու հա՞րցը չէ, որ մարդիկ չհիշեն: Եթե ինքներդ չեք հիշում, հիշեցնելը դժվար չէ:

Եվ ինչո՞ւ ձեր սիրասուն կառավարությունը չէր դիմում կամ չդիմեց ուժային կոշտ մեթոդների: Ասե՞մ: Ասե՛մ: Որովհետև, կորոնավիրուսի վարակի դեմ պայքարը, կանխարգելիչ անհրաժեշտ քայլերը, որ դեռ փետրվարին, եթե ոչ հունվարի կեսերից պիտի ձեռնարկված լինեին, Նիկոլ Փաշինյանն ու իր «քայլաթիմը» ստորադասել էին իրենց նեղ շրջանակի քաղաքական շահին՝ Սահմանադրական դատարանը «գրավելու» գործընթացին: Հանրաքվեի էիք գնում, ընտրողների ձայներ էին պետք, դրա համար էլ՝ մահակով, տուգանքով, ոստիկանով վրա չէիք տալիս ընտրողների ու նրանց պոտենցիալ ձայների վրա:

Այն ժամանակ, երբ պետք էր արդեն վարակի դեմ պայքարելու մասին մտածել, կարանտինային տարածքներ առանձնացնել, բուժանձնակազմին նախապատրաստել, ախտահանիչ նյութերի ու պարագաների ռազմավարական պաշար կուտակել, մի խոսքով՝ ԱՇԽԱՏԵԼ, կատարել անմիջական աշխատանքային ու պաշտոնական պարտականությունները, որոնց համար չարդարացված և անտեղի պարգևավճարներ են ստանում, ահա հենց այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր «քայլաթիմը» կենտրոնացած էր Սահմանադրությունը «կարուձև» անելու, հանրաքվե կազմակերպելու և նման բաների վրա:

Բա դուք «Այո՛»-ի հանրաքվե էիք անում, հեղափոխության «երկրորդ ալիք» ու նման բաներ: Բա դուք, երբ արդեն վարակը ներթափանցել էր Հայաստան, հանրահավաքներ էիք անում, մարդկանց իրար գլխի հավաքում:

Մոռացե՞լ եք... Մենք չենք մոռացել: Ու, վստահ եմ, դեռ ավելի սաստիկ հիշեցնելու առիթ կլինի, քան ԱԺ քննիչ հանձնաժողովի տարբերակն է: Եվ, եթե շատ եք ուզում կորոնավիրուսի դեմ պայքարը զուգահեռել պատերազմի հետ, ապա ավելի լավ: Կորոնավիրուսի հետ կապված հարցերով, ուրեմն, այս կառավարությանը պետք է դատել պատերազմական ժամանակների կանոններով:

Անլջրությամբ «փայլատակածը» լրջությունից է խոսում, խելքի աշեցեք: Չնայած, համամիտ եմ, Ջիվանին ավելի լավ է արտահայտվել.

«Աքլորը քարոզչի վերարկու հագած

Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք...»:

Կես տարուց քիչ ավելի ժամանակահատվածում 1200 մարդ է մահացել այդ վարակի հետևանքով: Կորոնավարակային դաժան ցուցանիշներով Հայաստանը աշխարհում ամենավատ դիրքերից մեկում է, իսկ օրվա կառավարության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, հենց ԱԺ ամբիոնի մոտ ամոթից «գետինը մտնելու» փոխարեն, դեռ մի բան էլ հարձակողական-մուննաթոտ տոնայնությամբ հայտարարում է, թե՝ ինչ արել են՝ ճիշտ են արել:

Դժվար է ասել, թե կառավարության հակահամաճարակային գործունեության մեջ որն է ամենամեծ սխալը, որը՝ ավելի փոքր, բայց այս իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի դառնա վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիների գործած ամենամեծ սխալը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը