Լրահոս

09.09.2020 16:31


Ադրբեջանում այս պահին հինգ հայ է պահվում՝ մեկուսացման մեջ. Գուրգեն Ալավերդյանի հետ հանդիպել Կարմիր Խաչին դեռ չի հաջողվել

Ադրբեջանում այս պահին հինգ հայ է պահվում՝ մեկուսացման մեջ. Գուրգեն Ալավերդյանի հետ հանդիպել Կարմիր Խաչին դեռ չի հաջողվել

Ներկա պահին Ադրբեջանի տարածքում տարբեր հանգամանքներով հայտնված 5 հայ կա. Արցախի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանը, ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, Վայոց Ձորի Եղեգիս համայնքի բնակիչ, ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանը, Ներքին Խնձորեսկի բնակիչ, անասնապահ Նարեկ Սարդարյանը, օգոստոսի 22-ին` մարտական հենակետը ստուգելու նպատակով եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակներում կազմակերպությունը հնարավորություն է ունեցել այցելությունները շարունակել պարբերական կերպով։

«Համավարակի հետ կապված օբյեկտիվ սահմանափակումները հաշվի առնելով՝ մենք կարողացել ենք այցելություններ անել մարտից մինչև ամառվա ամիսներ։ Վերջին նորությունը, որ հաստատել ենք, այն է, որ քաղաքացիական անձը, որ անցել է սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանում, նրա հետ օգոստոսի սկզբին տեղի է ունեցել առաջին այցելությունը, որի ընթացքում հնարավորություն ենք ընձեռել նաև կապ հաստատել ընտանիքի հետ՝ նամակագրության միջոցով»։ Նկատենք, որ խոսքը գնում է Նարեկ Սարդարյանի մասին։

Կարմիր խաչի ներկայացուցիչները պարտադիր առանձնազրույցներ են ունենում ազատազրկվածների հետ, սակայն նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տեղեկությունները հրապարակային չեն։ Ադրբեջանում պահվող հայերի առողջական հարցի մասին երբևիցե Կարմիր խաչը չի բարձրաձայնում, որովհետև դա վերաբերում է այն իշխանություններին, որոնք պետք է այդ հարցով միջազգային իրավունքի նորմեր պահեն։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Կարմիր խաչը մինչ այժմ չի այցելել Ադրբեջան գերի ընկած հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Զառա Ամատունին հաստատեց՝ այցելություն չի եղել։

«Գուրգեն Ալավերդյանի մասին այս պահին որևէ այլ նորություն չեմ կարող ասել, քան հաստատել, որ կապի մեջ ենք երկու կողմի իշխանությունների հետ այս հարցով, բայց այցելություն չի եղել, հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»։

Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը գրեթե երկու տարի է՝ ապօրինի ազատազրկված է Ադրբեջանում: 2018 թվականի հուլիսի 15-ին ադրբեջանական զինված ուժերը հայտարարեցին, թե հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի շրջանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն խումբը փորձել է հատել սահմանը, սակայն խումբը վնասազերծվել է, իսկ խմբի անդամներից Կարեն Ղազարյանը` գերեվարվել: Իրականությունն այն է, որ Կարեն Ղազարյանը զինվորական չէ, այլ խաղաղ բնակիչ, ունի հոգեկան առողջության խնդիրներ։ 2019թ.-ի փետրվարի 27-ին Ադրբեջանի դատարանը ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։

«Կարեն Ղազարյանը ձերբակալվել է, ցավոք, գտնվում է անազատության մեջ։ Մենք պարբերաբար շարունակում ենք այցելել»,-ասաց Զառա Ամատունին։

Պարբերաբար այցելություններ լինում են, որի ընթացքում Ադրբեջանում գտնվողները հնարավորություն ունեն ընտանիքին նամակներ հղել։

«Մենք փոխանցում ենք նամակներ՝ իրենցից ընտանիքին և հակառակը։ Կարող է լինել ցանկացած քանակի հաղորդագրության՝ ըստ իրենց ցանկության։ Մենք դրա հնարավորությունն ունենք՝ նամակագրական կամ բանավոր»։

Պայմաններից կամ իրավիճակից կախված՝ անձանց վերադարձնելու պրոցեսը կարող է լինել արագ, կարող է ձգվել շատ երկար։ Բոլոր դեպքերում գերակա իրավունքը՝ միջազգային մարդասիրական իրավունքն է։

«Եթե չկան այլ հանգամանքներ՝ քրեական հետապնդում, կամ դատավարություն, եթե խոսքը գնում է որոշակի պայմանավորվածությունների մասին և անձը համաձայն է հետ գալու, դա վաղ թե ուշ տեղի ունենում է, չկա հստակ ժամանակացույց, որ բոլորի հետ կարող է կիրառվել, անհատական է»,-տեղեկացրեց Ամատունին։

Գոյություն ունեն տարբեր կարգավիճակներ, օրինակ՝ ռազմագերու կարգավիճակ։ ժնևի երրորդ կոնվենցիան է տարածվում ռազմագերիների վրա, որ կարգավորում է նրանց հանդեպ վերաբերմունքը, իրավունքները և հնարավորությունները և պետության պարտավորությունները։ Այս կարգավիճակը տարբերվում է քաղաքացիականից, երբ անձը ինչ-ինչ պատճառներով հայտնվում է մյուս կողմում։ Տվյալ դեպքում գործում է ժնևի 4-րդ կոնվենցիան, որը կարգավորում է քաղաքացիական անձանց շահերը։ Եվ կան մարդիկ, որոնք հայտնվում են այս կամ մյուս կողմում, մեղադրվում են որոշակի հանցագործությունների մեջ, որը արդեն տեղական օրենսդրության խնդիրն է դառնում։

«Կարգավիճակը տարբեր է, բայց կարմիր խաչն առաջնորդվում է միասնական սկզբունքով, ձևաչափի տեսանկյունից տարբերություն չկա՝ նույնությամբ առաջարկվում են բոլոր հնարավորությունները»,-եզրափակեց Զառա Ամատունին։

Այս խորագրի վերջին նյութերը