Մեկնաբանություն

17.09.2020 01:00


ՍԴ-ն «նորացված կազմով» ինչ որոշում էլ կայացնի, լեգիտիմ չի լինելու

ՍԴ-ն «նորացված կազմով» ինչ որոշում էլ կայացնի, լեգիտիմ չի լինելու

Մեծ հաշվով, ի՞նչ ցույց տվեց երեքշաբթի օրը խորհրդարանի դահլիճում «ծավալված» հակասահմանադրական բոլոլան, որի անունը դրել էին Սահմանադրական դատարանի 3 դատավորների ընտրություն։

Նախ` ևս մեկ անգամ փաստեց, որ «գլոբալ առումով» Նիկոլ Սահմանադրախախտը մենակ է Սահմանադրական դատարանն իր բոստանը դարձնելու նախաձեռնության մեջ`չգտնվեց մեկը, որևէ քաղաքական ուժ, բացի քայլարած մեծամասնության իր կլոններից, որ կանգներ նրա կողքին։

Երկրորդ` վերահաստատեց, որ Նիկոլի միջոցով խորհրդարան սողոսկած քառակուսի ուղեղներն, անկախ նրանից` ով են, ինչ են, ինչացու են, որտեղից են գալիս, ուր են գնում` սերում են պայմանական Սորոսի՞ց, լևոնահշշական ակունքներ ունե՞ն, թե՞ պատահական մարդիկ են, որոնք ճիշտ պահին հայտնվել են «ճիշտ» տեղում, անդեմ, անսկզբունք ոչնչությունների գորշ նյութից ձուլված միասնական մեկ «մարմին» են, որտեղ թևեր, ոտքեր և այս կամ այն չափով արտահայտված այլ «մարմնամասեր» չկան ու չեն կարող լինել։

«Նույն կեղտն են տարբեր գարշոկներում»` Նիկոլի ճորտերն են, որոնց թույլատրված է ժամանակ առ ժամանակ հիշեցնել իրենց մասին, խաղեր տալ, «կարծիք» հայտնել, հայտարարությունների մակարդակով նույնիսկ հակադրվել «կուսակցական գծին», բայց երբ գալիս է ի վերուստ իջեցված որոշումները դակելու ժամանակը, հերթով` շարվեշարան, «քարը» փեշից թափում և քվեարկում են այնպես, ինչպես պահանջվում է. ներկուսակցական կամ ներխմբակցային ժողովրդավարության, առավել ևս` «բազմակարծության» մասին խոսելն անիմաստ է։

ՍԴ դատավորացուների դեպքում էլ` ինչ պոզուպոչ ասես, որ չկպցրին բոլոր երեք թեկնածուներին (մեկին էլ էն գլխից «մերժեցին»` սցենարի հեղինակն այդպես էր որոշել). է՛լ կոռումպացվածի պիտակ կպցրին, է՛լ «բռնացրին» նախկինների հետ «հանցավոր կապեր» ունենալու մեջ, է՛լ ՄԻԵԴ-ի կողմից «անվավեր» ճանաչված սխալ որոշումներ կայացնելու մեջ մեղադրեցին, է՛լ հարցախեղդ արեցին իրենց «հանցավոր անցյալը» վեր հանող «թույն» հարցերով։ Հե՛նց բանը հասավ քվեարկությանը, մի մարդու պես`սովետական «հին, բարի» ժամանակների հանգույն, հլու-հնազանդ կատարեցին թավշապետի միահեծան կամքը։

Այլ բան է, թե ի՞նչը ստիպեց Նիկոլին շեղվել ապօրինաբար` Սահմանադրության բացահայտ խախտումներով գործից հեռացված ՍԴ դատավորներին քաղաքական գործիչներով` թավշյահեղափոխական քվազիիրավագետներով փոխարինելու նախնական պլանից և թափուր «աշխատատեղերը» լրացնել մասնագետներով։ Գուցե եվրոպաներից ներքին կարգով «դեղին քարտ» էին ցույց տվել` զգուշացրել էին, որ չեն հանդուրժի ակնհայտ քաղաքականացված` քաղաքական չեզոքության չափանիշին բացահայտորեն հակասող մարդկանց մուտքը Սահմանադրական դատարան, և չի ցանկացել «անտեղի» առճակատման գնալ մեր «ժողովրդավարության բաստիոնին» ժողովրդավարություն պարտադրող շրջանակների հետ։

