Մեկնաբանություն

15.09.2020 22:30


Գլխավոր ճարտարապետի փոխարինիչ չկա՞․ խնդիր չէ` փոխարինիչ մարմին կգտնենք

Գլխավոր ճարտարապետի փոխարինիչ չկա՞․ խնդիր չէ` փոխարինիչ մարմին կգտնենք

Երևանի քաղաքապետի փոխարինիչ Կարգին Հայկոն, հասկանալի է` ո՛չ առանց վարչահրամայապետ Փաշինյանի օգնության, «մի փոքր», չէ` ի՜նչ մի փոքր, շա՜տ «սենսացիոն» մի բան է մտածել. որոշել է գլխավոր ճարտարապետի հաստիքը կրճատել, փոխարենը ստեղծել գլխավոր ճարտարապետի փոխարինիչի ինստիտուտ։

«Մտածում եմ, որ այդ պաշտոնը` Երևանի գլխավոր ճարտարապետ, այնուամենայնիվ, պետք է որոշակի մոդիֆիկացիայի ենթարկվի, և դա կարող է արդեն այլևս գլխավոր ճարտարապետ չլինել։ Դա կարող է մի մարմին լինի, մի խորհուրդ լինի, այսինքն` մի այլ բան, որի շուրջ մենք հենց հիմա աշխատանքներ ենք տանում»,-ասել է նա` չխորանալով պատճառների մեջ։

Դե, երևի արժանավոր թեկնածու չունեն` Մեսչյանին հարմար փոխարինիչ չեն գտնում։ Կամ գուցե ցանկանում են «էկոնոմիա» անել` խնայել քաղաքի բյուջեն, որ խնայված միջոցները «մեջ-մեջ անեն»։ Ինչո՞ւ միլիոններ ծախսել, ավելորդ ուտող բերան` գլխավոր ճարտարապետի հաստիք պահել բարձր աշխատավարձով, ամեն ամիս պարգևավճար տալ «բարեխիղճ աշխատանքի» համար (հենց միայն օգոստոսին` «տուն գնալուց» առաջ, Մեսչյանի հաշվին ամբողջ 1 միլիոն 800 հազար դրամ` 3500 դոլար «պրեմիա» փոխանցեցին), եթե կարելի է առանց դրա էլ յոլա գնալ` եղած հաստիքներից մի խումբ առանձնացնել, անունը դնել քաղաքաշինական մարմին, խորհուրդ կամ «մի այլ բան»։

Թե կուզեք իմանալ, կարելի է դա էլ չանել` պարզապես չեղարկել գլխավոր ճարտարապետի պաշտոնը, և վե՛րջ։ Կամ միավորել քաղաքապետի ինստիտուտի հետ և ստեղծել «գերագույն քաղաքապետի» պաշտոն։

Էդ ինչի՞ կարելի է առանց ձևականությունների` ոտքի վրա կամ ձեռքի հետ, ազատ, արդար, թափանցիկ սուպերլեգիտիմ նոր Սահմանադրություն ընդունելու պատրվակով, ազատվել Սահմանադրական դատարանից, ՍԴ անհնազանդ նախագահից ու դատավորներից, գրչի մի հարվածով լուծարել գյուղնախարարությունը, մշակույթի, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները, փակել ՁԻԱՀ կենտրոնը, ոչնչացնել բազմաթիվ այլ «անպետք» կայացած կառույցներ, իսկ գլխավոր ճարտարապետի հաստիքին ձեռք տալ չի կարելի։

Ի՞նչ գլխավոր ճարտարապետ, ո՞ւմ է պետք գլխավոր ճարտարապետը, եթե չկա «արժանի մուզիկանտ»` նշանակելու այդ պաշտոնին։ Համ էլ` ում էլ նշանակեն, մեկ է`«խիյարը թարս է բուսնելու». կա՛մ ինքն է վարկաբեկվելու, կամ իրե՛ն են փչացնելու «ժողովրդին» տված անիրատեսական ծրագրերով և ի սկզբանե ձախողման դատապարտված անիրական սուտ խոստումներով։

Եթե ծուռ նստենք, շիտակ խոսենք, մտածելու բան է` Երևանին առհասարակ քաղաքապետ պե՞տք է, թավշապետությանը` խորհրդարան, կառավարություն, ԱԺ խոսնակ, նախագահ, հատկապես մշտապես բացակա մեխի գլուխ նախագահ պե՞տք է, թե՞ չէ։

Կա մի բան, որ ոչ մի դեպքում չի կարելի կրճատել կամ վերացնել` սնկի նման բազմացող, ցանկալի է` դրսից ներմուծված անկապ խորհրդականների ինստիտուտը, որոնց օգտագործում, հետո`որպես պիտանելիության ժամկետն սպառած անպետք իր կամ քավության նոխազ, դեն են շպրտում. դրանցից ինչքան շատ լինի, այնքա՛ն լավ։ Մնացածը` հե՛չ...

Կամ վերցնենք նույն Սահմանադրության ինստիտուտը։ Ո՞ւմ է պետք նոր Սահմանադրությունը։ Ինչո՞ւ իզուր ջանք թափել, սահմանադիր հանձնաժողով «խաղացնել», մի հատ էլ հանրաքվե անել ու անտեղի փորձության ենթարկել սեփական խարխլված հեղինակությունը։ Մեկ է, Սահմանադրությունը եղած-չեղած` մի հաշիվ է. ինչ ուզում են, անում են, ոնց ուզում` փոխում են, օրենքներ ձևում ու կարում իրենց վրայով` թքած ունենալով սահմանադրական կարգավորումների վրա, ու հարմարեցնում սեփական պահանջմունքներին։

Եվ ընդհանրապես` մեզ պետություն պե՞տք է... Գուցե դրանի՛ց էլ ազատվենք, հանգիստ նստենք տեղներս։

Թողնենք մի Նիկոլ վարչահրամայապետ` իր բազմամարդ ընտանիքով, գեղական կարգով անցնենք ընտանիքապետական կառավարման համակարգի, ու ապրենք մեզ համար` հպարտ, կուշտ, չաղ և բախտավոր ընտանիքապետության մեծագործություններով, աշխատանքային և առօրյա կենցաղային հաջողություններով, լայվերով, լայքերով, սելֆիներով, ֆոտոսեսիաներով ու «չտես-գյոռմամիշության» ցուցադրական այլ դրսևորումներով, որոնցից տեղ ու դադար չունենք...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը