Մեկնաբանություն

09.09.2020 00:37


Հիմա Բադասյանն ի՞նչ է անում. միջամտո՞ւմ է, ճնշո՞ւմ դատարանի վրա, թե՞ հեքիաթներ պատմում

Հիմա Բադասյանն ի՞նչ է անում. միջամտո՞ւմ է, ճնշո՞ւմ դատարանի վրա, թե՞ հեքիաթներ պատմում

Նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, թե ինչ աղմուկ կսկսվեր «հին Հայաստանում», ասուլիսի սրահի խոսափողի մոտ ինչպես հերթի կկանգնեին սորոսագրանտյալ կամակատար «իրավապաշտպանները», եթե արդարադատության նախարարը որևէ դատավարության վերաբերյալ ասեր, թե տեսնում է միտումներ՝ դատական նիստերը ձգձգելու: Կամ, եթե ավելի վատ, գնահատական տար տվյալ գործով դատաքննությունը նախագահող դատավորի գործողություններին: Ու չեմ ուզում պատկերացնել ոչ թե այն պատճառով, որ երևակայությունս չի բավարարում, այլ պարզապես՝ նյարդերն ու առողջությունը խնայելու էգոիստական նկատառումներով:

Ասենք, պատկերացնելն էլ բարդ չէ: Ամբողջ սորոսագրանտյալ «կոհորտան» ուղղակիորեն վրա կտար արդարադատության նախարարի վրա: Մի երեք տարի առաջ: Կխաչեին՝ «ՀԺ»-ի էջերում ու կքառատեին ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Ազատության» եթերում:

Բայց այլ է հիմա: «Իրավիճակ» է փոխվել: Իսկ փոխվել է այն, որ անցյալի աղմկարարները, պախարակողներն ու ցեխանետողներն արդեն իշխանություն են կամ իշխանամերձ, պարգևավճարային լափամանին կցված կամ մերձակայքում: Ինչևէ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ասել է, թե՝ ինքը «Մարտի 1-ի» գործով դատական նիստերը ձգձգելու միտումներ է տեսնում, թե՝ տեսնում է որոշակի երևույթներ՝ արդարադատությունից խուսափելու, թե՝ դատավորը չի ուզում կոնկրետ գործը քննել, կամ ինքնաբացարկ է հայտարարում, կամ էլ հակառակը՝ ինքնաբացարկ չի հայտարարում, երբ դրա անհրաժեշտությունը կա...

Ստո՛պ: Մեկ րոպե: Ո՞վ է այս ամենը ասում: Ինչ-որ ՀԿ ղեկավա՞ր: Քաղաքական գործի՞չ, իրավապաշտպա՞ն, դատական լրագրող-մեկնաբա՞ն: Ո՛չ, ո՛չ և ո՛չ: Նման բաներ ասում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնն զբաղեցնող Ռուստամ Բադասյանը:

Հիմա նրա ասածն ու արածը ի՞նչ է. միջամտությո՞ւն մեծ հնչողություն ունեցող գործի դատավարական ընթացքին, ճնշո՞ւմ այդ գործով դատավարությունը նախագահող դատավորի ու այդ գործին առնչվող կամ առնչվելիք այլ դատավորների վրա:

Ի՞նչ է նշանակում, երբ արդարադատության նախարարը նման գնահատականներով անդրադառնում է որևէ գործով ընթացող դատավարությանը:

Եվ այս մտածողության տեր անձինք փորձում են հավաստիացնել, թե իրենք ուզում են անկախ դատական համակա՞րգ ձևավորել:

Լավ, սա ի՞նչ ձեռառնոցի է:

Ավելին, արդարադատության նախարարը պետք է որ ի պաշտոնե շատ լավ իմանա, թե ինչ ընթացակարգեր են նախատեսված և գործում այն դեպքերի համար, երբ միտումնավոր դատավարություն է ձգձգվում կամ դատավորը խախտում է թույլ տալիս: Կա «թավշեցված» Բարձրագույն դատական խորհուրդ, ի վերջո: Խնդիր ունե՞ք, լուծեք ըստ օրենքների ու կարգի: Առավել ևս, եթե խոսքն արդարադատության նախարարի մասին է:

Ամենից ուշագրավ ու ծիծաղահարույց պահը՝ Ռուստամ Բադասյանի ասածներից:

Նա, ուրեմն, կարծում է, թե՝ «ճիշտ չէ կոնկրետ մեկ գործի հետ կապել դատաիրավական բարեփոխումների ամբողջ ընթացքը»:

Կոնկրետ մեկ գործն էլ հայտնի է՝ այսպես կոչված «Մարտի 1-ի գործն» է, որը կոնկրետ Փաշինյանի ու իր գլխավորած իշխանության կողմից օգտագործվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հետապնդումներ իրականացնելու, նրան մեղադրանքներ ներկայացնելու, բավականին երկար ժամանակ կալանքի տակ պահելու նպատակով:

Ու հիմա Ռուստամ Բադասյանն ասում է, թե ճիշտ չէ մեկ գործի հետ կապել դատաիրավական բարեփոխումների ամբողջ ընթացքը: Ասում է, թե՝ դա գաղափարական որոշում է (օրինակ՝ բարձրագույն դատական մարմինների միավորումը), հեռուն գնացող բարեփոխում է, որն արվում է ՀՀ քաղաքացիների համար:

Փաստորեն, Ռուստամ Բադասյանը հավակնում է նաև տաղանդավոր հեքիաթասացի կոչմա՞ն:

Հեքիաթասաց, որովհետև այնքան ակնհայտ է, որ թե՛ ՍԴ-ի վրա Փաշինյանի հարձակումը, թե՛ դատարանների վրա ուղղակի հարձակումը անմիջականորեն շաղկապված են կոնկրետ մեկ «գործի»՝ արդեն հիշատակված «Մարտի 1-ի» գործի հետ: Նույնիսկ ոչ այնքան բուն «գործի», այլ դրա պատրվակով նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ փաշինյանական իշխանության քայլերի ընթացքի հետ: Հիմա նախարարն ինչ ուզում է, թող ասի, երևի ինքն անկեղծորեն հավատում է իր պատմածին: Բայց դրանից իրականությունը այլ չի դառնում, իրողություններն էլ չեն փոխվում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը