Մեկնաբանություն

04.09.2020 19:25


Այնուամենայնիվ, Ամուլսարի հարցի վերջն ի՞նչ է լինելու

Այնուամենայնիվ, Ամուլսարի հարցի վերջն ի՞նչ է լինելու

Ազգային ժողովի նստատեղերի մեծ մասը զբաղեցրած «քայլականները» ոգևորությամբ նշեցին իրենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձակուրդային վերջին օրը: «Թավշյա» առաջնորդի մոտեցումներին համահունչ՝ «քայլականները» կարանտինային պայմաններ, ինչպես նաև խաղաղ բնակչությանը տուգանքներով տեռորի ենթարկելու նոր կանոններ ընդունեցին:

Չնայած, տուգանքներից ու խնդրահարույց որոշումներից բացի, Փաշինյանի իշխանությունն ունի նաև այլ բնութագրիչներ: Դրանցից մեկը Ամուլսարի հարցով պայմանավորված պատասխանատվությունից փախչելն է: Այն արդեն երևի երկու տարուց ավելի է, ինչ օդում կախված է մնացել: Ի տարբերույթուն նախկին Նիկոլ Փաշինյանի սիրած «օդում կախված լուրերի», Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործել-չշահագործելու հարցը օդում կախված է մնում միանգամայն ուղղակիորեն:

Արդեն երկու տարի ու մի քանի ամիս է, ինչ այդպես էլ կոնկրետ որոշում չի կայացվում: Մենք չեն ասում, թե հանքավայրը անպայման պետք է շահագործել: Չենք ասում նաև, թե՝ ոչ մի դեպքում չպետք է շահագործել: Մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած կառավարությունը պարտավո՛ր են, այո՛, ուղղակի պարտավո՛ր են, ի վերջո, հանգել որոշման:

Եթե որոշում են շահագործել հանքավայրը, ապա քայլեր են կատարվում այդ ուղղությամբ: Եթե որոշվում է, որ՝ ո՛չ, հանքավայրի շահագործումը սպառնում է առողջարանային Ջերմուկին ու Սևանա լճին, չնայած մի ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանն այլ բաներ էր ասում, ապա փակում ենք հարցն ու անցնում առաջ: Ամեն դեպքում հստակություն է պետք:

Սակայն բնութագրականն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ո՛չ այս են անում, ո՛չ այն:

Դա այն դեպքում, երբ նույն այդ կառավարությունը հարկատուների միջոցներից 400 հազար դոլար «գըմփացրեց» Ամուլսարի հանքավայրը շահագործել (չշահագործելու) վերաբերյալ արտերկրյա փորձագիտական գնահատական ստանալու վրա: Դա ի՞նչ էր, օրինակ: Չարդարացված ծա՞խս, թե՞ պետական փողերի վատնում: Ո՞րն էր, էլի, մոտ կես միլիոն դոլար ծախսելու իմաստը, եթե ոչ մի որոշում չէր ընդունվելու:

Ավելին, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ նրա կաբինետի անդամները, եթե դեռ չեք մոռացել, «ժողովրդի ծառաներն» են, վարձու աշխատողներ:

Առհասարակ, վարչապետի աշխատանքային կարևոր պարտականություններից մեկը, ինչի համար նա աշխատավարձ է ստանում, որոշումներ կայացնելն է: Հարց է ծագում. ինչո՞ւ աշխատավարձ ու, իբր դա քիչ է, պրեմիա վճարել վարչապետին ու իր նախարարներին, եթե նրանք որոշում չեն կայացնում ու այն չեն իրագործում: Գուցե Ամուլսարի մասով նրանց ռոճիկից, ինչպես առաջներում ասում էին՝ պահո՞ւմ կատարեն:

Թե՞ բոլորին ձեռնտու է այս՝ ո՛չ հա, ո՛չ չէ իրադրությունը:

Օտարերկրյա ներդրողը երևի ակնակալում է, որ բանն, ի վերջո, կհասնի միջազգային արբիտրաժ ու ինքն առանց այսուայնկողմ ընկնելու կստանա իր ենթադրելի շահույթը՝ վճարելիք տուգանքի տեսքով:

Ամուլսարի պահպանության հարցում մասնագիտացած ցուցարարներին երևի ձեռնտու է նման կացությունը, որովհետև, առանձին անախորժություններն ու ոստիկանության՝ ժամանակ առ ժամանակ չարանալու պահերը չհաշված, իրենք որոշակի հասարակական ու տեղեկատվական ուշադրության կենտրոնում են:

«Թավշյա» կառավարությանն էլ, թերևս ձեռնտու է, որ որոշում չընդունելու, այսինքն՝ իրենց անմիջական պարտականություններից մեկը չկատարելու համար, միևնույն է, աշխատավարձ ստանում են: Իսկ բացի այդ, հանքավայրը շահագործել-չշահագործելու հարցն օդում կախված պահելով՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակային տարբեր մանիպուլյատիվ «խաղեր տալու» որոշ հնարավորություն է ստանում:

Ճիշտ է, այդ «խաղերն» օրինակ Ջերմուկում չանցան, և շատերս տեսանք, որ այնտեղ, ըստ էության մերժեցին Նիկոլ Փաշինյանին ու չճանաչեցին նրա իշխանությունը, որքան էլ որ մեկ տարի առաջ այնտեղ «տնետուն-դռնեդուռ» էր ընկել (կհիշեք):

Բայց այդ ամենը «ուղեկցող երևույթներ և իրադարձություններ» են: Առանցքային պահն այն է, որ իշխանության որոշում չկա, և դա, ինչպես սկզբում նշեցին՝ բնութագրական է: Ինչպիսին պոպուլիստ կառավարիչներն են՝ «ո՛չ ձուկ, ո՛չ միս», այնպիսին էլ իրենց մոտեցումն է այս հարցում: Թեպետ, ինչո՞ւ միայն այս հարցում:

Ա.Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը