Լրահոս

08.09.2020 17:25


Խաշթառակում դաժան ծեծի ենթարկված երեխաների մայրը մահացել է

Խաշթառակում դաժան ծեծի ենթարկված երեխաների մայրը մահացել է

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում 58-ամյա պապի կողմից ծեծի ենթարկված երեխաների մայրը մահացել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը։

Նա նշեց, որ կինը մահացել է Սևանի բժշկական կենտրոնում։

Հիշեցնենք, Խաշթառակ գյուղում 58-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել իր թոռներին. նա այս պահին կալանավորված է։

Նշենք, որ դաժան ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6-ամյա տղան մահացել է, իսկ 4-ամյա երեխան՝ օգոստոսի 27-ին դուրս գրվել հիվանդանոցից։

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը, իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Բացի այդ, 2020թ. օգոստոսի 14-ին, 16-ին նույն պատրվակով պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 2 անչափահաս թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինիս 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է:

Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել։

Այս խորագրի վերջին նյութերը