Գուցե չի կարևորել ՍԴ դատավորի ինստիտուտը` նկատի ունենալով այդ ինստիտուտի «ժամանակավորությունը»` Վճռաբեկի հետ միավորվելու և «նոր»` Գերագույն դատարան ստեղծելու հեռանկարը։ Գուցե ՄԻԵԴ-ից «իշմար» են տվել, որ ապօրինաբար «թոշակի ուղարկված» դատավորները կարող են վերականգնվել պաշտոններում, կամ ավելի հիմնավոր պատճառ ուներ` իրեն սորոսական «եղբայրության» կատաղի հարձակումների թիրախ դարձնելու համար։ Օրինակ`ուզում էր հաճոյանալ Ռուսաստանին` արտաքուստ տարանջատվելով ոխերիմ ռուսատյաց կադրերից, եթե, իհարկե, սրանց համար ոչ պակաս յուղոտ պաշտոններ «բրոնյա» չի արել նույն Գերագույն դատարանում, Վճռաբեկ դատարանում, «հակակոռուպցիոն» դատարաններում և էլի ինչ-որ տեղ։

Այսպես թե այնպես, եղածը եղած է, և պատկերը, որ ունենք այսօր ՍԴ-ում, մի՛ բանի մասին է խոսում. Փաշինյանն ու իր դեղնակտուց «չարդարադատության» նախարարը, մեղմ ասած, փարիսեցություն են անում` հայտարարելով, որ «դատական բարեփոխումները», որոնց պսակը Սահմանադրական դատարանի «ոդիսականն» է, չպետք է կապել որևէ կոնկրետ քրեական գործի կամ կոնկրետ «մեղադրյալի»` «գլխավոր ամբաստանյալ» Ռոբերտ Քոչարյանի և Մարտի 1-ի դատավարություն կոչվող ողբերգազավեշտախաղի` իրավական «աբրակադաբրայի» հետ։

Փաստն այն է, որ ՍԴ դատավորների կազմում որակական որևէ փոփոխություն չի եղել. «նորընտիր» դատավորները նույնքան (կամ ավելի) «հին» են և ավելի «նախկին», որքան պաշտոնանկ արված երեք դատավորները, որոնցից մեկի` Ալվինա Գյուլումյանի դեպքում չբարեհաճեցին անգա՛մ իրենց ընդունած հակասահմանադրական «սահմանադրական փոփոխությունների» պահանջը` 12 տարվա պաշտոնավարման ժամկետը պահպանել (նույնիսկ իրենց հաշվարկները հիմք ընդունելու դեպքում`տիկին Գյուլումյանն ընդամենը 11 տարի է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր)։

«Հին»` սև և հակահեղափոխական դատավորներին «ժողովրդի» վստահությունը վայելող «նոր»` թավշյահեղափոխական դատավորներով փոխարինելու փուչիկը շռնդյունով պայթեց։ Փոխարենը իրականություն դարձավ տխրահռչակ Գագիկ Ջհանգիրյանի «մարգարեությունը». «Սահմանադրական դատարանն այս կազմով չի քննելու Քոչարյանի գործը», և վե՛րջ։

Այո, Նիկոլին չհաջողվեց ստանալ իր սրտի Սահմանադրական դատարանը, բայց «հարցերի հարցը»` ոչ մի դեպքում թույլ չտալ, որ ՍԴ-ն «Քոչարյանի գործով» որոշում կայացնի և հաստատի 300.1 հոդվածով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հակասահմանադրականությունը, լուծված է։

Այսքանից հետո, ՍԴ-ն «նոր» կամ մասնակի նորացված կազմով ինչ որոշում էլ կայացնի, արդեն էական չէ։ Ցանկացած որոշում ի սկզբանե լեգիտիմ չէ և չի վայելելու ժողովրդի, նույնիսկ Նիկոլի զոմբիների վստահությունը։

Որովհետև միայն վերջացած հիմարը չի հասկանում`ինչի մասին էր այս ամբողջ «հակասահմանադրական բոլոլան», ինչի համար, և ում համար էին ղողանջում նիկոլական ստահոդ «դատաիրավական բարեփոխումների» զանգակները...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը