Մեկնաբանություն

15.09.2020 23:33


Արվե՞լ է ամեն ինչ՝ «դիմակավարից» կրկին հեռավար կրթության չանցնելու համար

Արվե՞լ է ամեն ինչ՝ «դիմակավարից» կրկին հեռավար կրթության չանցնելու համար

Այսօրվանից երկրի հանրակրթական դպրոցներում և բուհերում, ինչպես ընդունված է ասել՝ ամբողջ ծավալով վերսկսվեց ուսումնական պրոցեսը: Իսկ դա նշանակում է, որ տասնյակ հազարավոր աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ սկսեցին հաճախել կրթօջախներ:

Մեր երկրի օրվա իշխանության կողմից կորոնավարակի պատճառաբանությամբ հայտարարված «արտակարգ դրությունը» փոխարինվել է «կարանտինով»: Սկզբունքորեն՝ նույն բանն է, բայց մեկ ուրիշ ծաղկամանում:

Արձանագրենք, որ կոնկրետ սեպտեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսի վարակի հետ կապված Հայաստանի տվյալները այսպիսին են. վարակվելու հաստատված դեպքերը՝ 46.119, որից ապաքինվածներ՝ 41.941 մարդ, կորոնավիրուսային հիվանդությունից բուժման ընթացքում գտնվողներ կամ «ակտիվ դեպքեր»՝ 3.258: Ուղղակիորեն կորոնավիրուսի վարակի հետևանքով մահացել է 920 մարդ («այլ պատճառներով» նշվող մահվան դեպքերը ևս ներառելով՝ 1200 մարդ է մահացել): Հայաստանը, ինչպես հայտնի է, կորոնավիրուսի վարակի տարածման ու կորուստների տվյալներով աշխարհում ամենավատ ցուցանիշներն ունեցող երկրների շարքում է: Բայց տվյալ դեպքում խոսքն այնքան էլ այդ մասին չէ:

Հիմնականը այն է, թե դպրոցներում ու բուհերում ուսումնական պրոցեսն սկսելն ինչ հետևանքներ կունենա կորոնավարակի տարածման կամ, այսպես ասած՝ հնարավոր «երկրորդ ալիքի» բռնկման տեսանկյունից:

Իշխանությունը փորձում է տպավորություն թողնել, որ ամեն ինչ արել են, մտածել են ամենի մասին, համապատասխան քայլեր են կատարվել: Բայց այդպե՞ս է արդյոք: Հարցը առավել քան հռետորական չէ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ գործ ունենք պոպուլիստ-ինքնապիարվողների իշխանության հետ:

Առաջինը, ինչ հետաքրքրում է կրթօջախների ոչ օն-լայն գործունեության վերսկսման և վարակի առումով այն է, թե արդյոք կրթության և առողջապահության նախարարությունները նախքան ուսումնական պրոցեսն սկսելը թեստավորե՞լ են բոլոր ուսուցիչներին, դասախոսներին, դպրոցների և բուհերի տեխնիկական և սպասարկող անձնակազմերի աշխատակիցներին: Ողջամիտ կազմակերպչական մոտեցման դեպքում պետք է առնվազն սեպտեմբերի 12-13-ին վերը նշված անխտիր բոլորը թեստավորված լինեին՝ կորոնավիրուսի վարակի առումով: Արվե՞լ է նման բան: Ո՛չ, չի արվել: Թեստավորման մասին եթե մտածել էլ են, ապա դա առաջիկա օրերին է արվելու:

Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ կպատահի, եթե հանկարծ ուսուցիչների կամ դասախոսների շարքերում լինեն վարակակիրներ: Հասկանալի է, որ այդ դեպքում կարող ենք ունենալ վարակի նոր բռնկման ու տարածման նոր օջախներ, ինչը վատ է, իհարկե:

Կարծես ինչ-որ ընթացակարգերի մասին մտածել են ոլորտի պատասխանատուները, ասենք՝ ինչ անել, եթե ուսուցչի կամ դպրոց եկած աշակերտի մոտ դիտարկվում են կորոնավիրուսով վարակված լինելու ախտանշաններ: Բայց այդ «հրահանգաթերթիկներն» ակնհայտորեն անբավարար են: Ի վերջո, այս վարակը կարող է և առանց ակնհայտ ախտանշանների լինել վարակակրի մոտ, և ի՞նչ, անցնելու ենք թիրախային տարբերակով առանձին դպրոցներ առժամանակ «փակելո՞ւն»:

Մեկ այլ տեղեկություն էլ շրջանառվեց, թե կարգադրել են, որ ավագ տարիքի ուսուցիչներն ու դասախոսները չհաճախեն դպրոցներ և բուհեր, խոսքը 60-65 տարեկան մանկավարժների մասին է: Բայց արդյոք դա լուծո՞ւմ է: Դա ավելի շատ հիշեցնում է տարեցների համար առևտրի հատուկ ժամեր սահմանելու անհեթեթ որոշումը:

Կամ շատերը կհիշեն այն մոտեցումը, երբ հանրային տրանսպորտի աշխատանքը վերականգնվեց, իսկ դրանցում դիմակով լինելու պարտադրանքը ուժի մեջ մտավ դրանից օրեր անց:

Հասկանալի է, որ քիչ թե շատ ընդհանուր պատկեր ապահովող մոտեցումը համատարած թեստավորումն է: Իսկ այդպիսի ընդգրկուն միջոցառում, ինչպես նշեցինք, նախքա՛ն ուսումնական տարվա մեկնարկը տալը, չի արվել:

Հարցական է և այն, թե արդյոք անխտիր բոլոր դպրոցներում, ինչպես դա պահանջվում է հակահամաճարակային պահանջներով, իրականացվե՞լ է ամբողջական ախտահանում: Արդյոք ամեն օր այդ ախտահանումը կատարվելո՞ւ է...

Չգիտեմ, չկա վստահություն նախ այն առումով, որ արվել է, ապա արվելու մասին պաշտոնյաների հավաստիացումների վերաբերյալ: Ցանկացած ժամանակ ու ցանկացած իշխանություն ներկայացնող պաշտոնյաների ասածներն, իհարկե, պետք չէ «հալած յուղի տեղ» ընդունել, իսկ այս իշխանության ներկայացուցիչներինն առավել ևս: Ի վերջո, խոսում ենք մի իշխանության մասին, որը կորոնավիրուսի վարակի դեմ պայքարը գործնականում տապալել է, որի իշխանության պայմաններում Հայաստանը այդ վարակի առումով աշխարհում ամենավատ վիճակ ունեցող երկրների շարքում է: Խոսում ենք մի իշխանության մասին, որը այդ վարակի դեմ պայքարում երևի միայն այն կասկածելի հաջողությանն է հասել, որ ոստիկանները դիմակ չդնելու համար մի ՀՀ քաղաքացու նկատմամբ ինչ բռնության ասես կարող են դիմել, Գյումրիում նախօրեին կատարվածի տարածված տեսանյութը՝ վկա:

Դե, այս իշխանության համար կարևորն ու ամենառազմավարականը դիմակն է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը