Մեկնաբանություն

04.09.2020 16:35


Պարգևավճարների փող ունեն, դպրոցներին դիմակներ բաժանելու, «կյանքեր փրկելու» փող չունեն` «պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է»

Պարգևավճարների փող ունեն, դպրոցներին դիմակներ բաժանելու, «կյանքեր փրկելու» փող չունեն` «պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է»

Ուրեմն, էս նեղ մաջալին` կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում, «ժողովրդի» կառավարությունը «ժողովրդի ծառաների»` նախարարների, պատգամավորների, ՊԵԿ-ի, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, համայնքապտարանի բարձր, տեղ տեղ` նաև միջին օղակի չինովնիկների առատության եղջյուրից թափվող շռայլ պարգևա(հավելա)վճարները պարտաճանաչ կերպով վճարելու փող ունի. միլիոնավոր դոլարներ է վատնում դրա վրա` աչքը չի թարթում։

150 նոփ-նոր ծառայողական ավտոմեքենա գնելու և 2 միլիարդ դրամ (ավելի քան 4 միլիոն դոլար) անկապ տեղը ջուրը գցելու փող ունի։

Կորոնավիրուսի ախտորոշման կասկածելի ճշգրտության («չար լեզուների» ասելով` չօգտագործվող) «հայկական թեստերի արտադրության» վրա մսխելու փող ունի`500 հազար դոլար է ծախսել դրա համար։

Կառավարման համակարգում 100 սփյուռքահայ, ասել է թե` օտարահպատակ «բարձրակարգ վարձատրվող» երիտասարդ «բարձրակարգ մասնագետներ» ներդնելու փող ունի։

Նոր Սահմանադրություն կարել-ձևելու-հանրաքվեի դնելու փող ունի։

«Կոռուպցիոն դատարաններ» ստեղծելու և ֆինանսավորելու փող ունի։

Շա՜տ ու շատ այլ անպետք, անիմաստ, ինքնանպատակ բաների վրա «ուգրոբիտ անելու» փող ունի։

Բայց ծննդատներ պահելու փող չունի։

Մանկատներ, գիշերօթիկ դպրոցներ, մասնագիտացված բժշկական կենտրոններ, պետական ապարատում աշխատող «ավելորդ ուտող և կոֆե խմող բերաններ» պահելու փող չունի` որտեղից ինչ և ինչքան կարողանում է, «օպտիմալացնում» է։

Հանրակրթական հաստատություններին «պաշտպանիչ միջոցներ» բաժանելու փող չունի. ինչպես աչքալուսանք տվեց երեկ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, բյուջեի վիճակը լուրջ է` «պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է». դժվար թե 1,3 միլիոն դոլար ճարվի անորոշ ժամանակով «քրեակատարողական հիմնարկների» կարգավիճակում հայտնված դպրոցականների և մանկավարժների համար դիմակներ առնելու, «կյանքեր փրկելու» համար։

Մահվան վերելակները` կյանքի վերելակներով, հուսահատության գազելները`հույսի ավտոբուսներով փոխարինելու փող չունի։ Նույնիսկ «հին Հայաստանից» ժառանգած երգող կամ թեկուզ չերգող շատրվաններն աշխատացնելու փող չունի։

Կորոնավիրուսից տուժած անվճարունակ «հպարտ» քաղաքացիների կոմունալ ծախսերը փոխհատուցելու փող չունի`չունի ու չունի։

Շա՜տ ու շատ ուրիշ բաների համար փող չունի, բայց երբ «սենց պետք է»` լա՛վ էլ գտնում է...

Իսկ «ժողովուրդը»... Ժողովուրդը` ի՞նչ...

Ժողովրդին մնում է համակերպվել այդ ամենի հետ, բավարարվել «տուգանքի մատերիալի» հույժ պատվավոր դերով և օրը մի քանի անգամ օրհնել «էն սհաթը», երբ սեփական կոտրած ձեռքով Նիկոլի նմանին իր գլխին «ժողովրդի վարչապետ» կարգեց ու գլխներիս մե՜ծ, շա՜տ մեծ, աննախադեպ մեծ փորձանք դարձրեց...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը