Մեկնաբանություն

02.09.2020 19:25


Պետական մտածողություն VS պատեհականություն. համեմատության եզրեր չկան

Պետական մտածողություն VS պատեհականություն. համեմատության եզրեր չկան

Ռուսական ՌԲԿ-ն հեռարձակեց Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը: Չնայած նախապես հակված չենք համեմատություններ անելու, բայց ընդամենը մեկ ամիս ու մի քանի օր առաջ էլ նույն ռուսական լրատվամիջոցը նույն լրագրողի մասնակցությամբ ծավալուն հարցազրույց էր արել ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչ-որ տեղ նաև այդ երկու հարցազրույցների միջև եղած կարճ ժամանակամիջոցը ակամայից շատերին մղում է համեմատություններ անելու:

Բայց դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, այնքան որ ակնհայտ ու ահռելի է երկու գործիչների տարբերությունը: Ինչպես ասում են՝ սարերի ու ձորերի տարբերություն:

Հարցն այն չէ միայն, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսերեն այնքան վարժ ու հստակ է արտահայտվում, որ նույնիսկ ռուսաստանցի քաղաքական գործիչները կարող են օրինակ վերցնել: Իսկ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, «կաղ» ռուսերենով է արտահայտվում, որքան էլ որ վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում որոշակի առաջընթաց ունեցել է այդ առումով, ինչը, թերևս ինտենսիվ պարապմունքների արդյունք է: Բայց ռուսերեն լավ կամ վատ իմանալու, ըստ իս՝ զուտ քաղքենիական տպավորություն թողնող համեմատությունները շրջանցենք՝ դա թողնելով այդ «զբաղմունքի» սիրահարներին, որպիսիք ևս քիչ չեն:

Ի վերջո, եթե որևէ պետական գործիչ չի տիրապետում այս կամ այն օտար լեզվին, ոչ մեկը նրան չի ստիպում այդ լեզվով հարցազրույց տալ: Խոսքն այս պարագայում Նիկոլ Փաշինյանի մասին է առավելապես, քանզի անցած մեկ ամսվա ընթացքում առիթ եղավ համոզվելու, որ Հայաստանը ներկայացնող վարչապետը գրեթե նույնքան է տիրապետում ռուսերենին, որքան անգլերենին: Կարող էր և պարզապես հայերեն պատասխանել՝ համաժամանակյա թարգմանությամբ: Թեև հայերենն էլ Փաշինյանի մոտ չի փայլում:

Կարևոր է, թե ինչ և ինչպես են պատասխանում, ի վերջո: Բովանդակությունը, այսինքն: Եվ այստեղ պետք է նկատել, որ Հայաստանի նախկին ու, հանգամանքների բերումով՝ այժմյան ղեկավարների խոսքի, ասելիքի միջև համեմատության եզրեր չկան: Ի վերջո, ինչպե՞ս համեմատես Ռոբերտ Քոչարյանի հավասարակշիռ, յուրաքանչյուր արտահայտություն ծանրութեթև արած, պետական մտածողություն արտացոլող պատասխանները Նիկոլ Փաշինյանի դիպվածային բռնկումների, անհասկանալի ռևերանսների, դիմացինին կամ նրա միջոցով ռուսաստանյան լսարանին սիրաշահելու, պատեհականության հետ: Նույնիսկ կոռեկտ չէ, կներեք:

Շատ ավելի հետաքրքրական է, ի դեպ, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը ՌԲԿ-ն հեռարձակեց հենց սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության հռչակման օրը: Դա, ինչ խոսք, չի կարող պատահականություն լիներ և պատահականություն չէ, իհարկե: Մի կողմից դա յուրօրինակ հարգալից ժեստ էր նաև Ռոբերտ Քոչարյանին՝ նկատի ունենալով նրա վաստակը որպես ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, ապա՝ Արցախի ընտրված նախագահ:

Հարցազրույցը, բնականաբար, շատերը դիտել են կամ դեռ կհասցնեն դիտել, և բովանդակությունը վերաշարադրելն ավելորդ է:

Մեկ այլ հանգամանք է, սակայն, խիստ ուշագրավ: Ընդամենը մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Հայաստանի գործող իշխանությանը հաջողվեց ռուսական որևէ լրատվամիջոցի հարցազրույց տալ և ասելիք փոխանցել, նույն լրատվամիջոցը հարցազրույց է վերցնում նախագահ Ռոբերտ Քոչարյանից: Բնական է, որ հարցազրույցի ընթացքում ՌԲԿ-ի լրագրողը զուգահեռներ է տանում իր վարած նախորդ հարցազրույցի հետ, մեջբերում Նիկոլ Փաշինյանի պատասխանը այս կամ այն խնդրի վերաբերյալ՝ ինքնին առիթ տալով հեմեմատել նույն խնդրի վրա պետության նախկին ղեկավարի ու ներկայիս վերչապետի մոտեցումները: Սակայն դա դեռ մի կողմ:

Հետաքրքրականը այն տպավորությունն է, որ Ռուսաստանում կարծես դիտարկում են Հայաստանի քաղաքական դաշտի երկու բևեռ՝ ի դեմս գործող վարչապետ Փաշինյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Հարցն այն չէ, թե Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը նշված երկու գործիչներից հատկապես ում հետ առավել գործնական ու արդյունավետ կաշխատեր: Կարծում ենք այս դեպքում պատասխանն առավել քան ակնհայտ է:

Հետաքրքրական պահն այն է, որ Հայաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումների կոնտեքստում որպես հիմնական գործող անձ և եղած իշխանության հակակշիռ դիտվում է Ռոբերտ Քոչարյանը:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը