Կարծիք

15.04.2011 21:25


Եկել է անկեղծանալու պահը

Եկել է անկեղծանալու պահը

Հայ ազգային կոնգրեսում ստեղծված մթնոլորտը հանգեցրեց նրան, որ Կարապետ Ռուբինյանը ստիպված եղավ դադարեցնել անդամակցությունը ՀԱԿ-ին: Ուշադիր ընթերցելով Ռուբինյանի հայտարարությունը, հասկանում ենք, որ նա բավական դժվար եւ ծանր որոշում է կայացրել, եւ որ այն արշավը, որ սկսվել էր նրա եւ բոլոր նրանց դեմ, ովքեր համարձակվում էին քննադատել Կոնգրեսին, չէր կարող նման հանգուցալուծման չհասցնել:

Դժվար չէ կռահել, թե հիմա ինչ արշավ, ավելի ճիշտ` նոր արշավ կսկսվի Ռուբինյանի դեմ: Հիմա կհիշեն, թե նա ինչ վատ արարքներ է թույլ տվել մանուկ հասակում, պատանեկան տարիներին, ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելիս:

Կոնգրեսում իսկապես սարսափելի մթնոլորտ է ստեղծվել, որը չի կարող չմտահոգել Հայաստանի ապագայով մտահոգ ցանկացած մարդու: Չի կարող չմտահոգել, քանի որ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի ետեւից գնում են ինչ որ քանակի մարդիկ, որոնք ապրում են մեր կողքին եւ իրենց որոշումներով, պահվածքով որոշակի ազդեցություն թողնում ընթացող գործընթացների եւ երկրում ձեւավորվող բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

ՀԱԿ-ի քարոզիչները եւ նրանց ազդեցության տակ հայտնվածներն ուրախությամբ եւ անդադար կրկնում են, թե ինչու եք այսքան անհանգստացած մեզնով, ինչու եք խորհուրդներ տալիս, ինչու եք առաջարկություններ անում: Սիրելիներ, մենք մտահոգ ենք երկրի համար, մենք մտահոգ ենք նրանց համար, ովքեր կույր հավատով գնում են Լեւոն Տեր-Պետրոսյանի ետեւից եւ հավատում են, որ Տեր-Պետրոսյանի նպատակը իշխանափոխությունն է, այլ կերպ ասած նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրությունները: Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ ծանր հոգեկան վիճակում կհայտնվեն հազարավոր մարդիկ, երբ ի վերջո հասկանան, թե որն է Տեր-Պետրոսյանի նպատակը:

Հիմա, հետեւելով Կոնգրեսի քարոզիչների ցինիկ, հեգնական ոճին, հասկանում ես, որ նրանք հայտնվել են բավական դժվարին վիճակում եւ խիստ նյարդային են: Նրանք հասկանում են, որ քաղաքական դաշտն իրենց ոտքերի տակից գնում է: Նրանք հասկանում են, որ այլեւս նախկին կոչերով չեն կարող իրենց ետեւից հազարավոր մարդկանց տանել, եւ որ ամենակարեւորն է` ընտրություններում էլ հարյուր հազարավոր ձայներ չեն կարող ստանալ: Հասկանում են եւ սկսում ավելի սուր քննադատել... ոչ, ոչ իշխանություններին չէ, այլ նրանց, ովքեր Կոնգրեսին մտերմաբար խորհուրդ են տալիս չծաղրել իրենց հավատացող ժողովրդին:

Եթե նկատել եք, իշխանությունները կոնգրեսի համար այլեւս մոնղոլ-թաթարական չեն: Ամենայն հավանականությամբ, Կոնգրեսի համար բավական էր, որ նախագահի պաշտոնում չլինի Ռոբերտ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է իշխանափոխության համար պայքարողներին, ապա նրանք մի պահ ժողովրդին կերակրեցին հեղափոխական կոչերով, հիմա վախեցնում են պատերազմով, իսկ վաղը, ավելի ճիշտ  ապրիլի 28-ից հետո, երբ պարզ լինի, որ կոնգրեսի պահանջիկները չեն կատարվել, նոր բացատրություններ կգտնվեն: Բայց բացատրություններն էլ անսպառ չեն, եւ մի օր պետք է խոստովանեն, որ պայքարում են խորհրդարանում մի քանի տեղ զբաղեցնելու, այլ կերպ ասած, խորհրդարանում Ժառանգությանը փոխարինելու համար:

Հիմա պարզ է չէ՞, թե ինչու են Կոնգրեսում այդքան ատում Րաֆֆի Հովհաննիսյանին: Հիմա պարզ է չէ՞, թե ինչու են Կոնգրեսում մոռացել մոնղոլ թաթարական տիպի վարչախմբի գոյության մասին ու արհեստական թիրախներ ստեղծել և պայքարել դրանց դեմ:

Այս ամենը ևս մեկ անգամ բերում  է այն մտքին, որ անհրաժեշտություն է նոր քաղաքական ուժ, որն էլ ժողովրդի հետ անկեղծ լինելով՝ կմաքրի կեղտոտված քաղաքական դաշտը: Ընդ որում, այդ նոր ուժը այլմոլորակայինները չեն ստեղծելու: Այն ձեւավորվելու է գործող քաղաքական կուսակցություններից եւ դաշինքներից, քաղաքական գործիչներից եւ շարքային քաղաքացիներից: Ընդ որում, նոր ուժի ձեւավորմանը մասնակցելու են նաեւ այսօրվա կոնգրեսականներից շատերը, քանի որ Կոնգրեսում այսօր հիմնականում հավաքված են մարդիկ, որոնք անկեղծորեն ձգտում են ազատվել գործող վարչախմբից եւ Հայաստանը վերածել ժողովրդավարական պետության:

Կոնգրեսի քարոզիչները կարող են չանհանգստանալ եւ չնյարդայնանալ, ամեն ինչ գնում է իր հունով, իսկ ապրիլի 28-ին հաշված օրեր են մնացել: Այնպես որ, ապրիլի 28-ին Կոնգրեսը ընդամենը մեկ հայտարարություն պետք է անի, եթե իրոք ցանկանում է մնալ քաղաքական դաշտում: Կոնգրեսի առաջնորդներից մեկն առանց հուզվելու պետք է ասի, թե իրենք ամեն ինչ անում են, որ լինեն նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններ, բայց եթե գործը հասնի հերթական ընտրությանը, ապա մասնակցելու ենք, բայց հրաժարվելու ենք մանդատներից, եթե չստանանք տեղերի կեսից ավելին: Իհարկե, դժվար է լինելու, քանի որ շատերը կհարցնեն, իսկ ինչ եք անում, որ լինեն արտահերթ ընտրություններ: Բայց Կոնգրեսի քարոզիչները մի բան կգտնեն այդ տհաճ հարցի տակից դուրս գալու համար:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը