Հարցազրույց

13.04.2011 18:01


Արամ Հարությունյան

Արամ Հարությունյան

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

–Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը։

–Կոալիցիոն հուշագրի ստորագրումից ու ՀԱԿ–«Ժառանգություն» հակամարտությունից հետո, բնկանաբար, իրավիճակը փոխվել է, և այսօր հստակ երևում, որ Լևոն Տեր–Պետրոսյանը իշխանություններից խնդրում է, որպեսզի իրեն օգնեն ընդդիմության մեջ իր դիրքերը գոնե պահպանելու առումով, որովհետև հաստատ կորցնում է, և հստակ երևաց, որ Լևոն Տեր–Պետրոսյանի պահանջները 15–ից դարձան 3–ը։ Ավելի կոնկրետ. ըստ էության՝ Լևոն Տեր–Պետրոսյանը իշխանություններից մինչև մարտի 17–ի հանրահավաքը խնդրել էր, որ ազատեն Ազատության հրապարակը Րաֆֆի Հովհաննիսյանից։

Ինչ վերաբերում է 3 պահանջներին՝ Ազատության հրապարակի կապակցությամբ հստակ է, որ այն արդեն բաց էր և հիմա էլ է բաց, որովհետև կարևոր չէ, թե հանրահավաքը որտեղ է սկսվում, համենայնդեպս՝ գնում են Ազատության հրապարակ։ Մյուս պահանջի՝ քաղբանտարկյալների ազատարձակման վերաբերյալ կարող եմ ասել, որ Լևոն Տեր–Պետրոսյանը Սերժ Սարգսյանին խնդրում է՝ ասելով, որ թեկուզ նա համարում է, որ ազատազրկվածները հանցագործներ են, դա կարևոր չէ, կարևորը այն է, որ նրանք ազատ արձակվեն։ Ըստ էության՝ նա դավաճանում է ազատազրկված տղաներին, որովհետև եթե իրենք համարում են, որ նրանք քաղբանտարկյալ են, ապա քաղբանտարկյալի հետ կապված երբեք չեն ասում՝ կարևոր չէ ձեր համոզմունքը, դուք միայն ազատեք։ Իսկ մարտի 1–ի մեղավորների բացահայտման առումով ուղղակի ծիծաղելի է, քանի որ իշխանությունները երբևէ չեն ասել, որ իրենք չեն բացահայտի, այսինքն՝ դա ուղղակի հենց այնպես արտահայտություն է։ Այնպես որ, Լևոն Տեր–Պետրոսյանը, իր լեզվով ասած, շախմատային ցուգցվանգի մեջ է ու այսօր լուրջ խնդիր ունի իր դիրքերը ոչ միայն պահպանելու հետ կապված։

–Ուրիշ ի՞նչ խնդիր նա ունի։

–Նաև իր թիմում խնդիրներ ունի, որովհետև ի վերջո Լևոն Տեր–Պետրոսյանի կարգավիճակը Ազգային ժողովում հստակեցված չէ։ Եվ իմ կարծիքով՝ իշխանությունների հետ հիմնական առևտուրը կայանում է նրանում, թե ինչ կարգավիճակ պետք է ունենա Լևոն Տեր–Պետրոսյանը Ազգային ժողովում, որովհետև հասկանալի է, որ նա որպես սովորական պատգամավոր չի գնա, նույնիսկ խմբակցության ղեկավար չի գնա։ Այստեղ հարց է առաջանում, թե իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, կհամաձայնե՞ն իշխանությունը կիսել կամ ինչ–որ մաս հատկացնել Լևոն Տեր–Պետրոսյանին։ Ասեմ՝ այս ամենից երևաց, որ այսօր քաղաքական դաշտում լուրջ ուժերի միավորման անհրաժեշտություն կա, այսինքն՝ այն ուժերի, որոնք, համենայնդեպս, սկզբունքային են եղել։ Շատ կարևոր է, որ արդեն բացահայտվեցին կեղծ ընդդիմադիրները։

–Ի՞նչ եք կարծում՝ Լևոն Տեր–Պետրոսյանը գնում է արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրությունների։

–Ես դեռևս մեկ տարի առաջ եմ ասել, որ հերթական են լինելու ընտրությունները, և Լևոն Տեր–Պետրոսյանն իր թիմով պետք է պատասխան տա, թե ինչո՞ւ էր երեք տարի խաբում ժողովրդին՝ ասելով, թե շուտով լինելու են արտահերթ ընտրություններ՝ շատ քիչ է մնացել։ Նաև եթե ուշադիր ենք նայում, Լևոն Տեր–Պետրոսյանի լեքսիկոնից բացակայում են «ավազակապետություն» և նման բառերը։ Ակնհայտ է, որ այսօր նա լինելով ցուգցվանգի մեջ՝ հասկանում է, որ չի կարող արդարանալ իր թիմի առաջ, թե ինչու այդպես ստացվեց, որովհետև այնտեղ կան մարդիկ, որոնք մեծ հավակնություններ ունեն, ովքեր հավատացել են, որ Լևոն Տեր–Պետրոսյանը 2008–ին գալու է իշխանության, մի մասը աթոռն են թողել (նկատի ունեմ հենց նույն Ջհանգիրյանին ու շատ շատերին), նրանք պահանջատեր են Լևոն Տեր–Պետրոսյանից, ով ոչ միայն ժողովրդին պատասխան տալու խնդիր ունի, այլ նաև հենց այդ մարդկանց։

–2008թ–ին Արտաշես Գեղամյանը հայտարարել էր, թե չի ցանկանում ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին և այդ պատճառով  պաշտպանում էր իշխանության թեկնածուին ու «երկխոսում» վերջինիս հետ, ինչն էլ արժանացել էր Լևոն Տեր–Պետրոսյանի ու նրա թիմակիցների սուր քննադատությանը։ Իսկ այժմ Լևոն Տեր–Պետրոսյանը բառացի կրկնում է Գեղամյանի հայտարարածը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

–Մինչև մարտի 1–ը ես Պրեսկոտին էլ եմ ասել, որ Լևոն Տեր–Պետրոսյանը տանում է զոհերի, և իր ամբողջ քարոզարշավը իրավիճակը սրելու նպատակ ուներ։ Մարտի 1–ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն Լևոն Տեր–Պետրոսյանն էր։ Այն մտքերը, որոնք նա ասում է՝ կապված Ադրբեջանի հետ, լավ կլիներ, որ ինքը այն ժամանակ մտածեր, քանի որ ըստ էության այն ժամանակ ինքն էր Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնում։ Այսօր երկրի ներսում մենք կարող ենք մեր հարցերը լուծել այնպես, որ նման խնդիրներ չառաջանան, ուղղակի պետք է տարբերել կեղծ ընդդիմադիրներին իրական ընդդիմադիրներից։

–Որո՞նք են ձեր հետագա  ծրագրերն ու անելիքները։

–Հիմնական ծրագրերը կապված են քաղաքական դաշտում նոր ուժի ձևավորման նպաստման հետ։ Այսօր մեր քաղաքական դաշտում կան իշխանություն, կեղծ ընդդիմություն և այն ուժերը, որոնք ուզում են, որ մեր երկիրը զարգանա, որոնք անկեղծ են իրենց տեսակետներում, պետք է համախմբվեն, ու մեր հիմնական խնդիրը այն է, որ նպաստենք այդ ուժի կայացմանը։

Հարցազրույցը վարեց Հայկ Ալեքսանյանը

Այս խորագրի վերջին նյութերը