Կարծիք

08.09.2020 14:04


Մենք պետք է ձեռնպահ մնանք մեր երեխաներին սեպտեմբերի 15-ից դպրոց ուղարկելուց

Մենք պետք է ձեռնպահ մնանք մեր երեխաներին սեպտեմբերի 15-ից դպրոց ուղարկելուց

Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ և բարեկամներ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է մի ուղեցույց, որի պահանջներով և կարգավորումներով 2020 թվականի սեպտեմբերի 15-ից պետք է կազմակերպվի ուսումնական գործընթացը հանրակրթական դպրոցներում։ Ինչպես հաճախ է պատահում օրվա իշխանությունների պարագայում, այն նախնական քննարկում է չի անցել գործընթացի հիմնական շահառուների՝ ուսուցիչների, հոգեբանների, բժիշկների, ծնողների հետ և այն։ Ավելին, ինձ հայտնի չեն այդ թեմայով որևէ հանրային քննարկումներ, որտեղ հնարավոր կլիներ լսել փորձառու մարդկանց կարծիքն ու տեսակետները, դիտարկել նոր իրավիճակում ուսումնական գործընթացի կազմակերպման տարբերակներ։ Այդ ամենի հետևանքով սահմանվել է մի կարգ, որը գործնականում կիրառելիության տեսանկյունից առնվազն խիստ խնդրահարույց է և կարող է անտանելի վիճակ ստեղծել մեր երեխաների և ուսուցիչների համար։

Կրթության ոլորտի պատասխանատուներն արդեն իսկ հայտարարել են, որ կարգում պետք է կատարվեն փոփոխություններ։ Կարծում եմ, որ խելամիտ որոշումների չհանգելու դեպքում, մենք պետք է ձեռնպահ մնանք մեր երեխաներին սեպտեմբերի 15-ից դպրոց ուղարկելուց։ Մենք և մեր երեխաները ոչ մի մեղք չունենք, որ որոշումներ կայացնելու իրավասությունները հանգամանքների բերումով վերապահվել են գործից անտեղյակ, պատահական մարդկանց։

Ես ունեմ դպրոցահասակ երկու երեխա և չեմ պատրաստվում նրանց սեպտեմբերի 15-ին ուղարկել դպրոց՝ այդ անտանելի պայմաններում կիսատ-պռատ ուսումնական գործընթացին մասնակից դարձնելու և անտեղի անհարմարություններին դիմակայելու համար։ Կոչ եմ անում հանրային դժգոհության ընդհանուր քայլ կատարել և երեխաներին չուղարկել դպրոց այնքան ժամանակ, քանի դեռ չեն կայացվել խելամիտ և հանրության հետ քննարկումների արդյունքում կայացված որոշումներ։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը