Մանիպուլացվող հասարակությունը հեշտությամբ է տրվում հոսանքների․ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ /մաս 5-րդ/
Շարունակելով և ամփոփելով ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ դիտարկումների շարքը, ցանկանում եմ անդրադառնալ մի շարք խնդիրների, որոնք չգիտես ինչու, դուրս են մնացել փաստաթղթից: Մասնավորապես`
1. «Բաց և անվտանգ տեղեկատվական և կիբեռտիրույթների ապահովում» բաժնում ընդհանուր դրույթներով խոսվում են տեղեկատվական և կիբեռանվտանգության ապահովման անհրաժեշտության մասին: Սակայն չկա որևէ ձևակերպում Հայաստանի Հանրապետության և/կամ Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական սպառնալիքի և մարտական գործողությունների ժամանակ միասնական տեղեկատվական գործողությունների իրականացման կարևոր առաջնահերթության մասին:
2. «Մրցունակ տնտեսության զարգացում և պարենային անվտանգության ապահովում» բաժնում թավշյա հեղինակները չեն ներառել ՀՀ տնտեսական անվտանգության և զարգացման մի կարևոր հանգամանք: Գաղտնիք չէ, որ բացի ռազմական, դիվանագիտական, տեղեկատվական և այլ տիպի պատերազմներից` աշխարհում գոյություն ունի տնտեսական պատերազմ, որտեղ յուրաքանչյուր պետություն ատամներով պաշտպանում է իր երկրի տնտեսության շահերը: Շուկաների համար մղվող պատերազմը նաև պետության պատերազմն է, և միայն «արտահանում խթանող քաղաքականությունը» բավարար չէ, այն ապահովելու համար: Անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը առանցքային համարի նաև այս խնդիրը, և որպես տնտեսական առաջնահերթություն սահմանի նաև սպառման միջազգային շուկաներում արդյունավետ պայքարը արդյունաբերական, պարենային, գյուղատնտեսական, տեխնոլոգիական, մշակութային, տուրիզմի և այլ նշանակության ապրանքների գրավչության և կայուն սպառման համար:
3. Ռազմավարության մեջ, կցկտուր գրառումներ են արվել կրթության վերաբերյալ` առանց նշելու ազգային դաստիարակության, պատմա-մշակութային արժեքների ճանաչման, ինքնության պահպանման անհրաժեշտությունը կրթական քաղաքականության մեջ: Կրթության և ազգային դաստիարակության պատշաճ մակարդակի բացակայությունն ազգային անվտանգության խնդիր է: Հասարակության մանիպուլացված հատվածը հեշտությամբ է տրվում տեղեկատվական ու քարոզչական տարբեր հոսանքների և արդյունքում վերածվում է անվտանգության խորքային պրոբլեմի: Ռազմավարության տեքստում բացակայում են նաև ԶԼՄ-ների կողմից հայրենասիրական, դաստիարակչական, ազգային արժեքների և շահերի վրա հենված որակյալ տեղեկատվական քաղաքականության իրականացման վերաբերյալ պետական մոտեցումները:
4. Եվ վերջում, «Հանրային առողջություն և կենսաանվտանգության բարելավում» բաժնում ձևակերպումները իհարկե գրավիչ են, անկեղծ ասած, որևէ դիտարկում չունեմ, քանի որ չեմ տիրապետում ոլորտի խնդիրներին: Միայն արժեր ավելացնել, որ ՀՀ ազգային անվտանգության և հանրային առողջության շահերից ելնելով, Արսեն Թորոսյանի նման «քաղաքական գործիչները» չպետք է ստանձնեն բարձրաստիճան քաղաքական և պետական պաշտոններ: Դա ուղակի սպառնալիք է ՀՀ ներքին անվտանգությանը: Եթե կորոնավիրուս չլիներ, Արսեն Թորոսյանի անհամատեղելիությունը պետական պաշտոնների հետ կդիտարկեի որպես ընդհանուր խնդրի մի մաս, իսկ համավարակի պայմաններում նա ամեն ինչ արեց, որպեսզի ի ցույց դնի իր անհամատեղելիությունը զբաղեցրած պաշտոնին:
Մանիպուլացվող հասարակությունը հեշտությամբ է տրվում հոսանքների․ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ /մաս 5-րդ/