Մեկնաբանություն

17.09.2020 00:08


«Կերակրատաշտի» առասպելը և... Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի իմաստը

«Կերակրատաշտի» առասպելը և... Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի իմաստը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասուլիս էր տալիս: Իրեն վստահված ոլորտների նվաճումների ու ձեռքբերումների վերաբարյալ: Միաժամանակ, Ազգային ժողովի դիմաց ակցիա էր, այս մեկը՝ նույն Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Պատճառներ, իհարկե կան: Մենք մեկը նշենք, ակցիայի նախաձեռնողները, թեպետ, ինչո՞ւ միայն նրանք, մի 4-5 պատճառ էլ իրենց կողմից կավելացնեն: Բայց... իմա՞ստը: Նկատի ունեմ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի իմաստը:

Ինքը՝ Արայիկ Հարությունյանը, բնականաբար, վստահ է, որ նախարարի պաշտոնից հրաժարական տալու պատճառ չունի (այդ էր պակաս՝ այլ բան ասեր): Ասում էր, որ եթե հրաժարականի հիմքեր տեսնի, մեկ րոպե ավել չի մնա այդ պաշտոնում, բայց չի տեսնում: Դե չի տեսնում մարդը հիմքեր, ի՞նչ կարող ես անել: Հիմքե՞րը ցույց տալ իրեն: Որ ի՞նչ:

Ասում, ավելի ճիշտ՝ խնդրում է իրեն «հրաժարականներով չվախեցնել (լավ է, չասաց՝ ահաբեկել), ինքը դրանից չի վախենում: ԿԳՄՍ նախարարն ասում է, այսինքն՝ ասաց. «Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել և եմ: Ես առաքելություն եմ ստանձնել ոլորտը բարեփոխելու: Ես դա ներկայում իրականացնում եմ: Եթե ես զգամ, որ գնում ենք սխալ ուղղությամբ, իսկ մենք հիմա գնում ենք ճիշտ ուղղությամբ, ես ինքս հրաժարական կտամ: Հիմա իմ օրակարգում նման հարց չկա»:

Ու գիտե՞ք, այս մի հարցում Արայիկ Հարույթունյանի հետ գրեթե կարելի է համաձայնել: Հետևյալ ենթահիմքով: Ակնհայտ է, իհարկե, որ Արայիկ Հարությունյանը կրթության ու գիտության մի երևելի կազմակերպիչ չէ, առավել ևս՝ իր նեղ-«հեղափոխական» կաղապարված մոտեցումներով ընդհանրապես նախարարի մակարդակի գործիչ չէ: Բայց նրա հրաժարականի պահանջն այս կոնկրետ դեպքում անիմաստ է:

Առողջապահության նախարարի հրաժարականի պահանջն, օրինակ, դեռ ինչ-որ տեղ իմաստավորված է: Մեկ էլ տեսար՝ առողջապահության ոլորտի մեկ այլ, եղածին գերազանցող մասնագետ գտնեն ու «հանկարծակի» նշանակեն: Չնայած, նման իրավիճակում «կամիկաձե» պիտի լինի, որ համաձայնի առողջապահության նախարարի պաշտոնն ստանձնել:

Իսկ Արայիկ Հարությունյանը բացարձակապես քաղաքական նախարար է: Բոլորին էլ հայտնի է, որ նա այդ պաշտոնն ստացել է այն պատճառով, որ քայլել է Նիկոլ Փաշինյանի հետ՝ որպես նրա կուսակցության ղեկավար կազմի անդամ: Ավելին, նա նշանակվել է կրթության, գիտության և ՄՍ նախարար նաև «անարյուն հեղաշրջման» խոշոր շահառու «Սորոսական խմբակի» հետ փոխհամաձայնությամբ: Պատահական չէ, որ ԿԳՄՍ գերատեսչությունը «սորոսականների» յուրօրինակ հենակետի է վերածվել, ինչը շատ լավ երևաց այսպես կոչված «բարեփոխումների» ու «կրթական չափորոշիչների» բովանդակությունից, դրանց՝ Հայ Առաքելական եկեղեցու, ավանդական արժեքների դեմ քողարկված ու նաև՝ անթաքույց ուղղվածությունից:

Բայց, կրկնենք՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը մի տեսակ անիմաստ է թվում: Ավելի ճիշտ, Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը իմաստավորված կլինի, եթե ուղեկցվի կոնկրետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած կառավարության հրաժարականով:

Վերջին հաշվով, եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տա էլ (եթե տա), ապա բավականին արագ նրան այդ պաշտոնում կփոխարինի արդեն լրիվ «փաստաթղթավորված» որևէ «սորոսական»: Ինչևէ:

Եթե չես պահանջում՝ «Նի-կո՛լ, հեռացի՛ր», ապա իմաստ չունի ասել, որ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա:

Ի դեպ, «կերակրատաշտի» մասին: Ասուլիսի ընթացքում, արձագանքելով կրթական չափորոշիչների, օրինակ, պատմության դասագրքերի հնարավոր բովանդակության առնչությամբ մասնագիտական, գիտական շրջանակների դիտողությունների վերաբերյալ հարցին, Արայիկ Հարությունյանը բնութագրական «թավշյա» պատասխան տվեց:

Դա «ծեծված», կարելի է ասել՝ ստանդարտ բանաձև է, որը գործածում է ցանկացած «թավշյա» նորիշխանավոր կամ քարոզիչ: Ճիշտ է, այդ բանաձևը գնալով ավելի ու ավելի քիչ համոզիչ է հնչում: Ասածներն այն է, թե՝ այ, որ իրենք եկել են իշխանության, ինչ-ինչ մարդկանց, տվյալ դեպքում՝ դասագրքեր գրողների, կրթության համար հատկացվող բյուջետային միջոցներից օգտվողների զրկել են «կերակրատաշտից» դրա համար էլ, ուրեմն, քննադատում են, բողոքում և այլն: Այսինքն, անխտիր բոլոր քննադատողները, դժգոհողները քննադատում, դիտողություններ են անում ոչ թե այն պատճառով (ըստ «թավշյա» աշխարհընկալման), որ խնդիրներ կան, քննադատելի երևույթներ և այլն, այլ, որովհետև... «կերակրատաշտից» են զրկվել:

Ի լրումն ամենի, այս «բանաձևը», իր տրամաբանական շարունակության մեջ ոչ միայն խիստ խոցելի են, այլև շրջվում են կիրառողի ու նրանց սատարողների դեմ: Ստացվում է, որ իրենք հիմա գոհ են և «վարդագույն ակնոցով» են ամեն ինչ տեսնում, «բարեփոխիչ» են, որովհետև... «կերակրատաշտի» մեջ են հայտնվել: Այո, այո, ոչ թե «կերակրատաշտի» կամ ինչպես իրենք ժամանակին ասում էին՝ լափամանի կողքն են, այլ ուղղակի հենց մեջը: Պարգևավճարային տեղատարափը վկա, մնացածը՝ չհաշված:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը