Մեկնաբանություն

11.09.2020 11:07


«Թավշյա» անիշխանություն․ Ամուլսարի անկախացումը

«Թավշյա» անիշխանություն․ Ամուլսարի անկախացումը

Ամուլսարը փաստացի դուրս է մնացել Հայաստանից։ Անկախացել է։

Ամուլսարն անկախացել է, քանզի այնտեղ ՀՀ կենտրոնական իշխանություն չկա։ Չի գործում ՀՀ օրենսդրությունը։ Ոստիկանությունը չունի ազդեցություն։ Դատարանի որոշումները չեն կատարվում։

Ամուլսարում անարխիա է։

Ոսկու շահագործման թեման վաղուց բնապահպանական չէ, եթե նույնիսկ այդպիսին երբևէ եղել է։ Հանքի թեման առավելապես ներքաղաքական ու աշխարհաքաղաքական երանգներ է ստացել։ Մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Նա չի կարողանում որոշում կայացնել։ Ասում է հա՛մ կողմ եմ հանքի շահագործմանը, հա՛մ դեմ եմ։ Վարչապետի անպատասխանատվության արդյունքում Ամուլսարն անկախանում է Հայաստանից ու դառնում անարխիայի կենտրոն։

Մամուլում հայտնվող վերնագրերն այս թեմայով խոսում են պետության վախճանի, իշխանության անպատասխանատվության և մեր երկրի խայտառակ իմիջի մասին։

Դատե՛ք ինքներդ․ «Ամուլսարի պահապանները պահանջ են ներկայացրել», «Բախում է տեղի ունեցել Ամուլսարի պահապանների և «Լիդիանի» պահնորդական խմբի միջև», «Ոստիկանների ներկայությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել հանքի շահագործման դեմ հանդես եկողների ու «Լիդիանի» ներկայացուցիչների միջև», «Ամուլսարի պահապանները քարեր են նետել «Լիդիանի» աշխատակիցների նկատմամբ», ««Լիդիանի» պահնորդները ծեծել են Ամուլսարի պահապաններին»։ Սրանք վերնագրեր են, որոնք ոչնչացնում են մեր պետությունը։

Ի՞նչ է նշանակում «Ամուլսարի պահապաններ»։ Ամուլսարի պահապանը ՀՀ–ն է՝ իր օրենսդրությամբ, իր պետական կառույցներով։

Ինչո՞ւ պետք է հակամարտող կողմերն իրար ծեծեն․ բա ո՞ւր է ոստիկանությունը, ո՞ւր է դատարանը։ Եվ վերջապես ո՞ւր է կառավարությունն իր «ժողովրդի» վարչապետով։ Փաշինյանը պարտավոր է որոշում կայացնել՝ այո կամ ոչ։ Հարցից թռնելը լուծման տարբերակ չէ։ Կա՛մ հանքը վնաս է և չպետք է շահագործվի, կա՛մ վնաս չէ և պետք է շահագործվի։

Անհրաժեշտ է մի բան հստակ պատկերացնել։ Ամուլսարում զրոյացվում է ոչ միայն «թավշյա» իշխանությունների լեգիտիմությունը (իրենք ջհանդամը), այլ նաև պետությունն ամբողջությամբ արժեզրկվում է, քանզի անարխիան այլ բանի չի կարող հանգեցնել։ Պետք է, հետևաբար, վերջ տալ «թավշյա» անարխիային։ Տակը չլցնել ու վերջ տալ։ Ամո՛թ է։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը