Մեկնաբանություն

12.09.2020 21:20


Սպիրտային թույն, 21 զոհ և... խնդրից կառավարության ինքնամեկուսացում

Սպիրտային թույն, 21 զոհ և... խնդրից կառավարության ինքնամեկուսացում

Խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում, ավելի ճիշտ շարունակվում են կատարվել: Ու քիչ է ասել, թե՝ խայտառակ, քանի որ հետևանքներն ուղղակիորեն անդրադառնում են մարդկանց կյանքի և առողջույթան վրա:

Տեսեք, վերջին 10-12 օրվա ընթացքում արդեն 21 մարդ է մահացել սպիրտային թունավորման հետևանքով: Ու, տարածված նաև պաշտոնական տեղեկությունները թույլ են տալիս նշել, որ բոլոր դեպքերում պատճառը նույն՝ մեթիլ սպիրտն է: Ի հակառակ էթիլ սպիրտի, որը պարունակվում է օղու, թունդ ու ոչ այնքան թունդ ալկոհոլային խմիչքների մեջ, մեթիլ սպիրտը և դրա հիմքով պատրաստված հեղուկները տեղով թույն են: Մեթիլ սպիրտի գործածումը մեծ հավանականությամբ հանգեցնում է մահվան, անգամ եթե մարդը ինչ-որ հրաշքով փրկվում է, ապա կորցնում է տեսողությունը կամ ներքին օրգանները (լյարդ, ստամոքս) լրջորեն վնասվում են:

Իրավիճակն այնպիսին է որ կարևոր է ոչ միայն այն, թե ինչպես ու որքան օպերատիվ են արձագանքել պետության «ներքին օրգանները»՝ ոստիկանություն, ԱԱԾ, քննչական մարմիններ, այլև թե ինչ է անում կամ իրեն ինչպես է դրսևորում կառավարությունը՝ իր կառավարչապետ Փաշինյանի գլխավորությամբ:

Առայժմ ավելի շատ հանրությանը ցնցող լուրերն են հասնում՝ «ալկոհոլային թունավորումից» մահացածների ու զոհերի թվի մասին: Մի պահ նույնիկս տպավորություն ստեղծվեց, թե թունավոր սպիրտից մահացածների թիվը «մրցում» է կորոնավիրուսից մահացածների թվի հետ: Ասված մի արասցե, իհարկե:

Ու իսկը Աստծո անունը տալու տեղն է, քանզի այս մեթիլ-սպիրտային մահացու թնջուկը հաղթահարելու միակ հույսը Աստծո և բժիշկների վրա է:

Առհասարակ, մեթիլ սպիրտից (եթե կուզեք՝ տեխնիկական սպիրտից) նման զանգվածային թունավորումն ու մահերը Հայաստանի համար աննախադեպ են:

Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում այդ բառը՝ աննախադեպ: Ու շատ տեղին կլիներ, եթե նա «երկու տուփ ծխախոտ քիչ գնելու» մասին ճամարտակելուց բացի, մեկ-մեկ էլ այսպիսի խայտառակ ու աննախադեպ եղելություններին անդրադառնար: Ոչ թե «ծակ-փիլիսոփայություն» աներ, այլ հենց որպես վարչապետ, կառավարության ղեկավար անդրադառնար:

Արտառոց է, բայց երկրում 10-12 օրվա մեջ 21 մարդ է սպանվում, անհայտ է, թե ևս մոտ երկու տասնյակ թունավորվածներից քանի՞սը կփրկվի, առհասարակ, իսկ վարչապետ համարվող անձնավորությունն ու իր ընտանիքի անդամները ինչ-որ ձիարշավալուսանկարային «լայքամրցման» մեջ են խորասուզված: Իսկ առողջապահության նախարարն էլ իրեն համար արձակուրդի մեջ է...

Եթե հանկարծ նման մի խայտառակություն տեղի ունենար 3-4 տարի առաջ, ապա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն այնպիսի ճվճվան ելույթներ կունենար ԱԺ ամբիոնից, այնպիսի սաստիկ մեղադրանքներով «կնախշեր» նախորդ իշխանություններին, որ էլ ասելու չէ: Իսկ իր ընտանեկան թերթոնն էլ ճչան վերնագրերով հանդես կգար. «Կառավարությունը թույնում է խաղաղ բնակչությանը», «Իշխանությունների ամենաթողության հետևանքով մարդիկ են սպանվում», «Քրեաօլիգարխիկ ռեժիմը մարդկանց ասում է՝ օղին թանկ է, տեխնիկական սպիրտ խմեք՝ մեռեք...» և այդպես շարունակ:

Իսկ հիմա, «թավշա-պարգևավճարիկ» ռեժիմի օրոք լրիվ «նորմալ է»: Արդեն 20 մարդ է մահացել ու... ոչինչ: Միայն մեկ-երկու հաղորդագրություն եղավ, թե այսինչն ու այնինչը ձերբակալվել են, քննություն է տարվում, ու վե՞րջ:

Չեմ սիրում այդ տրաֆարետային արտահայտությունը, բայց եթե Փաշինյանի ու նրա «քայլարածների» փոխարեն լիեր որևէ այլ, թեկուզ մի չնչին պատասխանատվության զգացում ունեցող վարչապետ, մարդկանց ոչ թե «լայվով» «սիրող ու համբուրող», այլ իր ղեկավարած երկրի ու բնակչության կյանքի համար իրեն պատասխանատու համարող իշխանություն, ապա բոլորովին այլ արձագանք կլիներ: Կհրավիրվեր վարչապետի հրատապ խորհրդակցություն, անմիջապես խստագույն հանձնարարականներ կտրվեին բոլոր համապատասխան օղակներին, առանց «ներում-բեկման» ստուգայցեր կիրականացվեին ու, առհասարակ, կարգուկանոն հաստատելու քայլեր կարվեին, հետևություններ (ոչ միայն քրեական պատասխանատվության կամ հետապնդման տեսքով):

Մինչդեռ այնպիսի պատկեր է, որ օրվա իշխանությունը, կառավարությունը կարծես ինքնամեկուսացել են մեթիլ սպիրտից մարդկանց թունավորվելու և 21 մարդու մահվան այս ողբերգական ու խայտառակ եղելությունից:

Առավել ևս, անհնար է «իրար չխառնվել», երբ նորանոր մանրամասնություններ են ի հայտ գալիս: Պարզվում է, մասնավորապես, որ մեթիլ սպիրտի այդ ծավալից նաև ալկոգել է պատրաստվել և իրացվել: Ըստ որում, այդ ալկոգելից թունավորվելու հավանականություն ևս կա:

Լավ, սա ընդհանրապես ի՞նչ բարձիթողի վիճակ է:

Իսկ որ վիճակը խայտառակագույն է, պարզորոշ հասկանալի է դառնում, երբ լսում էս, օրինակ, Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Իրինա Մալխասյանի՝ «Երևան թուդեյի» մեր գործընկերներին պատմածը:

Առանձնահատուկ վրդովեցնում է հատկապես այն, որ պրոֆեսորի ահազանգերին ինչպես ոստիկանությունը, այնպես էլ առողջապահության նախարարությունը մի տեսակ կարծես չուզելով են արձագանքել: Ոստիկանությունը, ըստ պատմածի, կրկնակի ահազանգից հետո է միայն ինչ-որ բան պատասխանել: Դա նորմա՞լ է: Իհարկե՝ ո՛չ: Դա աննորմալ է, ինչպես իրավիճակը, որ գրեթե բոլոր ոլորտներում ու բոլոր առումներով ստեղծվել է մեր երկրում՝ «դմփ-դմփ-հու» վարչապետի ու նրա «քայլակիցների» իշխանավարման հետևանքով:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը