Կարծիք

13.04.2011 16:56


Ի՞նչ է ուզում Կոնգրեսը

Ի՞նչ է ուզում Կոնգրեսը

Ֆրոյդն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ են ուզում կանայք: Կարծում եմ՝ որևէ տղամարդ չի կարող ասել, թե ի՞նչ է ուզում կինը: Իսկ Հայ ազգային կոնգրեսի դեպքում ամեն ինչ շատ ավելի պարզ է:

Լևոն Տեր-Պետրոսյանի ապրիլի 8-ի ելույթը, Կոնգրեսի ղեկավար մարմնի անդամների հարցազրույցները, ելույթները մեզ հուշում են, որ նրանք ուզում են խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Իսկ եթե մինչև վերջ անկեղծ լինենք, ապա ուզում են պատգամավորական մի քանի մանդատ, և որ վարչապետի նշանակումը համաձայնեցված լինի իրենց հետ: Եթե մի փոքր ուշադիր լինենք, ապա կարող ենք ասել, որ Կոնգրեսը կողմ է նաև հերթական ընտրություններին, բայց մտավախություն ունի, թե մոտ մեկ տարի չի կարող վերահսկել և ուղղորդել ընդդիմադիր ընտրազանգվածի գոնե մի մասին:

Կոնգրեսում սկսել են հասկանալ, որ կորցնում են իրենց համակիրներին և կողմնակիցներին: Նույնիսկ Կոնգրեսի որոշ երդվյալ նվիրյալներ ապրիլի 8-ի հանրահավաքից հետո սկսել են այլ հայացքով նայել տեղի ունեցող իրադարձություններին:

Անկասկած, դեռ շարքերում է Լևոն Տեր-Պետրոսյանի և Կոնգրեսի ֆանատների մի մեծ խումբ, բայց նրանց համար էլ ամեն ինչ պարզ կլինի ապրիլի 28-ից հետո:

Սոցիալական ցանցերից մեկում մի ազնիվ երիտասարդ, ով դեռ հավատում է, թե Լևոն Տեր-Պետրոսյանն իր առջև խնդիր է դրել օր առաջ պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին և նրա վարչախմբին, ապրիլի 8-ի հանրահավաքից հետո գրել էր. «1918 մայիս-Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա.... 1992 մայիս-Շուշի.... 2011 մայիս-Երևան…»։ Դժվար չէ նկատել, թե ինչ ակնկալիք ունի այս երիտասարդը, և դժվար չէ պատկերացնել, թե ինչ է հասկանալու նա ընդամենը մեկ ամիս հետո:

Առաջին հայացքից վարչախմբի համար ոչինչ չի ներկայացնում կատարել Կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջները` ազատ արձակել քաղբանտարկյալներին, թույլատրել հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում և տալ մարտի 1-ի ոճրագործության բացահայտման հավաստիացում: Բայց քաջածանոթ լինելով վարչախմբին՝ կարելի է կռահել, որ ինչ-ինչ սկզբունքներից ելնելով՝ պահանջներից գոնե մեկը կամ երկուսը մինչև ապրիլի 28-ը չեն կատարվի:

Իր ելույթում Տեր-Պետրոսյանը նշեց, որ եթե մինչև նշված ժամկետը երեք պահանջները չկատարվեն, ապա Հայ ազգային կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ «Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»,–շեշտել է Կոնգրեսի առաջնորդը։

Իսկ մարտավարության կտրուկ փոփոխության դեպքում ի՞նչ է անելու Կոնգրեսը: Վստահ եմ՝ փորձելու է անել այն, ինչ արել է մինչ օրս: Չմոռանանք, որ նույն հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի քան պարզ ասել է. «Պայմանավորվեցինք նաև, որ մենք իրադարձությունները չենք փութացնելու, գործելու ենք Սահմանադրության ու օրենքների շրջանակում, և մեր պահանջների իրականացմանը հասնելու ենք քայլ առ քայլ, սահուն ընթացքով՝ երկիրը զերծ պահելով սոցիալական ընդվզումներից ու քաղաքական ցնցումներից՝ ոչ ամենևին պայքարի հեղափոխական մեթոդների օրինականությունը մերժելու, այլ բացառապես Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգը չմեծացնելու նկատառումով։ Եթե ինչ-որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում այս մտավախությանը, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը վայրկյան անգամ չի հապաղելու օգտվել Հայաստանում ծագած որևէ լուրջ խառնակությունից»: Այստեղ իսկապես մեկնաբանություններն ավելորդ են: Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի քան հստակ ասել է, թե ինչպես է պատկերացնում «պայքարի» հետագա ընթացքը: Եվ ո՞վ կարող է ասել, թե քայլ առ քայլ և սահուն ընթացքը չի նախատեսվում բավարարել մի քանի պատգամավորական մանդատով:

Հիմա կոնգրեսականները սկսել են խոսել արտահերթ ընտրություններից, բայց որ ամենակարևորն է՝ չեն էլ շեշտում՝ խոսքը նախագահի՞, թե՞ խորհրդարանի ընտրության մասին է: Բայց դժվար չէ կռահել, որ խոսքը բացառապես խորհրդարանի ընտրության մասին է՝ չնայած Հարավային Կովկասի հարցերով Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի և նույն երկրի դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ հանդիպման ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է նաև նախագահի արտահերթ ընտրության անհրաժեշտության մասին: Այսուհանդերձ, ակնհայտ է, որ հասկանալի պատճառներով Կոնգրեսը երազում է արտահերթ ընտրությունների մասին: Երազում է, քանի որ հասկանում է, որ գնալով կորցնում է իր կողմնակիցներին:

Ինչքան էլ Կոնգրեսի քարոզիչները գրեն, թե որևէ ընդդիմադիր ուժի չի հաջողվում համախմբել 100 հազ. մարդու, այսուհանդերձ, բոլորի համար էլ ակնհայտ է, որ քաղաքական իրավիճակը փոխվում է, այն էլ՝ մեծ արագությամբ, և շատ շուտով ի հայտ է գալու քաղաքական նոր, բոլորովին նոր որակի ուժ, որն էլ կարողանալու է համախմբել ընդդիմադիր գրեթե ամբողջ դաշտը:

Իսկ ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա վարչախմբի վերջին ներկայացուցիչների հայտարարությունները մեկ անգամ ևս ապացուցում են, որ նրանք առայժմ արտահերթ ընտրությունների նպատակ չունեն: Եվ, վերջին հաշվով, նույնիսկ կոնգրեսականները չեն կարողանում հստակ պատասխանել հարցին, թե ի՞նչ տարբերություն արտահերթ և հերթական խորհրդարանական ընտրությունների միջև, երբ այդ ընտրություններն անցկացնելու է նույն վարչախումբը, իսկ Տեր–Պետրոսյանն էլ լարվածության չի գնալու, որպեսզի Ադրբեջանին չգրգռի:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը