Մեկնաբանություն

13.04.2011 18:19


Դհոլացման մեխանիկան

Դհոլացման մեխանիկան

ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը լրջորեն պետք է մտահոգվի, քանի որ Սերժ Սարգսյանի քաղաքական ընդդիմախոսներին պատասխանելու գործառույթը և ներքաղաքական վիճակը փոխելու անթույլատրելիությունը Ադրբեջանի գործոնով պայմանավորելու քարոզչությունն իրականացնում է «ընդդիմադիր» Լևոն Տեր–Պետրոսյանը, ով, փաստորեն, աչք ունի Արզումանյանի աթոռին կամ էլ ձգտում է «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցներից որևէ մեկի քաղաքական մեկնաբանը դառնալ։ Չնայած՝ Ա. Արզումանյանը, Սարգսյանի ասած, իրենց հաճախորդներին լավ է ճանաչում ու հեչ էլ չի մտահոգվի։

Ինչպես հայտնի է, իշխանական կայունության պահպանմանն ուղղված այնպիսի քարոզ, ինչպիսին այսօր անում է Տեր–Պետրոսյանը, մի ժամանակ անում էին իշխանական լրագրողներն ու Գեղամյանը, իսկ հիմա այդ գործը, փաստորեն, վստահվել է ՀՀ առաջին նախագահին  կամ էլ վերջինս կամովին է ստանձնել այդ դերը, բայց դրանից երևույթի էությունը չի փոխվում։ Ի՞նչ ասեմ. կոպիտ դար է, կոպիտ բարքեր...

Թե որքանո՞վ կհաջողվի Տեր–Պետրոսյանի պայքարն Արզումանյանի աթոռի համար՝ դժվար է կանխատեսել։ Ամեն ինչ պարզ կդառնա ապրիլի 28–ի հանրահավաքում։ Բայց նկատենք, որ եթե նույնիսկ Ս. Սարգսյանի խոսնակի պաշտոնը ՀԱԿ առաջնորդին չհաջողվի «դե յուրե» վերցնել, ապա նրան հաստատ արդեն հաջողվել է «դե ֆակտո» խլել «Ազգային միաբանություն» անունը կրող կուսակցության առաջնորդի ժողգործիքային դափնիները, իսկ դա, համաձայնեք, արդեն իսկ ձեռքբերում է «Եղիազար Այնթապցին ու էջմիածնական միաբանները» օպերացիան կյանքի կոչելու գործում։

Իսկ այն, որ Տեր–Պետրոսյանը Գեղամյանի, պատկերավոր ասած, հացին է վայիս լինում, արդեն ակնհայտ է։

Դատե՛ք ինքներդ. ապրիլի 8–ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդը հիմնականում խոսում էր նրանց դեմ, ովքեր չեն ընդունում այս վարչակարգի վարած քաղաքականությունը, մարդկանց վախեցնում էր Ադրբեջանի հարձակմամբ, «մոռացել» էր Սերժ Սարգսյանին և այլն, և այլն, և այլն։ Այսինքն՝ Տեր–Պետրոսյանն իրեն պահում էր ճիշտ այնպես, ինչպես Արտաշես Գեղամյանը՝ 2008–ին։ Այսինքն՝ Լենին պապին (կներեք՝ Լևոն պապին) այժմ Գեղամյանին կրկնում է բոլոր առումներով և հիմա ոչ միայն պետք է Արթուր Բաղդասարյանից ներեղություն խնդրի, ինչպես ճիշտ նկատել է Ռուբեն Հակոբյանը, այլ նաև «Ազգային միաբանության» առաջնորդից, որ նրանց ախք ու դհոլ է անվանել։ Հարցն այն չէ, որ այդ գործիչներն արժանի չեն նման որակումների։ Արժանի են։ Բայց հարցն այն է, որ նրանց որակում տվողը նախ պետք է իր այսօրվա արածները համեմատի Բաղդասարյանի ու Գեղամյանի արածների հետ ու հետո նոր միայն  խոսի։

Եվ ուրեմն՝ պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վերջ...

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը