Մեկնաբանություն

06.09.2020 13:13


Երբ «թավշյա» որոշներն ավելի հավասար են, քան տմբտմբագլուխ պողոսները կամ՝ փաշինյանական կեղծավորության մեխանիկան

Երբ «թավշյա» որոշներն ավելի հավասար են, քան տմբտմբագլուխ պողոսները կամ՝ փաշինյանական կեղծավորության մեխանիկան

Մոտ երկու տարի առաջ, իսկ ավելի կոնկրետ՝ 2018թ. սեպտեմբերին դիվանագիտական-անձնագրային «թեթևակի» սկանդալ եղավ, մարդիկ կան՝ կհիշեն, իսկ ովքեր հասցրել են մոռանալ, համացանցն ու «գուգո»-ն ձեռքի տակ են: Այն ժամանակ, ինչպես հիշեցիք, մեր հանրահայտ ֆուտբոլիստ, հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանից Փաշինյանի իշխանությունը հետ պահանջեց նրան տրված դիվանագիտական անձնագիրը: Հասկանալի է, որ Փաշինյանն այդպիսով վրեժ էր լուծում հարգված ու տաղանդավոր ֆուտբոլիստից՝ «թավշյա» անարյուն հեղաշրջմանը չմիանալու համար: Կարգապահ և օրինապահ անձնավորություն լինելով՝ Մխիթարյանը վերադարձրեց դիվանագիտական անձնագիրը: Այնպես որ, Փաշինյանի մանրախնդիր վատությունն իրեն մնաց:

Այդ նույն ժամանակ, որպեսզի ինչ-որ կերպ «մարեն» կամ հանրության ուշադրությունը շեղեն Մխիթարյանից դիվանագիտական անձնագիրը խլելով վրեժ լուծելու թեմայից, հայտարարվեց, որ առհասարակ, ավելի քան 250 այլ անձանցից էլ են նույնպիսի անձնագրերը հետ վերցրել կամ դրանք չեղարկել:

Ավելին, հայտարարվեց, որ դա յուրօրինակ արտոնության պես մի բան էր, որ իրենց թույլ էին տալիս «նախկինները» և, ամենից կարևորը, թե՝ այսուհետև չեն լինելու դիվանագիտա-անձնագրային արտոնյալներ և այլն, և այլն: Ու այդ «և այլն»-ի մեջ նաև ընդգծում, որ դիվանագիտական անձնագրերն այսուհետև տրվելու են միմիայն օրենքի տառին խստիվ համապատասխան, ֆլան-ֆստան...

Անցավ երկու տարի: Եվ ահա, օրերս, պատասխանելով լրատվական կայքերից մեկի հարցմանը (lurer.com) ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը բավականին հետաքրքրաշարժ տեղեկություններ էր հայտնել: Հարցման հեղինակ կայքը յուրովի էր մեկնաբանել ԱԳՆ խոսնակի պատասխանը, Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր, արել որոշակի ճշտումներ, պարզաբանումներ:

Ամենևին խնդիր չունենք նշված կայքի և ԱԳՆ մամուլի խոսնակի «հեռավար» հարցուպատասխանների տիրույթ ներխուժելու, բայց հրապարակված տվյալներն իսկապես էլ խիստ հետաքրքրաշարժ են:

Այսպես, ըստ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչուհու պատասխանի՝ «2018թ․ մայիսից մինչ օրս ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, տրամադրել է 783 դիվանագիտական անձնագիր, ինչն իր մեջ ներառում է նաև ՀՀ դիվանագետների՝ նշված ժամանակահատվածում դիվանագիտական անձնագրերի ժամկետն ավարտվելու կապակցությամբ տրամադրված նոր անձնագրերի քանակը»:

Բարի: Բայց տեղեկատվությունն առավել ամբողջական ու ճշգրիտ կլիներ, եթե կոնկրետացվեր, թե տրամադրված 783 հատ դիվանագիտական անձնագրերից քանի՞սն է հատկացվել ժամկետանցների փոխարեն, գոնե քանի՞ տոկոսը: Հակառակ դեպքում, որքան էլ խոսվի ժամկետանց փաստաթղթերը նորերով փոխարինելու մասին, իրոք, տպավորություն է ստեղծվում, որ դիվանագիտական անձնագրերն արտոնություն հռչակած ու մերժող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դիվանագիտական անձնագրերի հորդառատ անձրև է «գլուխ բերել»:

Ինչ-որ տեղ վիճակը մեղմում է այն, որ հիշատակված 783-ից 764 դիվանագիտական անձնագիրը, ինչպես նշում է Աննա Նաղդալյանը, տրամադրվել է դիվանագետների, նրանց ընտանիքի անդամներին, այն նորապաշտոնյաներին, որոնց օրենքով («Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=75809) տրվում է նման փաստաթուղթ:

Ինչ վերաբերում է մնացյալ 19 հատ դիվանագիտական անձնագրին, և մեր տեսանկյունից՝ ամենամեծ ուշադրությանն արժանի տվյալը հենց դա է, ապա դրանք տրվել են ՀՀ վարչապետի, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի թույլատրությամբ:

ԱԳՆ խոսնակը նաև պարզաբանում է, որ այդ 19 դիվանագիտական անձնագիրը, Նիկոլ Փաշինյանի թույլատրույթամբ, տրվել է օրենքում անհատապես չնշված, «բայց բոլոր դեպքերում՝ պետական ծառայության հետ առնչվող գործունեության բերումով»: Ու, որպես փոքրիկ «ծաղիկ», ասվում է, թե նախկինում շատ ավելի շատ էին այդ տարբերակով նման փաստաթղթեր տալիս (մի 90 տոկոսով շատ):

Թե նախկինում ով ինչ «բողկեր» էր ցանում, իրենք իրենց արարքների համար են պատասխանատու: Մեզ հետաքրքիր են «թավշյա», կարելի է ասել՝ նոր «բողկերը»:

Ի՞նչ է ստացվում, սիրելի հայրենակիցներ: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե դիվանագիտական անձնագիրը մի այդպիսի հավելյալ արտոնություն էր, որը նախկինները շատերին էին տալիս, իսկ իր իշխանության օրոք, «նի՛-նի՛-նի՛», ո՛չ մի արտոնություն-մարտոնություն, դիվ.անձնագիր-մանձնագիր:

Ու... այո, 19 հատ դիվանագիտական անձնագիր տրամադրվում է օրենքով անհատապես չնշված պաշտոնյաների: Իսկ գուցե հրապարակավ ասվի՞, թե կոնկրետ ո՛ւմ, ի՛նչ կարևոր կամ նորակարևոր անձանց են տրվել այդ 19 դիվ.անձնագրերը: Թափանցիկությունն ո՞ւր է, թե՞ այնքան «թափանցիկ» է, որ չի երևում:

Ստացվում է, որ «ոչ մի արտոնություն» հռչակված սկզբունքը Նիկոլ Փաշինյանը ուղիղ 19 անգամ խախտել է: Ի դեպ, մանրուք է, բայց հետաքրքիր է, «Արլիս» կայքում մեր գտած օրենքը՝ «գործում» է նշումով, ասում է, որ առհասարակ, առանձին դեպքերում դիվանագիտական անձնագիրը տրվում է նախագահի թույլտվությամբ: Նախագահի՛, ո՛չ վարչապետի: Լավ, այսպես թե այնպես, նախագահ կարելի է ասել՝ չունենք, այնպես որ, այդ մի «հարվածին» օրենքը մի կերպ կդիմանա: Նմա՞ն օրենքներ է այս երկու տարում հատակի փալասի վերածել Նիկոլ Փաշինյանը՝ պերմանենտ օրինախախտների իր «քայլաթիմի» պանծալի ներկայացուցիչներին դեռ չհաշված: Համարենք, որ այդ օրենքն էլ փոխվել է: Նախագահի պահը մանրուք է, ի վերջո:

Իսկ «խոշորք»-ը այն է, որ այս 19 դիվանագիտական անձնագրի բաշխման պահը միանգամայն բնութագրական է Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության, ինչպես նաև նրան ծնկաչոք երկրպագող զանգվածի համար:

Սա այն է, ինչ կոչվում է փարիսեցիություն, կեղծավորություն ու ձևական ցուցադրականություն: Բնութագրական է և այն, թե որքա՜ն դուրեկան է մի նկատելի զանգվածի համար այս կեղծավորությունը:

Դե, Նիկոլ Փաշինյանի դեպքում ամեն ինչ ակնբախ է. գալով իշխանության՝ նա ձգտում է անել և անո՛ւմ է այն ամենը, ինչի համար փողոցային բառապաշարով ու ծղրտուն ձայնով «քլնգում»-քննադատում-պախարակում էր նախկիններին: Ո՞րը նշես, որը՝ ոչ: Դե, այս չարաբաստիկ դիվանագիտական անձնագրերը դեռ մի կողմ, ընդամենը «դետալ» են: Նշենք այլ, ավելի աչք ծակող դետալներ. կառավարական առանձնատան, այսինքն՝ իր և իր ընտանիքի կեցության պայմանների ճոխության ապահովում, նորոգում-վերանորոգումների վրա ահռելի ծախսեր (կարելի է կարծել, նախկիններն այդ առանձնատները փլատակների էին վերածել): Ծառայողական մեքենաների վրա կատարված ծախսեր (կարելի է կարծել, նախկինները «Զապորոժեցով» էին շրջում): Ահռելի, ավելի քան 100 միլիոն դրամի հասնող ծավալով անհասկանալի պարգևատրումներ՝ սեփական պաշտոնա-քայլաթիմին: Էլ չենք խոսում ուղեկցող ավտոշարասյան «երկարելու», անվտանգության կամ պահպանության «զորքի», դիպուկահարների և մնացած «իշխանական հաճույքների» մասին:

Չենք խոսում «սահմանադրական կոստյումի» մասին և էլի շատ բաների, մինչդեռ այդ «շատ բաներից» յուրաքանչյուրը, առանձին վերցրած՝ շրխկան ապտա՛կ է նախկին Նիկոլին՝ նոր Նիկոլից:

Ու բարոյական առումով, ամենից առաջ բնութագրում է ոչ միայն նրան, այլև իր իշխանության աջակիցներին, որ հայհոյախոսում էին և հայհոյախոսում են երևույթների հետ կապված, որոնք այսօր... ամեն կերպ արդարացնում են:

...Չգիտեմ, թե հետո ինչ կլինի կամ չի լինի, բայց հաջորդ իշխանափոխությունից հետո երևացող մի տեղ պետք է տեղադրել Ջորջ Օրուելի հուշարձանը, իսկ նրա առնվազն «Անասնաֆերմա»-ն ավագ դպրոցի դասընթացում դարձնել պարտադիր ընթերցանության համար:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը