Մեկնաբանություն

14.09.2020 21:40


Երեսպաշտության հանդես՝ հավատաքննության մթնոլորտում

Երեսպաշտության հանդես՝ հավատաքննության մթնոլորտում

Այսօր Ազգային ժողովում աշխույժ էր՝ իշխող մեծամասնության, նույն ինքը՝ «Իմ քայլը» խմբակցության հատկանշական մենակատարության պայմաններում Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներին էին «ծանրութեթև» անում: Դատավորացուներին:

Սկզբունքորեն, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը գերադասեց ոչ թե գերլիազորություններ ունեցող վարչապետ լինել, այլ դառնալ Հայաստանի ուզուրպատոր և, գործնականում տապալելով գործող սահմանադրական կարգը՝ գրավել ՍԴ-ն, կոնկրետ Սահմանադրական դատարանի հետ կապված որևէ այլ հարց իմաստազրկվում է: Համենայն դեպս, քանի դեռ օրինականությունը և սահմանադրական կարգը չի վերականգնվել, ընդհանրապես իմաստ չունեն բոլոր այն գործընթացները, որոնք վերաբերվում են ՍԴ նոր դատավորներ ընտրելուն, ինչ-որ թեկնածություններ առաջադրելուն: Նաև, զարմանալի է, թե ինչպե՞ս են պրոֆեսիոնալ իրավաբանները համաձայնում կամ առավել ևս՝ ցանկանում, որ իրենց ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեն: Ըստ իս, սա նաև մասնագիտական ինքնահարգանքի հարց է:

Բայց կան մարդիկ, համաձայնում են, առաջադրվում են: Ու... հարկադրված են պատասխանել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանճարեղ հարցերին:

Բնութագրական էր նախ այն պահը, երբ պարզվեց, որ ՀՀ նախագահը (պարզվում է, Հայաստանում դեռ նախագահ էլ կա) երկրորդ անգամ ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել նույն անձնավորությանը: «Իմքայլականներն» սկսեցին մուննաթ գալ, թե՝ այս ինչպե՜ս, ո՜նց կարելի է...

Սա երեսպաշտության ու կեղծավորության կուլմինացիան չէր, միգուցե, բայց որ բնութագրական էր՝ հաստատ: Բանն այն է որ նույն այդ «իմքայլականները», բացարձակապես նույն ակամա իշխանիկները ոչ միայն շատ հանգիստ ու հանդարտ էին տանում այն փաստը, որ Վահե Գրիգորյանին էլ նույն ՀՀ նախագահը երկրորդ անգամ էր առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, այլև ձևացնում, դեռ մյուսներին էլ համոզում էին, թե՝ նորմալ է, այդպես էլ պետք է լինի: Իսկ հիմա, բացարձակապես նույնական իրավիճակում նրանց ցուցադրաբար սրտնեղում են, բացատրություն են պահանջում, մի խոսքով «խաղեր են տալիս»:

Ինչո՞ւ:

Բանն այն է, որ «թավշյա», պարգևավճարակեր դեպուտատների համար Վահե Գրիգորյանը «սվոյ» էր, այն է՝ յուրային: Եվ նրա դեպքում ամեն ինչ կարելի էր, իրենցից էր: Ու «քայլականների» սրտի թեկնածու Վահե Գրիգորյանը կոնկրետ առաքելություն-հանձնարարությամբ էր գնում ՍԴ: Այլ հարց, որ դրանից ոչինչ չստացվեց, բացի այն, որ արձանագրվեց ամիսներով չաշխատելու, սակայն գերբարձր աշխատավարձ, անգամ՝ պրեմիաներ ստանալու ևս մեկ փաստ: Բայց դե դա սովորական ու լրիվ ընդունելի երևույթ է փաշինյանականների համար: Իբր մյուսներն ի՞նչ են արել, որ աստղաբաշխական պարգևավճարներ են ստանում:

Իսկ այ, առաջադրված մյուս թեկնածուն, ըստ երևույթին «քայլական» չէ, «սվոյ» չէ: Ուստի՝ այդ դեպքում խոժոռվեցին, թե՝ ո՜նց կլինի...

Դա հենց այն է, ինչը կոչվում է երեսպաշտություն:

Չէ, կարելի է նման պայմաններում ինչի մասին ասես՝ խոսել: Օրինակ, որ ՍԴ-ն այն բանի համար չեն գրավել, որ ամեն մի սև-հակահեղափոխականի թույլ տան այնտեղ սողոսկել: Կամ, ասեն, որ մեզ ամեն ինչ կարելի է, իսկ մյուսներին ոչինչ չի կարելի: Թող ասեն: Բայց այդ դեպքում, տղաներ և աղջիկներ, գոնե ձևեր մի թափեք, թե ձեր ուզածը օրինականությունն է, արդարադատությունը, թե՝ ժողովրդավարության կամ, առհասարակ, զարգացման կողմնակից եք, այդ ամենի համար էիք «հեղափոխություն» անում ու նման բաներ:

Դուք, ըստ էության, «պոլիտբյուրո» եք, բայց շվոնդերյան մակարդակի:

Պատահական չէ, ավելին, միանգամայն օրինաչափ է, որ առաջադրված թեկնածությունների քննարկումը, թեկնածուներին ուղղված հարցերը իրականում հավատաքննության տպավորություն էին թողնում: Ասենք, տպավորությունը ո՞րն է, եթե դա իսկապես էլ ոչ թե քննարկում, հարցուպատասխան էր, այլ հենց հավատաքննություն:

Հետաքրքիր կլիներ, եթե քննեին հավատաքննիչներին: Ասենք, այդ սյուժեն մեկ կամ երկու դրամատուրգի և սցենարիստի չէ, որ հետաքրքրել է, ու նրանք բավականին հաջող «բացել» են թեման:

Եվ այս անձինք, որ պատգամավոր են դարձել միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը նրանց ընդգրկել է իր «ուղեպարկ»-ցուցակի մեջ, և նրանք մի ներքին «քասթինգ» են անցել, երկակի չափանիշներն անթաքույց դրսևորող այս գերավճարյալները դեռ հանդգնում են խոսել դատավորների անկախությունից, անկախ դատարաններից ու նմանօրինակ այլ վեհ-վեհ բաներից:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը