Կարծիք

14.09.2020 13:29


Էլիտաների երկխոսությունը․ քաղաքական դաշտն ականապատված է ու լի ցնցումներով

Էլիտաների երկխոսությունը․ քաղաքական դաշտն ականապատված է ու լի ցնցումներով
Կայուն են այն երկրները, որտեղ էլիտաներն երկխոսում են, այսինքն ունեն երկրի կայացման գործում կարևորագույն հարցերի շուրջ համաձայնություն, սակայն մնացած հարցերում քաղաքական բանավեճի մեջ են գտնվում, որի շուրջն էլ ընթանում է քաղաքական պայքարը:
Երբ երկխոսությունը դադարում է, ապա տեղի են ունենում կատակլիզմներ, օրինակ, այն, ինչն այսօր կատարվում է Միացյալ Նահանգներում և Բելառուսում:
Նման բան կատարվել է Հայաստանում 1998-ին, երբ Արցախի հարցում երկխոսությունը վերածվեց առճակատման ու փոխհամաձայնությունն անհնարին էր, ու արդյունքում սկսվեցին քաղաքական անկայունություններ:
Նման բան կատարվեց 2008-ին, երբ երկխոսությունն անհնարին էր և տեղի ունեցան բախումներ: Այստեղ նույնպես Արցախի խնդրում տարբեր տեսակետների բախում կար, սակայն, ի տարբերություն 1998-ի, կար նաև երկրի վերափոխման խնդիր և այս երկու հարցերը միմյանց էին միախառնվել, ինչն ամենավատագույն տարբերակն էր: Չէր կարելի այդ երկու խնդիրները միմյանց հետ միահյուսել: Դա վատ ավարտվեց:
Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում էր, որպեսզի նման երկխոսություն տեղի ունենար՝ բաց էր թողնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածներին և նրանց տալիս բարձր պետական պաշտոններ, նաև տեղեր խորհրդարանում, սակայն Սերժ Սարգսյանի "երկխոսությունն" անբովանդակ էր։ Կարճ ասած, երկխոսությունն ավելի շուտ առևտրական գործարք էր հիշեցնում, քան քաղաքական երկխոսություն՝ քաղաքական պայմանավորվածություններով հանդերձ։
Քաղաքականությունը վերածվել էր առևտրի, որին բոլորն էին մասնակցում՝ ով կարողանում էր։
Այսօր նունպես քաղաքական էլիտաների միջև քաղաքական երկխոսությունը բացակայում է և կա առճակատում ու դեստրուկտիվ մթնոլորտ, ու ցավալին այն է, որ նման երկխոսության հնարավորությունն արդեն անհնարին է, անգամ նման հարթակներ չկան ո՛չ խորհրդարանում, ո՛չ խորհրդարանից դուրս։ Քաղաքական դաշտն ականապատված է ու լի ցնցումներով։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը