Մեկնաբանություն

11.09.2020 22:35


«Արտակարգ դրությանը» նվիրվում է... Ինչպես 52-ից հասնել 45326-ի

«Արտակարգ դրությանը» նվիրվում է... Ինչպես 52-ից հասնել 45326-ի

Վստահություն չկա, բայց ասում-խոսում են ու «թավշապետերի» ասուխոսից էլ ենթադրվում է, որ մեկ-երկու օրից, ավելի ստույգ՝ սեպտեմբերի 13-ին կազդարարվի արտակարգ դրության ավարտը:

Դա առիթ է՝ վերջին «արտակարգ» կես տարվա վրա թեթևակի հետադարձ հայացք նետելու և որոշ իրողություններ հիշեցնելու համար:

Եվ այսպես. Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը մարտի 16-ին, covid-19 վարակի տարածման հենքով, այսինքն՝ Հայաստանում վարակի տարածումը կանխելու, վարակի դեմ պայքարելու, ժողովրդի առողջական անվտանգությունն ապահովելու տիտղոսաթերթային նպատակներով հայտարարեց «արտակարգ դրություն»: Այդ օրվա՝ մարտի 16-ի դրությամբ, պաշտոնական տվյալներով, Հայաստանում գրանցվել էր արդեն կորոնավիրուսով վարակվելու 52 հաստատված դեպք:

1

Արտակարգ դրությունը հայտարարելուց հետո, ինչպես հայտնի է, ու ինչպես տեսանք բոլորս, վարակը տարածվեց երկրաչափական պրոգրեսիայով: Ի տարբերություն խոստացված կամ քարոզչական առումով տարփողվող տնտեսական աճի, վարակվածների թիվը մեր երկրում, հատկապես մայիս-հուլիս հատվածում աճեց իսկապես թռիչքաձև:

Արտակարգ դրությունը, հիշեցնենք, nերդրվեց 1 ամսով, որից հետո, ամեն ամիս էլի մեկ ամսով երկարացվեց՝ մինչ օրս: Արտակարգ դրությունը, որի հիմնական նպատակը պետք է լիներ վարակի տարածումը հնարավորինս զսպելը, արագ ու հստակ հակահամաճարակային գործողություններ անելը, բնակչության հետ համապատասխան սոցիալական, տնտեսական, քարոզչական-բացատրական աշխատանքներ իրականացնելը, ըստ էության, չծառայեց այդ նպատակներին: Դա արդեն իսկ ակնհայտ է:

Սկսելով մի կետում, երբ կար 52 վարակված, վեց ամիս անց ստիպված ենք արձանագրել մեկնարկային տվյալը 872 անգամ գերազանցող տվյալը. սեպտեմբերի 10-ի դրությամբ՝ 45.326 վարակի հաստատված դեպք:

2

Ավելին, Հայաստանը, ցավոք, առաջատարների շարքում է ոչ միայն 1 միլիոն բնակչության թվին բաժին ընկնող ցուցանիշներով, այլև կորոնավարակի հետևանքով մահացածների դաժան տվյալներով` 909, իսկ եթե «այլ պատճառներով» նշվող դեպքերն էլ ներառենք, ապա՝ ավելի քան 1100 մահ:

Բայց հարցը միայն թվային տվյալները չեն: Ու չի կարելի այս խնդիրը դիտարկել զուտ վիճակագրական տեսանկյունից: Խոսում ենք մե՛ր հայրենակիցների, մե՛ր ժողովրդի մասին: Մարդկա՛նց մասին, որ մահացել են, ընտանիքների՛ մասին, որ կորցրել են իրենց հարազատին: Խոսում ենք տասնյակ ու տասնյակ հազար վարակվածների մասին, որոնցից շատերը, կարելի է ասել՝ փորձությունների միջով անցան և հաղթահարեցին այս երիցս անիծյալ վարակը:

Անհեթեթություն է կարծել, որ եթե Հայաստանում այլ, ասենք՝ ավելի պատասխանատու, ավելի բանիմաց կառավարություն և իշխանություն լիներ, այլ ոչ թե գործող՝ անպատասխանատու, պոպուլիստ ու ինքնասիրահարված ձախավերների հավաքույթը, ապա վարակը Հայաստան չէր ներթափանցի: Իհարկե, վարակից ու դրա որոշ տարածումից խուսափել գրեթե անհնար էր:

Բայց արդեն վստահաբար կարելի է պնդել, որ ցանկացած այլ՝ ոչ փաշինյանական իշխանության դեպքում Հայաստանում կորոնավարակը այսպիսի դաժան «հունձք» չէր անի: Շատ հեռու չգնանք ու շատ երկար չբացատրենք: Ընդամենը կասենք՝ նայեք Վրաստանի վիճակին:

Հարևան ժողովուրդներ, պահվածքով բավականին նման հասարակություններ, համադրելի ու համեմատելի իրադրություն: Բայց ի՛նչ վիճակ է Վրաստանում կորոնավարակի ու դրա դեմ պայքարի առումով, և ինչ խայտառակություն է Հայաստանում:

Ի՞նչ տվեց «արտակարգ դրության» կես տարին Հայաստանին: Վարակին դիմակայելու տեսանկյունից, կարելի է ասել՝ ոչինչ էլ չտվեց: Չի լքում զգացողությունը, որ եթե ոչ մի դրություն էլ չհայտարարվեր, ապա մոտավորապես նույն պատկերն էինք այսօր ունենալու, միգուցե նույնիսկ համեմատաբար նախընտրելի:

Արտակարգ դրության «տվածը» այն էր, որ իշխանության տակուգլուխ գործողությունները ձախողվեցին ոչ միայն հակահամաճարակային առումով, այլև հանգեցրեցին սոցիալ-տնտեսական վիճակի առավել բարդացման, եթե չասենք՝ վատթարացման:

Արտակարգ դրությունից Հայաստանը «շահեց» այն, որ երկիրը վերածվել է ոստիկանապետության, իրեն ի սկզբանե անլուրջ դրսևորած իշխանությունը «դիմակային» տուգանքներից այն կողմ ավելի ուժեղ բան չի կարողացել մտածել, քաղաքացիների հանդեպ իր պարտավորությունները (հակաճգնաժամային այսպես ասած՝ «միջոցառումները) հրամցնում է որպես թե՝ լավություն է անում, իսկ սահմանած ռեժիմն էլ հնարավորինս օգտագործում է քաղաքական հակառակորդներին հետապնդելու, բողոքի արտահայտությունները ճնշելու, բռնատիրական ընդգծված հակումներով անձնիշխանությունը հնարավորինս ամրապնդելու համար:

Ի լրումն, վարակի դեմ պայքարում, սոցիալական բարդությունները հաղթահարելու հարցում մարդիկ, ըստ էության, մնացել են Աստծո և իրենք իրենց հույսին, իսկ մարդկանց նման վիճակի մեջ դրած իշխանությունը դեռ մի բան էլ ժողովրդին է մեղադրում... վարակի նման վիճակ ստանալու համար:

Պատահական չէ, որ Փաշինյանի իշխանության համար մեծ է գայթակղությունը՝ հնարավորինս երկարաձգել «արտակարգ դրության» ռեժիմը: Այն, հնարավոր է, վաղը, մյուս օրը չեղարկվի կամ չերկարաձգվի, բայց փոխարենը, հայտնի է, որ մշակվել է ու կներդրվի «կարանտինի» ռեժիմը: Սկզբունքորեն, նույն բանն է, թերևս միայն առանց պարետի:

Իսկ դա նշանակում է, որ առջևում «կարանտինային» փորձություններ են դեռ սպասվում: Մինչև հունվարի 11-ը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը