Մեկնաբանություն

03.09.2020 17:30


Ինչերո՞վ էր զարդարված Աննա Հակոբյանի ձեռքի ԱԿ ինքնաձիգը

Ինչերո՞վ էր զարդարված Աննա Հակոբյանի ձեռքի ԱԿ ինքնաձիգը

Վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի զինավառ լուսանկարները, բնականաբար, աշխույժ խոսքուզրույցի առիթ տվեցին երեկ, դարձան սոցցանցային լրահոսի օրվա գլխավոր թեմաներից մեկը: Ամենատարբեր հայրենակիցներ զարմանազան բաներ ասացին, մեկնաբանեցին, ոմանք հիացան, նրանց շարքում եղան նաև քծնողներ, մյուսները սրամտեցին, երրորդները...

Բայց ի՞նչ էր ուզում ասել Աննա Հակոբյանը, բացի այն, որ ռազմական հանդերձանքով ու զենքով ինքը իր ամուսնու գլխավորած կառավարության ու, առհասարակ, գործող իշխանական մեծամասնության արական սեռի բազմաթիվ ներկայացուցիչներից շատերից շատ ավելի լավ է դիտվում:

Նախ, թույլ տանք մեզ ենթադրել, որ Աննա Հակոբյանի՝ «մոտոհրաձգային դասակի նորակոչիկի կուրսանտական պատրաստության» արագացված դասընթացի լուսանկարների տարածման զուգահեռ նպատակներից մեկը հենց «օրվա թեմա» դառնալն էր, սոցցանցերում ու առհասարակ՝ մեդիա հարթակներում ուշադրություն գրավելը, մեկնաբանությունների և ակտիվ քննարկումների առիթ տալը: Դա հի՜ն, բայց բազմիցս փորձարկված հնարք է: Այն իմաստով, որ եթե կա խիստ ուշագրավ իրադարձություն, որը չես ցանկանում, որ մեծ ուշադրության արժանանա, «ստեղծում» ես քո՛ իրադարձությունը:

Սեպտեմբերի 2-ին հիմնական իրադարձություններից էին Արցախի Հանրապետության օրը և այդ տոնական օրվա միջօրեին ՌԲԿ ռուսական լրատվամիջոցի հեռարձակած՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը:

Հանրահայտ է, թե Փաշինյանն ու մերձավոր բարեկամաքաղաքական թիմը որքան նյարդային, ջղագրգիռ ու ցավոտ են տանում Արցախի հերոս և առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ ու տպավորիչ տնտեսական թռիչք իրագործած Ռոբերտ Քոչարյանի հրապարակային ելույթները, հարցազրույցները: Փաշինյանականները և այս հարցում նաև տեր-պետրոսյանականները այն աստիճան են հիստերիկանում Ռոբերտ Քոչարյանի հրապարակային ելույթներից, որ, կհիշեք, վայրագորեն ներխուժեցին այն սրահ, որտեղ նախատեսված էր նրա մամուլի ասուլիսը: Հիշում եմ, մեկը կար, անգամ գնաց ու բոյով մեկ փռվեց սրահի երևացող մասում...

Այնքան մակերեսին է այդ ամենը և այնքան մակերեսային, որ մնում է միայն արձանագրել՝ Աննա Հակոբյանի զինավառ և ռազմաշունչ լուսանկարների տարածման զուգահեռ նպատակներից մեկը ՌԲԿ-ին նախագահ Քոչարյանի տված հարցազրույցից հանրության ուշադրությունը շեղելն էր: Արձանագրենք նաև, որ շեղել չստացվեց: Իսկ չստացվեց, քանզի «շեղող մանևրը» որքան էլ հետաքրքրական էր ձևի առումով, նույնքան դատարկ էր բովանդակությամբ, եթե չասվի, որ միայն ձև էր:

Բայց մինչև այժմ խաղաղասիրական կոչերով աչքի ընկած Աննա Հակոբյանի զինավառ ֆոտոսեսիան անխուսափելիորեն նաև այլ դիտարկումների առիթ է տալիս: Այո՛, նաև ակնարկված «խաղաղասիրական կոչերի» համատեքստում:

Սա ուշագրավ է այնքանով, որ Նիկոլ Փաշինյանն, օրինակ, Արցախում ոգևորիչ արձագանքներ «պոկելու» համար կարող է ելնել ու հայտարարել՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»: Իսկ հետո կարող է վերադառնալ Երևան կամ մեկնել, ենթադրենք, որևէ երկիր՝ բանակցությունների, ու ասել, թե Արցախի խնդրի լուծումը պիտի բավարարի նաև ադրբեջանական ժողովրդին (թե դա իր ինչ դարդն է, էլի) կամ կարգավորման գործընթացում ինչ-որ միկրոհեղափուխություններից խոսել: Կարող է ինչ-որ տեղ, Դուշանբեում վերելակի մեջ Ալիևի հետ բան պայմանավորվել ու այդպիսով «ջրել» Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, իսկ հետո, երբ նաև դրա հետևանքով «ոգևորված» հակառակորդը հերթական արկածախնդրությանը դիմի, նորից խոսել նույն Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, բայց այնպես, իբր ինքը՝ Փաշինյանը, մի նոր «գյուտ արեց»:

Այսինքն, նույնիսկ այն հարցերում, որոնք բազմապատիկ ավելի լուրջ վերաբերմունք են պահանջում, Փաշինյանը դրսևորում է իր արկածախնդիր ու անպատասխանատու պահվածքը, հակասական մոտեցումները:

Տիկին Աննա Հակոբյանը ավելի հեռու չի «գնացել»: Իրավիճակում, երբ սահմանի վրա ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, մեկ էլ հայտնվում է Աննա Հակոբյանի խաղաղասիրական կոչը՝ ծաղկեփնջով... Դա այնքան անպատեհ էր կոնկրետ իրավիճակում, որ «խաղաղություն մուրալու» տպավորություն էր թողնում:

Շատերն են հիշում փամփուշտները զարդերի «կոնվերտացնելու» մասին Աննա Հակոբյանի մեկ այլ «խաղաղասիրական կոչը»: Չգիտեմ, երևի փամփուշտներից այն զարդերը չստացվեցին (չնայած առաջնագծի դիրքապահ տղերքը կրակված փամփուշտների պարկուճներից «վերնիսաժային արվեստի» տպավորիչ նմուշներ են ստանում): Եվ հո՛պ, հիմա էլ «խաղաղասիրության» ֆոլդերը փակեցինք, բացեցինք «պատերազմակա՞նը»:

Հետաքրքիր է, լուսանկարում պատկերված ԱԿ ինքնաձիգը ի՞նչ զարդերով էր լիցքավորված: Թե՞, այնուամենայնիվ, փամփուշտներ էին պահունակում...

Իսկ ընդհանուր առմամբ, նման կտրուկ հակասականությունը ոչ մեկին պատիվ չի բերում, առավել ևս՝ քաղաքականության մեջ գտնվողներին, է՛լ ավելի՝ իշխանության ղեկի մոտ հայտնվածներին, էլ չասած այն մասին, որ կողքից բավականին ծիծաղելի է նայվում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը