Լրահոս

04.09.2020 15:51


Ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման գործով մեղադրյալի առողջական վիճակը վատացել է. կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվել է

Ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման գործով մեղադրյալի առողջական վիճակը վատացել է. կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվել է

Ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդության քննարկման ժամանակ մեղադրյալի առողջական վիճակը կտրուկ վատացել է ու նա տեղափոխվել է հիվանդանոց։ Հովսեփյանի պաշտպան Գոռ Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Հովսեփյանն ունի երրորդ կարգի հաշմանդամություն, դիաբետ և ուղեկցող մի շարք հիվանդություններ։ Փաստաբանը գտնում է, որ Հովսեփյանի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառ կարող էր լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգևոր ծանր վիճակը, քանի որ դատական նիստը գիշերը ժամը 03։00-ի սահմաններին էր նշանակված։

«Իբրև անհապաղ համարեցին կալանքի նիստը։ 72 ժամվա ափալ-թափալն էին, տրամաբանորեն կարող էին հետո էլ շարունակել, որևէ խնդիր չէր առաջանա»,- ասաց փաստաբանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ դատական նիստում քննիչը չի հասցրել անգամ հրապարակել կալանավորելու միջնորդությունը, գիշերվա ժամը 3-ին, երբ դատարանը ճշտում էր մեղադրյալի տվյալները՝ վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է եւ շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց, ճնշումը շատ բարձր էր։ «Գիտակցությունը չէր կորցրել, բայց մթագնած էր, կրծքավանդակի շրջանում ցավում էր»,-ասաց նա։

Նշենք, որ Հովսեփյանի ձերբակալման 72 ժամն արդեն լրացել է, իսկ խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ՝ կապված Հովսեփյանի առողջական վիճակի հետ։

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կեղծ օղի արտադրելու կամ իրացնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ ծանր հետևանքներ։ Պաշտպանի խոսքով՝ Հովսեփյանը դիրքորոշում չի հայտնել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, քանի որ մեղադրանքն անորոշ է, ու պնդել կասկածյալի կարգավիճակում տված ցուցմունքը։

«Չենք փորձել դիրքորոշում հայտնել, քանի որ շատ հարցեր կան, որոնք պարզաբանման են ենթակա, բայց մեղադրանքի էությունն իր հետ որևէ կապ չունի, այսինքն՝ անձին մեղադրում են դիտավորյալ հանցագործության մեջ՝ կեղծ օղի պատրաստելու՝ իրացնելու նպատակով։ Կեղծ օղի եզրույթը որևէ տեղ արտացոլված չէ։ Նախ՝ ցույց չեն տալիս, թե որն է իրական օղին, որ հետո առանձնացնեին կեղծ օղին»,-ասաց Գևորգյանը։ Պաշտպանի փոխանցմամբ՝ Հովսեփյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն է եղել այն անձի հետ, ումից Հովսեփյանը ձեռք է բերել ցորենի սպիրտը, սակայն ցուցմունքները նույնաբովանդակ է եղել, որևէ հակասություն չկար։

«Երկուսն էլ ընդունում են, որ մեկը վաճառել է մաքուր ցորենի սպիրտ՝ իմանալով, որ դա մաքուր ցորենի սպիրտ է, մյուսն էլ՝ գնել է ցորենի սպիրտ։ Երկուսն էլ չեն իմացել»,-ասաց փաստաբանը։

Ավելի վաղ արձանագրել ենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք՝ Արմավիրում, Կոտայքում, Երեւանում, որից 14-ը՝ մահվան ելքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով:

Այս խորագրի վերջին նյութերը