Լրահոս

01.09.2020 13:24


Արմավիրում անհայտ ծագման ալկոհոլի թունավորումից 11 մահվան դեպք է արձանագրվել

Արմավիրում անհայտ ծագման ալկոհոլի թունավորումից 11 մահվան դեպք է արձանագրվել

Արմավիրում անհայտ ծագման ալկոհոլի թունավորումից 11 մահվան դեպք է արձանագրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով թունավորման կասկածով` «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ, Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել 10 անձ: Ցավոք, կան մահվան դեպքեր: 3-ը մահացել են հենց Արմավիրի հիվանդանոցում: 4-ին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս մահացել են, 1 պացիենտի` «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

Արմավիրի բժշկական կենտրոնից «Արմենիա» ՀԲԿ տեղափոխված 2 տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, կատարվում են անհրաժեշտ բուժական միջոցառումները: Արմավիրի մարզի 1 բնակիչ նույն ախտանշաններով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս գրվել:

Բացի այդ, 4 քաղաքացի Երևանից են դիմել «Արմենիա» ՀԲԿ, կրկին նույն ախտանշաններով, որոնք ևս մահացել են:
Փաստացի, այս պահի դրությամբ ունենք 11 մահվան դեպք` նախնական տվյալներով «ալկոհոլային ինտոքսիկացիայից»,-գրել է Նիկողոսյանը:

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը նշել է, որ թունավորման կասկածով 1 պացիենտ էլ գտնվում է Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքներում:

«Նշենք, որ տվյալները նախնական են, կատարվում են համաճարակաբանական հետազոտություններ: Արդյունքների և տուժածների առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-գրել է Նիկողոսյանը:

Իսկ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Արմավիր քաղաքի 5 բնակիչների թունավորման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020թ. օգոստոսի 31-ին «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի Լերմոնտով, Շիրազի և Բաղրամյան փողոցների 5 բնակիչ:

Պարզվել է, որ նրանք ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություններ, հայտնաբերվել և առգրավվել են ալկոհոլի հոտին նմանվող հեղուկով լցված տարաներ: Ըստ մասնակիցների հայտարարությունների` թունավորված անձինք գործածել են նշված հեղուկը:

Կատարվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը