Մեկնաբանություն

17.09.2020 16:24


«Սատարել, միանշանակ սատարել»

«Սատարել, միանշանակ սատարել»

Հայաստաանի քաղաքական կոչված դաշտում կրքեր են բորբոքվում։ Մակարդակը՝ շրիշակից ցածր։

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով ակնարկում է, որ Գագիկ Ծառուկյանը բռնաբար է և կողոպտիչ։ Գագիկ Ծառուկյանն էլ իր հերթին ակնարկում է, որ Նիկոլ Փաշինյանը գիժ է և ըստ այդմ սպառնում է մեր երկրի անվտանգությանը։

Հեղափոխության «ջրերը գնացին»

Այս ամենը սպասելի էր, քանզի Փաշինյանի ու Ծառուկյանի փոխհարաբերությունները միշտ են վատ եղել։ Նրանք դասակարգային թշնամիներ են։ «Նիվայի» պատմությունը ոչ մեկը չի մոռացել։

Չի մոռացվել նաև այն, որ «Իմպիչմենտ» դաշինքը, որը Նիկոլը ղեկավարում էր 2007թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այն օրերի իշխանության մի թևի հովանավորությամբ էր ստեղծվել։ «Իմպիչմենտը» ստեղծվել էր, որպեսզի Ծառուկյանի դեմ կռիվ տար։

Դրանից հետո Նիկոլը որպես հաճախորդ բազմիցս օգտագործվեց Ծառուկյանի դեմ։ Նրան 2008–ի հանցագործությունից հետո բանտից հանեցին ու դարձրեցին պատգամավոր, հետո պոկեցին ՀԱԿ–ից, որպեսզի այդ փուլում ընդդիմություն աշխատեր իշխանության իրական ընդդիմախոսների դեմ։

Նիկոլին օգտագործել էին ու արդեն պատրաստվում էին դեն նետել, բայց նա հարձակվեց իշխանության նոր պրոյեկտի՝ Էդմոն Մարուքյանի վրա և պահանջեց իր տեղը հաճախորդաց հարեմում։

Որպես ճղճղան՝ Նիկոլը վարձատրվեց «Ելք» դաշինքի կազմում պատգամավոր դառնալով։ Հետո Նիկոլը դուրս եկավ փողոց, հանգամանքների բերումով եղավ իշխանափոխություն, որի ընթացքում Ծառուկյանը ջրեր էր ուղարկում հեղափոխականներին, քանզի ինքն էլ էր մերժում։

Ծառուկյանն ու Փաշինյանը համագործակցեցին փոխադարձ ատելության պայմաններում։ Ծառուկյանը չէր կարող հեղափոխական չդառնալ, իսկ Փաշինյանը չէր կարող հաշվի չառնել Ծառուկյանի խմբակցությանը։

«Թավիշից» հետո ԲՀԿ–ն տեղ ստացավ կառավարությունում, բայց դա կարճաժամկետ կոալիցիա էր։ «Առյուծի» ու «բորենու» այդ «ամուսնությունը» լուծարվեց 2018–ի հոկտեմբերի 2–ին՝ փողոցային տարբերակով։ Դրանից օրեր անց, սակայն, տեղի ունեցավ հաշվարկով «ամուսնություն»՝ կոալիցիոն հուշագրի տեսքով։ Փաշինյանն ու Ծառուկյանը ձեռք սեղմեցին՝ չհավատալով իրենց ստորագրածին ու ասածին։ Բայց դե դա էլ երկար չէր կարող ձգվել, քանզի անհայրենիք նեոբոլշևիկները չեն կարող յոլա գնալ խոշոր փողատերերի հետ։

Ծառուկյանը հույս ուներ, որ հեղափոխությանն ուղարկած ջրերը, մարդկային փոխհարաբերությունները, աղջկա հարսանիքին մասնակցելը, աղ ու հացը, խնամի Խաչատուր Սուքիասյանի լեզուն և իր լոյալությունը հնարավորություն կտան իրեն գլուխը պրծացնել «գժից», բայց դե․․․

Ծառուկյանն արդեն ստիպված էր պահանջել կառավարության 100 տոկոսի հրաժարականը։ Հետո դատ, ապա օդում կախված գործ և դատական որոշման անորոշ հետաձգում։

Ինչով կավարտվի հեղափոխական «դրաման»

Պարզից էլ պարզ է, որ կապիտալի նախնական կուտակում ապրող Նիկոլը չի կարող հանդուրժել Ծառուկյանին և ընդհանրապես որևէ փողատիրոջ կամ սեփականատիրոջ։

Նիկոլն ուզում է հավերժ իշխել, օգտվել պետության հաշվին ապրելու հնարավորությունից, հաղթահարել սեփական կոմպլեքսները, և վերջապես հարստանալ։ Շատ հարստանալ։ Անսահման հարստանալ։ Ուտել փոքր ժամանակ չկերածը, հագնել չհագածը, քշել չքշածը, տեսնել չտեսածը և այդպես շարունակ։

Իշխանության, փառքի ու փողի հանդեպ Նիկոլի պաթոլոգիկ հակումները նրան թշնամացրել են բոլորի հետ։ Նա օտար է բոլորի համար։ Իր թիմն իր ընտանիքն է ու նոսրացող ամբոխը։ Տակն ուրիշ բան չկա։

Նիկոլին տխուր վերջաբան է սպասում։ Բայց ինքը ջհանդամը։ Երկիրը վարի չտա այս ընթացքում։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը