Այս մասում ցանկանում եմ որոշ դիտարկումներ անել ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության ներածության վերաբերյալ.
1. (ԱԱՌ, ներածություն 1.2 կետ) Նիկոլապատկան իշխանություններն արձանագրում են, որ քանի որ «2018թ. Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, ապա մեզանից պահանջվում է ունենալ նոր, ավելի հավակնոտ Ազգային անվտանգության ռազմավարություն»: Մի բան, որին զուտ անվտանգության նկատառումներով պետք է հակառակ կողմից նայել: Այսինքն` ո՞ր ուժերը, ի՞նչ արտաքին աջակցությամբ, ինչպիսի՞ հեռահար նպատակներով, և ի՞նչ քաղաքական ու տեխնոլոգիական ներգործության միջոցով կարողացան իրականացնել հեղաշրջում մի երկրում, որն ուներ օրինական ընտրված, միջազգայնորեն ճանաչված ու պետությունը կայուն զարգացման տանող իշխանություններ: Ասենք թե, բախտներս բերեց, որ 2018թ. իշխանության ղեկին հմուտ և բազմափորձ Սերժ Սարգսյանն էր, ով ժամանակին հասկացավ, թե որտեղից են փչում քամիները, և հանուն պետության` գնաց խաղաղ ու անարյուն իշխանափոխության: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի դեմ նման մի ալիք կազմակերպվի, արդյո՞ք դրան ադեկվատ կվերաբերվի իշխանությունը` ի շահ պետականության, թե՞ ձեզնից հետո թեկուզ ջրհեղեղ:
2. Հայոց պետականության շահերը բազմազան են, և առընչվում են ամենատարբեր ոլորտներին: Հետևաբար միայն ՀՀ քաղաքացին է իմպերատիվ կերպով պարտավորված պաշտպանել դրանք: Աշխարհասփյուռ համայն հայ ժողովուրդը, բացի ազգությամբ Հայ լինելը, հանդիսանում է նաև իր բնակության երկրի քաղաքացի և շատ հարցերում չի կարող հակասության մեջ մտնել այդ երկրի շահերի հետ, ու Հայաստանի շահերի կրողը դառնալ: Որևէ միտք գրելուց առաջ նայեք իրականությանը, կամ էլ հստակեցրեք, թե ի՞նչ ի նկատի ունեք (ԱԱՌ, ներածություն 1.4 կետ):
3. (ԱԱՌ, ներածություն 1.6 կետ) Մարտահրավերներին դիմակայելու, սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի միջազգային կշիռը բարձրացնելն իհարկե կարևոր նպատակ է, բայց գործող իշխանության պարագայում այն դարձել է ուտոպիա: Փոքր պետությունների համար` ձեր նշած «մեծացնել պետության կշիռը» հասկացությունը, սովորաբար սահմանափակվում է տարածաշրջանով: Նախորդ կառավարություններն իրենց հավասարակշռված, բազմավեկտոր, փոխլրացնող ու նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ Հայաստանը դարձրեցին մի շարք միջազգային գործընթացների լիիրավ մասնակից, որի դեմ դուք ակտիվ պայքարում և քննադատում էիք: Իսկ հիմա նույնիսկ ԱՄՆ-ի հետ համագործակցության օրակարգ չեք կարողանում ստեղծել, ԵՄ-ից միայն փող եք ուզում, իսկ ՌԴ հետ ծանրակշիռ, բազմաֆունկցինալ, ռազմավարական հարաբերություններն ազատ անկում են ապրում: Ինչ վերաբերում է «փափուկ ուժի»-ի կիրառման բարի ցանկությանը, ապա չմոռանաք, որ ըստ այդ հասկացության հեղինակ Ջոզեֆ Նայի` պետության փափուկ ուժը հենվում է երեք գործոնների վրա. դոմինանտ մշակույթ, երկրի սահմաններից դուրս քաղաքական արժեքներ, և ուրիշների կողմից ընդունելի արտաքին քաղաքականություն: Հիմա նայեք ձեզ, ու չափեք ձեր գրածը ռազմավարությունը` ձեր արած քայլերի հետ:
ա) Փակել եք մշակույթի նախարարությունը և պայքար եք սկսել ազգային արժեքների դեմ:
բ) Ձեր հայտարարած միակ քաղաքական արժեքը` «թավշյա հեղափողությունն» է, որը բացի ձեզանից, ոչ մեկին պետք չէ ո՛չ դրսում, ո՛չ էլ ներսում:
գ/ Արտաքին քաղաքականության տխուր պատկերին էլ արդեն կարճ անդրադարձել եմ:
Իսկ եթե մտածում եք, որ հայկական սփյուռքը պետք է ձեր փոխարեն «փափուկ ուժի» կիրառմամբ զբաղվի, ապա չփակեիք Սերժ Սարգսյանի ստեղծած սփյուռքի նախարարությունը, և չբերեիք ամենաթույլ հանձնակատարին ու դարձնեիք սփյուռքում ծաղրի առարկա:
Որևէ միտք գրելուց առաջ նայեք իրականությանը