Մեկնաբանություն

08.09.2020 15:55


Փաշինյանին փոխանցեք, որ երկու տուփ չգնված ծխախոտի փողը ճամփա չի դառնում, գնվածի՛նն է դառնում

Փաշինյանին փոխանցեք, որ երկու տուփ չգնված ծխախոտի փողը ճամփա չի դառնում, գնվածի՛նն է դառնում

Առհասարակ, կեցցե՜ առողջ ապրելակերպը: Բայց...

Նիկոլ Փաշինյանը նախօրեին, սահմանամերձ Մոսվսես գլուղում «300 տարվա մեջ առաջին անգամ ասֆալտ արվելու» պահից թերևս խիստ ոգևորված, էլի որոշեց հարկաբյուջետային ու ՀԴՄ-ա-տնտեսագիտական պոպուլիզմով զբաղվի: Չէ, լավ առիթ էր, անշուշտ ու կարևոր է, որ Մովսես գյուղում էլ վերջապես ասֆալտապատ են փողոցները կամ առնվազն գյուղի գլխավոր փողոցը: Մանավանդ՝ Մովսեսում:

Բայց հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հայրենակիցներին սկսեց բացատրել, որ, այ, եթե մի երկու տուփ ծխախոտ քիչ ծխեք ու մի շիշ օղի էլ քիչ խմեք և, ուշադրությո՛ւն, այդ գումարը փոխանցեք պետական բյուջե, դա կդառնա ասֆալտած ճանապարհ, մանկապարտեզ, դպրոց...

Լավ է, չասաց, թե՝ օրումեջ հաց կերեք, նոր կոշիկ կամ տաբատ մի գնեք ու խնայած գումարները նվիրաբերեք կառավարությանը...

Շատերը միանգամից կենտրոնացան Փաշինյանի ասած՝ «մի շիշ արաղ քիչ խմելու» ֆրազի վրա՝ ուշադրություն չդարձնելով ամբողջ արտահայտության տրամաբանական հակասությանը:

Փորձեմ նույնքան պարզ արտահայտվել: Եթե Իքս Իգրեկյանը կամ, լավ, Պողոս Պետրոսյանը (պայմանական անուն-ազգանուն) ծխող է, ապա նա երկու տուփ չգնած ծխախոտի գումարը ինչպե՞ս և ինչո՞ւ պիտի փոխանցի պետական բյուջե: Գուցե միանգամից փոխանցի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամի՞ն՝ որպես բարեգործություն: Բայց դա բոլորովին այլ «օպերայից» է:

Հակառակը, եթե Պողոս Պետրոսյանը գնի՛ երկու տուփ ծխախոտ, նաև 1 շիշ դրոշմապիտակավորված օղի, ապա այդպիսով արդեն որոշ անուղղակի ներդրում կունենա պետական բյուջեի հարկային մուտքերի համալրմանը: Ի վերջո, յուրաքանչյուր 1 տուփ ծխախոտի (սիգարետների) մանրածախ գնի մեջ երևի մի 40 տոկոսը հարկերն են: Նույնը՝ սահմանված կարգին համապատասխան վաճառվող օղու դեպքում:

Ի դեպ, սիգարետի և խմիչքի պարագայում նույնիսկ ՀԴՄ-ն «չխփելու» դեպքում գնորդն էլի որոշակի չափով մասնակցում է հարկային մուտքերի ավելացմանը (առնվազն ակցիզային հարկի մասով, որի համապատասխան դրոշմանիշը փակցված է օրինական հիմունքներով վաճառվող ամեն մի ծխախոտատուփի (կամ միավոր արտադրանքի տուփի, փաթեթի) վրա:

Վատ չէր լինի, եթե ՀՀ ֆինանսների նախարարը կամ գոնե 1-2 տնտեսագետ, որպիսիք, հուսով եմ, կառավարությունում դեռ կգտնվեն, նաև նման բաները հնարավորինս համբերատար բացատրեին «թավշյա» ամենագետ-ամենապետին: Հա, մեկնումեկը գուցե նրան նաև հուշեր, որ կա՛մ վերսկսի մարզասրահ հաճախել, կա՛մ գոնե մարմնի կառուցվածքն ընդգծող ձգվող շապիկներ հագնելուց ձեռնպահ մնա: Պարզապես լավ չի նայվում...

Վերադառնանք սակայն բյուջեի, ասել կուզեր՝ մեր բոլորիս վճարած հարկերից գոյացած միջոցներին: Նիկոլ Փաշինյանն իրավացի է, երբ նշում է, որ այդ միջոցների հաշվին են կառուցվում, նորոգվում ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ: Այո՛:

Բայց չի ասում, որ նաև այդ բյուջեի, այսինքն՝ մեր բոլորի գոյացրած միջոցների հաշվին են իրեն ու իր նախարարներին, պատգամավորներին և այլ «կարևոր» պաշտոնյաների պարգևատրումախեղդ անում ու արել՝ արդեն 100 միլիոն դոլարի չափով:

Ժողովուրդը, այս դեպքում ավելի ճշգրիտասած՝ հարկատուները, վճարած հարկերի փողը հաստատ «հորանց տնից» չեն բերել, այլ «էրեխանց բերանից» են կտրում նաև: Իսկ այ, «թավշյա» պաշտոնյաները այդ հարկերի հաշվին ստացած պարգևատրումները տանում են իրենց տուն (ոմանք գուցե նաև՝ հորանց տուն): Ու վերևից խնդում են «կիսագրագետ պողոսների» վրա, ծաղրում, հաճախ՝ իրենց «մեծ բանի տեղ դնելով», սկսում են «խելք սովորեցնել», ասել՝ «աղքատությունը քո գլխի մեջ է», «ինչ խոստացել եմ, սաղ արվել ա» և նման բաներ:

Ու ամենևին պետք չէ առիթ-անառիթ «թավշյա» ասֆալտը մարդկանց աչքը խոթել: Բա ասֆալտ էլ չէիք ուզում անե՞լ: Դա՝ ճանապարհներ նորոգել, կառուցելը, ի դեպ, ինչ-որ լավություն չէ, որ անում է Փաշինյանի կառավարությունը: Դա բազմաթիվ պարտականություններից ընդամենը մեկն է: Էհ, եթե այդ մի պարտականությունն էլ չարվեր, ապա վաղեմի ծանոթ Գերասիմի նման կարելի էր ասել՝ «բա էլ պե՞տք ա 1000 տարի...»:

Մյուս կողմից, երբ նախ ֆեյսբուքյան լրահոսում նկատեցի տարբեր գրառումներ՝ «Փաշինյանը ասաց... մի շիշ արաղ» և նման բառերով, կարծեցի, թե վարչապետը վերջապես անդրադարձել է Արմավիրում ու ոչ միայն «ֆալշ» արաղից տասնյակ մարդկանց թունավորվելու և 17 մարդու մահանալու սահմռկեցուցիչ եղելությանը:

Պարզվեց՝ ոչ: Ուրիշ բանից է խոսել, ուրիշ առիթով:

Դե, կորոնավարակի դեմ պայքարը տանուլ տված ու նաև այդպիսով ավելի քան 1100 հայրենակցի մահվան համար պատասխանատվության ենթակա կառավարության ղեկավարը երևի պետք չէ, որ տնայնագործական եղանակներով «լցրած» արաղից 17 հոգու մահվան մասին խոսի: Երևի պետք էլ չէ, որ հրապարակավ կարգադրի 300 տարվա մեջ վերջապես արված ասֆալտին փռել անօրինական «արաղ լցնողներին», իսկ օրինական արտադրողներին էլ համենայն դեպս՝ խստորեն ստուգել:

Դա կարևոր չէ: Կարևորը՝ հնարավորինս փառաբանել «թավշյա» ասֆալտը և «կատոկել» մարդկանց լսելիքը՝ տնտեսական քաղաքականությունը պրիմիտիվացնելով մինչև ՀԴՄ կտրոն խփել-չխփելը, իսկ վարակի դեմ պայքարը՝ դիմակ դնել-չդնելը: Կարևորը՝ ասել «մարդիկ տուգանքի մատերիալ» չեն, բայց բոլորին դիտարկել զուտ որպես «տուգանքի մատերիալ»՝ սեփական թիմի ներկայացուցիչներին «հորանց տուն» տարվելիք և «թոռանց բանկային հաշվին» դրվելիք պարգևավճարների փողն ապահովելու համար:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը