Մեկնաբանություն

11.09.2020 00:05


Իսկ ինչո՞ւ վճարել ինչ-որ հորինովի տուգանք, եթե կարելի է «քայլել» ու ոչինչ չվճարել

Իսկ ինչո՞ւ վճարել ինչ-որ հորինովի տուգանք, եթե կարելի է «քայլել» ու ոչինչ չվճարել

Այսպես ասած՝ շնչադիմակ չկրելու համար հասարակությանը ոստիկանական տեռորի ու տուգանքակլպման ենթարկելու երևույթը «հրաշալի» է իր բոլոր կողմերով: Ինչպես ուզում ես այդ խորանարդը պտտիր:

Առաջին «հրաշալի», ես կասեի՝ հրաշագեղ(մ) պահը այն է, թե ո՛վ, ո՛ր իշխանությունն է նման պատժիչ գործողություններ ներմուծում մեր կյանք ու անխղճորեն կիրառում: Այո՛, այո՛, մարդկանց, հասարակությանը որպես «տուգանքի մատերիալ» դիտարկում է նույն այն Նիկոլ Փաշինյանը, որը, օրինակ, արագաչափերով գրանցված տուգանքները չմուծելու կոչեր էր անում: Առհասարակ, ինչո՞ւ միայն կոչեր. երբ դեռ միայն ընդդիմադիր պատգամավոր էր, անընդհատ շահարկում կամ պարզապես արծարծում էր այդ տուգանքների հարցը՝ օրվա իշխանություններին «քլնգելու» համար: Իսկ հիմա արդեն ինքն է ոստիկանության միջոցով մտնում քաղաքացիների գրպանը:

Երկրորդ «հրաշալի» պահն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության միջոցով, ըստ էության, պատժիչ գործողություններ ու, գործնականում՝ «ոստիկանական ահաբեկչություն» է իրականացնում սեփական երկրի հասարակության, ինչպես ինքն է սիրում ասել՝ ժողովրդի դեմ: Ըստ էության, «ժողովրդական» իշխանությունը դրսևորվում է որպես հակաժողովրդական:

Երրորդ հրաշալի պահն էլ կա այս ամենի մեջ: Դա հենց տուգանքն է: Ճշգրտենք. դիմակի համար տուգանքը: Մի բան, որ գործնականում սահմանեց, «հղկեց» և, ի տարբերություն «կաթնային գետերի» մասին խոստումների, միանգամայն ակտիվորեն կյանքի կոչեց ու շարունակում է կոչել «բոլորիդ սիրող, բոլորիդ առջև խոնարհվող...» մի խոսքով՝ պոպուլիստական իշխանությունը՝ յուր կառավարչապետով հանդերձ:

Դե, իսկ չորրորդ հրաշալի պահը այն տվյալներն են, որոնք հայտնի դարձան իշխանական խմբակցության պատգամավորներից մեկին ուղղակիորեն առնչվող՝ «Ժողովուրդ» թերթի հարցման արդյունքում:

Եվ այսպես. Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչև օգոստոսի 27-ը դիմակ չկրելու համար կազմվել է վարչական տույժ նշանակելու մասին 99.574 հատ որոշում: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ դիմակ չկրելու համար կայացված վերոհիշյալ որոշումներով որպես տուգանք ՀՀ պետական բյուջե վճարվել է... 12,1 միլիոն դրամ:

Պարզ մաթեմատիկական գործողությունները հուշում են, որ ըստ որոշումների՝ տուգանված մոտ 100 հազար ՀՀ քաղաքացիներից տուգանքը գործնականում մուծել են ընդամենը 1200 հոգի: Մի քիչ էլ մաթեմատիկորեն ասած՝ գործնականում տուգանքը վճարել է «տուգանքի տակ» ընկած քաղաքացիների 1,2 տոկոսից էլ քիչ մասը:

Սա ավելին է, քան պարզապես՝ հրաշալի իրողություն: Սա մեծն «Բումերանգի էֆեկտն» է: Ու շատ լավ կարելի է հասկանալ մեր հայրենակիցներին:

Նախ, սկզբունքորեն, ինչո՞ւ մուծել ինչ-որ հորինված տուգանք: Երկրորդ. ինչո՞ւ տուգանք մուծել մի կառավարության, որ պետական գումարները մսխում է իր պաշտոնյաներին անհասկանալի ու չարդարացված պարգևավճարներ տալու վրա: Երրորդ. ինչո՞ւ տուգանք մուծել մի կառավարության, որը հենց կորոնավիրուսի դեմ պայքարը տապալել է, ավելին՝ կոպտորեն թերացել է ժողովրդի հանդեպ իր սոցիալական պարտավորությունների կատարման հարցում, մարդկանց անվճար դիմակներով ապահովելու փոխարեն, տուգանային մահակն արած, ընկել է հետևներից:

Եվ ամենից կարևորն ու հատկանշականը:

Շատերը հրաշալի հիշում են, թե վարչապետ դառնալուց անմիջապես հետո, Նիկոլ Փաշինյանն ինչպես ծաղրեց կամ ձեռ առավ պարտաճանաչ ու օրինապահ հազար-հազարավոր մարդկանց՝ հայտարարելով, որ տարիներ շարունակ ճանապարհային երթևեկության կանոների խախտման տուգանքները չվճարած քաղաքացիների համար ներում է հայտարարում՝ այդ տուգանքները զրոյացվում են: Դա, ինչ էլ ասվի, նշանակում է հիմարի տեղ դնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուգանքները այդ նույն տարիներին վճարել էին:

Միամտություն է կարծել, թե հասարակությունը, ժողովուրդը, ինչպես սիրում են ասել նորիշխանավորները, վերջիններիս ցինիկ ու անպատասխանատու գործունեությունից հետևություններ չի անում: Անո՛ւմ է:

Հետևությունը, ինչպես դա երևում է «դիմակային տուգանքի» ենթարկված քաղաքացիների ավելի քան 98 տոկոսի պահվածքից, այն է, որ՝ «կառավարություն, գրպանդ լայն բաց», ավելի պարզ՝ ոչ մուծել են, ոչ էլ մուծելու են այդ մտացածին տուգանքները: Ի՞նչ կլինի հետո:

Դե, ի՞նչ է լինում նման դեպքերում. պետական ճնշիչ-պատժիչ մարմիններն են անցնում «գործի», բանը հասնում է դիվանբաշուն, ապա ԴԱՀԿ և այդպես շարունակ: Եթե կառավարությունը գնա այդ ճանապարհով, ապա կստանա իրենից խիստ դժգոհ ևս 100 հազար քաղաքացի (առնվազն): Մյուս կողմից, մեր տուգանված հայրենակիցները կարող են պարզապես միավորվել, համախմբվել և իրենց իրավունքները պաշտպանել շատ ավելի կազմակերպված՝ հարկադրելով, որ Նիկոլ Փաշինյանը չեղյալ հայտարարի նաև «դիմակային» տուգանքները:

Դե, ինչ, կարծես նոր՝ «Մերժիր տուգանիչին» շարժում սկսելու բոլոր նախադրյալները կան: Ամենից կարևորը․ կա գրեթե 100 հազար հայրենակից, որ ուղղակիորեն չի պատրաստվում վճարել «դիմակային» տուգանքները:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը