Լրահոս

10.09.2020 16:36


Բանակում դեռևս կգործեն որոշակի սահմանափակումներ. ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Բանակում դեռևս կգործեն որոշակի սահմանափակումներ. ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ, չնայած հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների որոշ մեղմացումների, ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի ներթափանցման և կանխարգելման, ինչպես նաև անձնակազմի մարտունակությունը բարձր պահելու նպատակով, դեռևս կշարունակվեն կանխարգելիչ միջոցառումները և կգործեն որոշակի սահմանափակումներ:

Զինված ուժերում կիրառվող սահմանափակումները միտված են անձնակազմի մարտունակության պահպանմանը: Կիրառվող սահմանափակումների շնորհիվ զինված ուժերում այս պահի դրությամբ համաճարակային իրավիճակը կառավարելի է:

Կշարունակվեն կիրառվել հետևյալ սահմանափակումները.

- արգելվում են պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, տեսակցությունները,

- խստիվ արգելվում են տեսակցության նպատակով այցելությունները զինվորական կառույցներ, մշտական տեղակայման վայրեր, այդ թվում՝ այցելությունները հոսպիտալներում բուժման մեջ գտնվող զինծառայողներին,

- պայմանագրային զինծառայողներին հանձնարարված է սահմանափակել և հնարավորինս բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ, չմասնակցել զանգվածային միջոցառումների (խնջույքներ, տոնակատարություններ, թաղման արարողություններ և այլն):

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս կոչ է անում զինծառայողների ծնողներին և հարազատներին դադարեցնել տեսակցության նպատակով այցելությունները զորամասեր և հոսպիտալներ, հնարավորինս բացառել շփումները զինծառայողների հետ:

Հիվանդության գաղտնի շրջանում գտնվող անձը տեսակցությունների և շփումների հետևանքով վարակն անգիտակցաբար կարող է փոխանցել զինծառայողներին, ինչը պատճառ կհանդիսանա զինված ուժերում վարակի տարածմանը, հետևաբար՝ ստորաբաժանման մարտունակության անկմանը:

Պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում զինծառայողների ծնողներին և հարազատներին ստեղծված իրավիճակում սահմանափակումների անհրաժեշտությանը ըմբռնումով մոտենալու համար:

Զինված ուժերի մարտունակության ապահովումն այս պահին ամենակարևոր խնդիրն է:

Այս խորագրի վերջին նյութերը