Կարծիք

14.09.2020 16:42


Հագուստ ներկրող հարյուրավոր առևտրականներ գործազուրկ կդառնան. դարձյալ հարվածի տակ է փոքր և միջին բիզնեսին (լուսանկար)

Հագուստ ներկրող հարյուրավոր առևտրականներ գործազուրկ կդառնան. դարձյալ հարվածի տակ է փոքր և միջին բիզնեսին (լուսանկար)
Վերջին օրերի ընթացքում բազմաթիվ առևտրականներ իրենց դժգոհությունն են հայտնում կառավարությանը մաքսային վարչարարության խստացման վերաբերյալ։ Չունենալով համապատասխան մաքսային կարգավորումներ՝ երկար տարիներ Թուրքիայից, Չինաստանից և ԱՄԷ-ից ներկրվող ապրանքների մաքսազերծումը իրականացվում է կգ-ներով, ինչից տարիներ շարունակ օգտվում են իշխանություններին մոտ կանգնած մաքսազերծող ընկերությունները (առավել հայտնի «ռաստամոշիկ» ընկերությունները)։ Կգ-ներով մաքսազերծման արժեքը տարիների ընթացքում բարձրացել է՝ հասնելով 4-6 ԱՄՆ դոլար 1 կգ-ի համար։ Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներից մեկն էլ՝ հարկային և մաքսային մուտքերի զգալի կրճատումն է։ Այս տարվա 7 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ պետական եկամուտները շուրջ 170 մլրդ դրամ քիչ են հավաքագրվել, և այժմ գործող իշխանությունները թերհավաքագրումների մի մասը փորձում են ապահովել ի հաշիվ փոքր և միջին բիզնեսի՝ խոստացնելով հարկային և մաքսային վարչարարությունը։ Միանշանակ կարևոր է Թուրքիայից ներկրվող ապրանքների հոսքերի (տարեկան 270 մլն ԱՄՆ դոլար) կառավարումն և կրճատումը, սակայն դա չպետք է անել զուտ լրացուցիչ հարկեր դնելով՝ չառաջարկելով այլընտրանք։
Ներկայումս կառավարության առջև դժգոհողների մեծամասնությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով՝ վաճառելով ոչ պարենային ապրանքներ (հագուստ, կտոր, կոշիկ և այլն)։ Նրանք հիմնականում գործունեություն են ծավալում սպառողական ապրանքների շուկաներում՝ տոնավաճառներում, ոչ պարենային ապրանքների շուկաներում և այլն։
Այս ճգնաժամը մեծ ազդեցություն է թողել մանրածախ առևտրի վրա, և բնական է, որ դրանից անմասն չէին կարող մնալ սպառողական ապրանքների շուկաներում գործունեություն ծավալող փոքր և միջին առևտրականները։ Առավել մտահոգիչ է այն, որ մանրածախ առևտուրը սպառողական ապրանքների շուկայում շարունակում է նվազել, նույնիսկ այս տարվա մարտ-մայիս ամիսների ընթացքում տնտեսական գործունեության դադարից (Lockdown) հետո։ Մասնավորապես՝ 2020 թվականի հունիս ամսին սպառողական ապրանքների շուկաների առևտուրը նվազել է 7,4 տոկոսով, իսկ հուլիս ամսին անկումն ավելի է խորացել՝ հասնելով 9,3 տոկոսի։ Եվ, առհասարակ, վերջին 15 տարիների ընթացքում մանրածախ առևտուրը սպառողական ապրանքների շուկաներում անընդհատ կրճատվել է՝ ի հաշիվ խոշոր խանութների և դրանց ցանցերի ագրեսիվ տարածման․ ըստ էության՝ տեղի է ունեցել մանրածախ առևտրի մենաշնորհացում։
Այս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում լրացուցիչ՝ 2-4 անգամ հարկերի ավելացումը մեծ հարված կհասցնի փոքր և միջին բիզնեսին։ Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր առևտրականներ կդադարեցնեն իրենց գործունեությունը, և պետությանը կզրկվի ոչ միայն նրանց վճարած հարկերից, այլ նաև կկանգնի ապրուստի միջոցը կորցրած անձանց սոցիալական խնդիրները լուծելու փաստի առաջ։ Հետևաբար, առաջարկում եմ այս պահին ձեռնպահ մնալ լրացուցիչ հարկերի ավելացումից, ուսումնասիրել ներկրվող ապրանքների ցանկերը, մշակել ներկրման փոխարինման ռազմավարություն և մաքսային վարչարարությունը խստացնել աստիճանաբար՝ ճգնաժամը հաղթահարելուց հետո։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու,
տնտեսագետ Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը